Պահեք հավատքը, որպեսզի վերցնեք Սուրբ Ծնունդի խոստմունքները

Սուրբ Ծնունդը նման է գեղեցիկ ժապավենով կապված մի խոստումի: Դա մի ժամանակ է, որ իր մեջ կրում է հույսի խոստմունքը՝ Աստված հոգ է տանում մեր մասին: Սա մի ժամանակ է, որ իր մեջ կրում է շնորհի խոստմունքը՝ մենք ունենք Փրկիչ: Սա ժամանակ է, որ խաղաղություն է խոստանում. Հիսուսը եկավ որպես Շալոմի Թագավոր: Դա ժամանակ է, որ իր մեջ կրում է ուրախության խոստմունքը. Հիսուսը բերում է բարի լուր մեծ ուրախության մասին: Հարցը նրանում է, թե ինչպես ենք մենք ընկալում այդ խոստմունքները և հավատում ենք արդյոք, որ դրանք մինչև այսօր էլ արդիական են:

Այս շաբաթ ես կարդում էի Զաքարիայի պատմությունը (Ղուկաս 1.5-25, 1.57-66) և խորհում դրա շուրջ: Նա և իր կին Եղիսաբեթը տարիներ շարունակ աղոթում էին՝ Տիրոջից զավակ խնդրելով: Անպտղությունը ամենատխուր իրավիճակներից է, որին զույգը կարող է հանդիպել: Սա բերում է հիասթափության և տպավորություն է ստեղծվում, ասես Աստված չի լսում ձեր աղոթքները:  

Դուք հիշո՞ւմ եք այս պատմությունը: Մեկ օր, երբ Զաքարիան տաճարում էր, հրեշտակը հայտնվում է նրան ու հռչակում, որ նրա աղոթքները լսվել են, և որ շուտով նրա կին Եղիսաբեթը որդի կծնի: Հրեշտակը խոստանում է, որ ծնվողը տղա է լինելու և որ նա ուրախություն կլինի Զաքարիայի և Եղիսաբեթի համար:

Զաքարիան, սակայն, համոզված չէր, որ կարող է վստահել հրեշտակի խոսքին: Նա հարցնում է. «Ես ի՞նչով ճանաչեմ այդ. որովհետև ես ծեր եմ, և իմ կինն իր օրերն անց է կացրել» (Ղուկաս 1.18): Ինչպիսի խորը և մարդկային տրամաբանությանը հատուկ հարց: Սա մի հարց է, որ մենք միշտ ենք տալիս.

«Տեր, ինչպե՞ս համոզված լինեմ, որ դու կապահովես ինձ ֆինանսապես»:

«Տեր, ինչպե՞ս համոզված լինեմ, որ դու ինձ հռչակել ես ներված ու ազատ»:

«Տեր, ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ ընտրված եմ, սուրբ և սիրված Քո կողմից»:

Ահա թե ինչի մասին արժե խորհել այս հարցերից հետո. հավատքը լրացնում է վստահության բացերը:

Աստված կանչում է մեզ հավատք ունենալու, որ կարողանանք հավատալ այն ամենին, ինչ Ինքը խոստացել է, անգամ եթե մենք չենք տեսնում խոստացվածը:

«Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը՝ և չերևացող բաների ապացույցն է» (Եբր. 11.1):

Եթե այս Սուրբ Ծնունդին դուք խնդիրներ ունեք Աստծո խոստմունքներին հավատալու հետ, ես կարող եմ այս երեք միջոցները առաջարկել՝ Ձեր հավատքի զորացման համար:

Գրի առեք, թե ինչ եք խնդրում աղոթքի մեջ, իսկ հետո գրի առեք պատասխանները:

Իմ կյանքում սա մեծ զորություն տվեց իմ հավատքին: Դեռևս քոլեջում ուսանելու տարիներից ես սկսեցի գրի առնել աղոթքի իմ խնդրանքները: Իսկ հետո անհամբերությամբ սպասում էի: Երբ Աստված պատասխանում էր ինձ, ես գրի էի առնում պատասխանները: Այն օրերին, երբ կասկածները խամրեցնում էին իմ հավատքը, ես վերադառնում էի շոշափելի պատասխաններին, որոնք ստացել էի Աստծուց, և չնայած այդ պահին չէի կարող Աստծուն տեսնել, ես հավատում էի, որ Նա ներկա է և պատասխանում է իմ սրտի աղաղակին:

Տոների այս օրերին փորձեք գրի առնել ձեր աղոթքների կարիքները: Խնդրեք Սուրբ Հոգուն, որ Նա հաստատ պահի ձեր սիրտը, քանի դեռ սպասում եք աղոթքի պատասխաններին: Եվ ամեն անգամ, երբ Աստված կպատասխանի, գրի առեք այն՝ նշելով ամսաթիվը: Դա կդառնա հավատքի մի յուրօրինակ ամսագիր, որը դուք կարող եք նորից ու նորից վերանայել, երբ ձեր միտքը լցվում է կասկածներով:  

Մտապահեք մի քանի խոստմունքներ Նոր Տարվա այս օրերին. Ես ու Սթիվենը՝ ամուսինս, շարունակաբար անգիր ենք սովորում Խոսքը, որովհետև կասկածները մշտապես գրոհում են մեզ, եթե ձեռքի տակ չկա Աստվածաշունչ: Ինքներդ ձեզ լավություն արեք և ձեր միտքը լցրեք Խոսքով: Աստծո Խոսքի մտապահումը՝ ձեր միտքը անվստահությունից և կասկածներից մաքրելու գիտակցական որոշում է: Սատանան միշտ փորձելու է լցնել ձեր միտքը վախով, կասկածներով ու անհավատությամբ: Բայց դուք ունեք զենք՝ Աստծո սուրը՝ Խոսքը: Տոնական այս շրջանում առանձնացրեք ժամանակ՝ ծածուկ սենյակում անցկացնելու համար և նվիրեք ձեզ Աստվածային խոստմունքների պարգևը: Փորձեք հիշել դրանցից մի քանիսը:

Փառաբանեք Աստծուն այն բանի համար, որ Նա իրականացրել է բոլոր խոստմունքները, որ տվել է ձեզ: Փառաբանությունը զորացնում է մեր հավատքը: Երբ պատվեք Աստծուն, ձեր հավատքը կաճի: Դուք չեք կարող փառաբանել Աստծուն և աննկատ մնալ: Լցրեք ձեր տունը փառաբանությամբ Սուրբծննդյան այս օրերին և վստահ եղեք՝ եթե ձեր միտքը լցված է Աստծո խոսքով, ուրեմն խոսքն էլ կբերի հավատք, իսկ հավատքն էլ «չերևացող բաների ապացույցն է»:

Բեկի Հարլինգ