Երբ CrossNews.am-ն ամփոփում է իր անցած ուղին


2012 թ-ի մայիսին հայկական մեդիադաշտ CrossNews.am-ը մուտք գործեց որպես առաջամարտիկ՝ դառնալով հայկական առաջին քրիստոնեական տեղեկատվավերլուծական հանգույցը:

2012 թ-ից ի վեր, անցնելով շատ վայրիվերումներով, վերելքներով ու վայրէջքներով, վստահաբար կարող ենք ասել, որ CrossNews.am-ը թողել է հետագիծ, հաստատուն, հիմնային ու կարևոր հետագիծ, և դա վկայում ենք ոչ թե մենք՝ խմբագրության աշխատակիցները, այլ մեր սիրելի ընթերցողը, ով տարիներ շարունակ մեր կողքին է եղել, իսկ նրանց թիվը փոքր չէ, միայն սոց. կայքերում մեզ հետևողների թիվն անցնում է 40.000-ը:

Այս տարիների ընթացքում CrossNews.am-ը երբեք չտառապեց ռեյտինգային մոլուցքով, երբեք չխաբեց իր ընթերցողին ինտրիգային ու նյութին չհամապատասխանող վերնագրով, երբեք չտրվեց գայթակղությանն ու չհիմնավորված նյութ չհրամցրեց իր ընթերցողին:

Մեզ համար կարևոր էր, որ մեր ընթերցողը կայքի միջոցով գտնի լույս, ոչ թե մեկ անգամ ևս բախվի խավարին, գտնի հույս, ոչ թե մեկ անգամ ևս հաստատվի իր հիասթափության մեջ, դրա համար էլ յուրաքանչյուր նյութ մինչ հրապարակվելը, ենթարկվում էր «փորձաքննության»՝ այն կլինի օգտակա՞ր, թե՞ ավելի կվնասի ընթերցողին:

Մեզ համար կարևոր էր հեռու պահել մեր ընթերցողներին մոլորություններից ու մեկ անգամ չէ, որ շատ ուղիղ հոդվածներով CrossNews.am-ը զգուշացրել է այս կամ այն խմբի ու օգտատիրոջ մոլորյալ գաղափարների մասին, այս կամ այն հրապարակումի ու նյութի ոչ ճշմարտացի լինելու մասին, թերևս, ինչի արդյունքում էլ վաստակել ենք հեղինակավոր և վստահելի աղբյուր լինելու կոչումը, ինչը և՛ ուրախացրել է, և՛ պարտավորեցրել:

Եթե ամփոփումը լինի թվերով, ապա պետք է նշենք, որ այս տարիների ընթացքում CrossNews.am-ում հրապարակվել են 16.000-ից ավել նյութեր՝ պատգամներ ու հոդվածներ, վկայություններ ու հարցազրույցներ, նորություններ ու ապոլոգետիկ նյութեր, պատմություններ ու մեդիանյութեր: Մեր խմբագրական անդրադարձները եղել են ամենացավոտ ու կնճռոտ հարցերի շուրջ, եղել են մերօրյա խնդիրների ու իրադարձությունների շուրջ, մեր հարցազրույցները եղել են ամենատարբեր անձանց հետ՝ գրող ու երաժիշտ, նկարիչ ու արհեստավոր, հովիվ ու ծառայող, պարզապես կենսուրախ մարդիկ ու ակտիվ օգտատերեր:

Մեզ ուղղված շնորհակալական նամակները հարյուրավոր են, որոնք փաստում են այն արդյունավետ աշխատանքի մասին, որ իրագործել է CrossNews.am-ը: Աստված մեր հոդվածներն օգտագործել է 20-ամյա մի երիտասարդի ապաշխարության, բաժանման եզրին գտնվող մի ընտանիքի վերականգման, ինչպես նաև պատասխանել ընթերցողին հուզող շատ ու շատ հարցերի:  Նմանատիպ վկայությունները տարիներ շարունակ ուրախացրել են մեզ՝ խմբագրության աշխատակիցներիս, ու լրացուցիչ էներգիա հաղորդել՝ շարունակելու այս աստվածահաճո աշխատանքը:

Հուսով ենք, որ CrossNews.am-ը կշարունակի իր անխափան ընթացքը նաև 2019-ին ու հետագա բոլոր տարիներին էլ, իսկ այսօրվա խմբագրական աշխատակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում կայքի ամեն մի ընթերցողին ու օգտատիրոջը:

Շնորհակալ ենք բոլոր խմբագիրներին, սրբագրիչներին, լրագրողներին ու կամավորներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կայքի կայացման գործում: Շնորհակալ ենք Աստծուն, որ առիթ ու հնարավորություն ունեցանք լինելու այս մեծ՝ 40.000-անոց ընտանիքի անդամը, որի անունը CrossNews.am է:

Շնորհակալ ենք, սիրելի՛ ընթերցող, որ մեզ հետ էիք:

Ուրախ Սուրբ Ծնունդ բոլորիս:

CrossNews.am