Ինչպես ենք ընկալում Սուրբ Ծնունդը

Advent (1)Մի քանի տարի առաջ այս ամսին ես ու կինս մահվան խայթոց վերապրեցինք, երբ նա երկրորդ անգամ կորցրեց մեր դեռևս չծնված երեխային: Իսկ անցած տարի այս ամսին իմ վաղեմի ընկերը կանչեց ինձ ու ասաց, որ իրեն քաղցկեղ են ախտորոշել: Այս տարի էլ ահա լուրերը հագեցած են պայթյուններով ու կրակոցներով, պատերազմով ու մահով: Շուրջը խավար է, ամենուր մարդիկ կոտրված են:

Սա հակադարձվում է անիմաստ տոնական ժամանակով, որ արևմուտքը պատրաստվում է տոնել: Գովազդները սնուցում են մեր կուռքերը՝ ցույց տալով մեզ գեղեցիկ մարդկանց՝ ժպտացող դեմքերով, ովքեր վայելում են լավ կյանք ու ասում, որ մեզ ավելի շատ իրեր են պետք երջանիկ կյանքի համար:

Սուրբ Ծննդյան տոնը իրականության մասին է:

Ես միշտ մեկն եմ եղել, որ նոյեմբերի սկզբից սկսել եմ լսել բացառապես Սուրբ Ծնունդի հետ կապված երաժշտություն, մինչև ինձ ստիպել են դուրս գալ Սուրբ Ծննդյան այդ տրամադրությունից: Ասես այդ երկու ամիսների ընթացքում ես մոռանում էի ամեն տեսակ հոգսեր ու ցավեր իմ շուրջը ու ձևացնում, որ ամեն բան լավ է աշխարհում:

Ես չեմ ցանկանում շատ վատատես լինել, բայց այդ ամենը մի փոքր դատարկ է: Թվում է, թե մենք երջանկություն ու հույս ենք փնտրում մի վայրում, որտեղ երբեք էլ չպետք է դրանք լինեն՝ փայլերի ու կեղծ ժպիտների մեջ: Դրանք գողացել են այս սեզոնից ողջ գեղեցկությունն ու իմաստը, որ այն ժառանգաբար ունեցել է. ոչ թե մի ավանդույթ, որտեղ ամեն բան կատարյալ է ներկայացված, այլ իրական հույս, որ հետևյալն է ասում. չնայած աշխարհում ամեն բան կորստի է գնում, Տիրոջն ապավինողների և սպասողների համար մի օր ամեն բան կփոխվի՝ Նրա վերադարձով:

Սա է Սուրբ Ծնունդի հույսը: Մենք չպետք է ժխտենք այն փաստը, որ մենք քաոսի մեջ ենք ապրում, բայց կարող ենք տոնել այն, որ ունենք Աստված, Ով վեր է ամեն քաոսից ու խառնաշփոթից, Գերագույն է ու Իմաստուն:

Նա վերահսկում է ամեն բան:

Մենք ունենք Հայտնություն 21.3-6-ի հույսը, որտեղ Աստծո ձայնը խոսում է Հովհաննես առաքյալի հետ այն փառքի մասին, որ սպասվում է մեզ.

«Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. ահա Աստծո խորանը մարդկանց հետ, և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրան ժողովուրդ, և ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված։ Եվ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից, և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, և ոչ աղաղակ, և ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան։ Եվ աթոռի վրա նստողն ասաց. ահա ամեն բան նոր եմ անում. և ասաց ինձ. գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ և հավատարիմ են։ Եվ ինձ ասաց. եղավ, ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Վերջը, ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրից»:

Աստված մեզ զարմանահրաշ խոստում է տվել, որն այսպես է վերջանում. «Ես Եմ՝ որ Եմ և Ես անում եմ այն, ինչ ասել եմ, որ անելու եմ: Եվ ոչ մի բան չի կարող կանգնել Իմ ճանապարհին ու կանգնեցնել Ինձ»:

Այս խոսքերը այն խոսքերն են, որ սոսնձի պես պահում են հավատացյալներին միասին, երբ ոչինչ իրենց շուրջը լավ բան չի խոստանում: Կորուստների ու քաղցկեղի, աշխատանքային անհաջողությունների ու ահաբեկչական հարձակումների մեջ, միևնույնն է, Աստված պահում է Իր խոստումները: Երբ Նա ասում է, որ մի բան անելու է, ուրեմն անպայման կանի:

Սուրբ Ծնունդը Նրա խոստման մասին է:

Առաջին Սուրբ Ծնունդը կեղծ ժպիտներով լի չէր: Այն մահի ու խավարի դեմ պատերազմի քայլ էր՝ ծրագրված Աստծո կողմից դեռևս աշխարհի ստեղծումից առաջ:

Հիսուսը եկավ՝ մեզ գնելու մահից, որ մենք վաստակել էինք, տալու շնորհ՝ մոխրի փոխարեն, որին մենք արժանի էինք:

Սուրբ Ծնունդը մեզ հիշեցնելու համար է, որ նույն Աստված, Ով խոստացել է, որ գալու է, մեկ օր անպայման կգա: Նա կվերադառնա՝ սփռելու Իր փառքի կատարյալ լույսը մեզ վրա հավիտյան:

Նա չի գալու՝ ինչպես մանուկ մսուրի մեջ, այլ որպես հաղթանակ տարած Արքա, Ով մահն ու խավարը դրել է Իր ոտքերի տակ և թույլ կտա, որ Իր հաղթանակը կիսենք հավիտենության մեջ:

Սուրբ Ծնունդը իրական հույս է, ամենաիրական ուրախությունը՝ խորը վշտի մեջ: Դա գեղեցկությունն է, որ մենք տեսնում ենք արցունքների միջից:

Մենք սպասում ենք՝ երբեմն ցավերով լի, բայց մեր օգնությունը ճանապարհին է: Եվ այսպես, մենք միանում ենք Սուրբ Ծնունդի երգին: Երգ, որը Հովհաննեսը Հայտնության իր վերջին խոսքերում գրում է. «Ե՛կ, Տե՛ր Հիսուս»:

Մեր Աստված, Ով պահում է Իր խոստումները, անշուշտ, կպահի այս մեկը նույնպես:

Սթեֆեն Միլլեր