Սուրբ Ծնունդ. դուրս արեք ամբոխին, որ Հոբելյարը ներս մտնի

ggggg7Այսօր աշխարհը Սուրբ Ծննդյան տոնակատարությունները վերածել է ծաղրանքի՝ մոռանալով, թե ինչ է իրականում նշանակում Սուրբ Ծնունդ: Մենք՝ քրիստոնյաներս, վատ ենք զգում, քննադատում ենք, վիրավորվում այս փաստից, սակայն սա նոր երևույթ չէ աշխարհում: Մաթևոս 9.24-ում գրված է, որ Հիսուսին ծաղրում էին, երբ Նա մահացած աղջկա մասին ասում է, որ երեխան ընդամենը քնած է, այլ ոչ մահացած:

Երևույթը եղել է և կա… սակայն հետաքրքիրն այն է, թե ովքեր էին ծաղրողները: Գրված է անմիջապես հաջորդ խոսքում, որ ծաղրողն ամբոխն էր, որին դուրս անելուց անմիջապես հետո Հիսուսը հրաշք է անում՝ բժշկում է մահացած աղջկան:

Ամբոխ… Այսօր աշխարհը հենց այդ նույն ամբոխն է, ով խնջույք է անում առանց Հոբելյարի, և Հիսուսը՝ Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր Անձը, ներս չի մտնի, Նրա ներկայությունը չի գա, քանի դեռ ամբոխն է առաջնորդում տոնակատարությունը:

Գրված է՝ «Եվ երբ որ ամբոխը դուրս արվեցավ, ինքը ներս մտավ, նրա ձեռքիցը բռնեց, և աղջիկը վեր կացավ» (Մաթևոս 9.25):

Աստված յուրաքանչյուրիս յուրահատուկ է արարել, Աստված մեզ տվել է Քրիստոսի միտքը, Աստված մեզ նայում է որպես անհատների: Եվ երբ մենք, քրիստոնյա կոչվելով, սկսում ենք մտածել ու գործել ամբոխի պես ու ամբոխի նման, ինքներս դառնում ենք այդ ծաղրանքի մասնիկը, ինքներս մեզ պատվական անոթներից վերածում ենք անարգության անոթների:

Միևնույնն է, Աստված չի ծաղրվում, Նա փառահեղ է, ու միշտ այդպես կլինի: Պարզապես ինքներս դառնալով ամբոխ՝ թույլ չենք տալիս Նրան ներս մտնել մեր կյանք:

Աստված ամբոխի Աստված չէ: Եթե դու ամբոխ ես, ուրեմն պետք է դուրս նետվես, որ փառահեղ Աստված մուտք գործի ու հրաշք անի, որին դու ո´չ ներկա, ո´չ էլ մասնակից կլինես:

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը, Նա չբարկացավ ու չքննադատեց ամբոխին, Նա պարզապես սպասեց, որ ամբոխը դուրս արվեր, և հետո Իր գործն արեց: Կենդանացնելով աղջկան՝ Նա դուրս չեկավ ու ասաց. «Տեսա՞ք էն ամբոխին, որ ինձ չէր հավատում, որ Իմ խոսքը ծաղրում էր»: Ո´չ, Նա Ինքը մեծագույն Անհատն է, Նա շարունակեց իր գործն անել՝ բժշկել, փրկել, օգնել, հրաշք անել, բարձրացնել ու մխիթարել… ո՞ւմ՝ անհատներին:

Ո՞վ ես դու՝ ամբո՞խ, թե՞ անհատ: Եթե անհատ ես, ուրեմն Սուրբ Ծննդյան օրը դու հոբելյարի հետ կլինես, հենց քո անհատականությունն էլ Նա կընդունի որպես լավագույն նվեր ու Ի´նքը նվեր կանի քեզ քո հրաշքը՝ պատրաստված հատուկ քեզ համար, տոնական ընթրիք կանի քեզ հետ, հարություն կտա քո մեռած երազանքներին, կբռնի քո ձեռքից ու կասի. «Ապրի´ր»:

                                                                                                                                        Գոհար Ավագյան