Սուրբ Ծննդյան գիշերը

Սուրբ Ծննդյան գիշերըՍովորական գիշեր է, արտասովոր ոչինչ չկա: Ամենուր լռություն է: Սիմոնը, որ մի հաղթանդամ երիտասարդ է, պառկել է խոտերին և դիտում է աստղազարդ երկինքը, բայց նրա մտքում իր ոչխարներն են: Ինքն ուզում է պապի նման լավ հովիվ լինել, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Հոգնած է: Շատ է հոգնում: Եթե այսպես շարունակվի, երկար չի դիմանա, ստիպված կլինի տուն գնալ:

Սիրտը ցավում է ամեն մի ոչխարի համար, իսկ եթե ինքը գնա, ո՞վ հոգ կտանի փոքրիկ Չարաճճիի համար: Այսպես է ինքը կոչում փոքրիկ գառնուկին, որը աշնանն է ծնվել ու փոքր–ինչ հիվանդ է, ուստի առանձին ուշադրության ու խնամքի կարիք էր զգում: Չարաճճին միաժամանակ նաև չարաճճի է. անընդհատ շեղվում է ճանապարհից, կորչում տեսադաշտից:

Դե Հրեաստանի նման երկրում հոտ պահելն այնքան էլ հեշտ չէ, այստեղ չկան այն երազելի արտավայրերը, որտեղ ոչխարները կարող են առատորեն խոտ ուտել, չէ´, որպեսզի ոչխարը կշտանա, շատ ջանք է պետք թափել: Խոտի բացակայությունն է պատճառներից մեկը, որ նույնիսկ ձմռանը իրենք ոչխարներին դաշտերն են տանում: Բարեբախտաբար Հրեաստանում, հատկապես Բեթլեհեմում, ձմեռները խստաշունչ չեն ու երկար ժամանակ հնարավոր է լինում հոտերը դաշտերում պահել: Բայց հարկավոր է շատ զգույշ լինել. այս կողմերում շատ գիշատիչներ են պատահում: Շատ են հատկապես գայլերը:

Երբեմն հովիվը ստիպված է լինում պայքարել գիշատչի դեմ՝ փրկելու ոչխարի կյանքը: Սիմոնն այդ փորձառությունն ունի. քանի՜ անգամներ է կռվել գայլի ու արջի դեմ: Ինքն այլևս դրանցից չի վախենում, միայն վախենում է, որ ամբողջ կյանքը կնվիրի իր ոչխարներին ու Չարաճճիի սիրուց կմոռանա իր միակ սիրուն՝ Աննային, և փոքրիկ աղջկան՝ Եղիսաբեթին: Հույս ունի, որ շուտով մեկ ուրիշ լավ հովիվ կգա փոխարինելու իրեն, իսկ ինքը կգնա տուն: Բայց հետո անպայման ետ կգա… Հոգնած է. ուզում է քնել ու հանգստանալ, բայց քունը չի տանում:

«Լավ,- մտածեց նա,- տեսնեմ՝ հովիվներից ո՞վ է արթուն, մի քիչ խոսենք, մինչև քունս տանի»: Հովհաննես պապն արթուն էր:

Սիմոնը մոտեցավ ծալապատիկ նստած Հովհաննես պապին. ինչպես միշտ վերջինս մտախոհ էր:

– Հովհաննես պապ, ինչի՞ մասին ես մտածում:

– Մեսիայի:

– Մեսիայի՞:

– Այո´, Մեսիայի: Մեր ժողովուրդը տառապում է օտարի լծի տակ, այսպես չի կարող շարունակվել: Տեսնես ե՞րբ Բարձրյալը կկատարի իր խոստումը, որ տվել է իր մարգարեների միջոցով: «Քանզի մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա …», -գրել է Եսային: Երբ Մեսիան՝ խոստացված Փրկիչը գա, կազատի մեզ մեր թշնամիներից ու կազատի մեզ գերությունից: Ի՜նչ երջանիկ կլինենք մենք այդ ժամանակ: Նա կհիմնի իր հավիտենական թագավորությունը:

Հովհաննես պապը սիրում էր խոսել Մեսիայի մասին, հրեաների հույսի մասին հիշելը ամեն անգամ բոցավառում էր նրա հույսի մարող պատրույգը: Սիմոնն էլ, լինելով հրեա ընտանիքի զավակ, տեղյակ էր Սուրբ գրվածքներին և Բարձրյալի խոստմանը, լսել ու սովորել էր Մեսիայի մասին պատմությունները, սակայն դրանք նրան թվում էին հեռավոր ապագայի համար ասված, նա երբևէ չէր մտածել, որ Մեսիան շուտով պետք է գար:

– Մարգարեն գրել է. «Նա պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենության հայր…»:

Մինչ Հովհաննես պապը խոսում էր, Սիմոնի աչքերը ծանրանում էին… Երազում տանն էր, Եղիսաբեթին գիրկն առած շոյում էր և սովորեցնում.

– Ապա ասա´ աբբունի…

– Աբբունի,- կրկնում էր փոքրիկը: Իսկ ինքը ժպտում էր ու համբուրում նրա թաթիկները: Հետո ուժգին ձայն լսեց:

Վեր թռավ: Կարծես ահռելի թնդյուն լիներ: Աչքերը միանգամից երկինք հառեց: Սարսափեց:

– Մի´ վախեցեք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդինը պիտի լինի: Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար փրկիչ ծնվեց, որ է Քրիստոս Տերը: Եվ այս ձեզ նշան լինի…

Սիմոնն այլևս չէր լսում հրեշտակի խոսքերը: Նա ավելի, քան շփոթված էր: Հայացքով փնտրում էր մյուս հովիվներին հասկանալու համար՝ տեսի՞լք էր տեսնում, բոլորին հասանելի իրականությո՞ւն էր դա, թե՞ պարզապես Հովհաննես պապի խոսքերի ազդեցության տակ երազ էր տեսնում: Հայացքը գտավ Հովհաննես պապին, քիչ հեռվում էր նա՝ խոնարհված ու աչքերը երկինք հառած, նրա թախծոտ աչքերը ուրախություն էին ճառագում: Միաժամանակ նա լալիս էր:

Սիմոնը տրորեց աչքերը. չէ, ամեն ինչ իրական էր:

– Փա՜ռք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն, -երգում էր հրեշտակների անհաշվելի բազմությունը: Այդքան գեղեցիկ երաժշտություն, այդքան հոգեզմայլ երգ նա երբևէ չէր լսել…

Երբ հրեշտակներն անհետացան նույնկերպ, ինչպես հայտնվել էին, հովիվները միաձայն որոշեցին գնալ ու գտնել մանուկին:

– Փրկիչը ծնվել է, փա՜ռք Բարձրյալին,- կրկնում էր Հովհաննես պապը՝ արցունքն աչքերին, առանց վարանելու և միանշանակ համոզված, որ Բարձրյալի խոստումը իրականացել է: Սիմոնին ոչինչ չէր մնում անելու, բացի նրանց միանալուց: Չնայած չէր կարողանում լիովին հասկանալ, թե ինչ է կատարվում, որոշեց հետևել մյուսներին. արկածներ սիրում էր:

Մսուրում դրված մանկիկը սովորական էր թվում, բայց հովիվները մի ներքին մղումով խոնարհվեցին նրա առջև՝ իրենց սրտերում խոստովանելով, որ նա Մեսիան է, Արքան, խոստացված Փրկիչը:

Այդ տարօրինակ ծննդյան գիշերը Սիմոնն իր ողջ կյանքում չի մոռանա: Նա հետագայում այն կկոչի Սուրբ Ծննդյան գիշեր, երբ կհասկանա, որ այդ մանուկը սովորական մեկը չէ: Հետո նա կնոջն ու աղջկան հաճախ կպատմի այդ իրադարձության մասին՝ փառք տալով Աստծուն և զմայլվելով Սուրբ Ծննդյան գիշերվա գեղեցկությամբ ու սքանչելի մանուկով, որին Հիսուս էին կոչում:

Հետո նա կիմանա, որ մանուկին որոշ ժամանակ անց Արևելքից, հավանաբար Պարսկաստանից, երկրպագելու են գնացել մոգերը: Սիմոնը գիտեր, որ մոգերը սովորական մարդիկ չէին, իմաստուններ էին, պարսկական հատուկ դասի քահանաներ: Իսկ դա միանշանակ խոսում էր մանուկի՝ Արքա լինելու մասին:

Հետագայում նա սուրբծննդյան իր պատմությանը կավելացնի տարբեր մարդկանցից լսած պատմությունները այդ զարմանալի մանուկի մասին և, իհարկե, ամեն անգամ հպարտորեն կնշի, որ ինքը և մյուս հովիվները առաջինն են իմացել նրա ծննդյան մասին: Սակայն փաստը, որ շատերը լրջությամբ չեն վերաբերվի նրա պատմությանը, կվիրավորի նրան:

Անցան տարիներ, Սիմոնն արդեն տարեց է՝ վաթսունն անց: Տարիներ շարունակ նա հետևել է մանուկին: Նա գիտի, որ մանուկը մի գեղեցիկ երիտասարդ է դարձել: Նա սպասում է, որ երիտասարդը մի օր Արքա կհռչակվի: Հովհաննես պապն արդեն մահացել է՝ հույսը սրտում, որ «մանուկը» շուտով արքա է թագադրվելու: Բայց Սիմոնին թվում է, թե երիտասարդը ամենևին էլ չի շտապում հռչակվել արքա:

Մի գեղեցիկ օր Սիմոնը տեսավ Նրան բազմության առջև կանգնած: Նա բարություն էր ճառագում:

– Ես եմ բարի հովիվը, բարի հովիվը իր կյանքը դնում է ոչխարների համար, իսկ վարձկանը…, -լսում էր նա և երկյուղածությամբ լցվում երիտասարդի հանդեպ…

Մինչ այդ պահը Սիմոնը վստահ էր, որ Սուրբ Ծննդյան գիշերը երբեք չի մոռանա, և դրա մասին կպատմի այնքան ժամանակ, քանի դեռ շնչում է: Բայց այդ ժամանակ նա զգաց, որ դեռ ամբողջությամբ չի հասկանում, թե ինչպիսի արքա է այդ երիտասարդը, և թե ինչու նրա ծննդյան ավետիսը առաջինը տրվեց իրենց՝ հովիվներին: Այդ մասին նա երկար է մտածել:

Դա նա կհասկանա միայն երեք տարի անց, երբ Հիսուսի խաչի մոտ կանգնած՝ սիրտը կճմլվի, երբ կհեկեկա երեխայի նման ու կհասկանա, որ Նա իր պատկերացրած թագավորը չէ, կհասկանա, որ Նա մեկ ուրիշ, ավելի ահավոր գերությունից է ազատելու Իսրայելը ու, ամենակարևորը, կհասկանա, թե ինչ է նշանակում՝ «Բարի հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար»: Այդ ժամանակ նա կնայի իր՝ գայլից հոշոտված ձեռքին, որը հիշեցնում է գայլի դեմ Չարաճճիի համար իր մղած պայքարը, իրեն կհամեմատի Հիսուսի հետ ու կհասկանա, թե ինչու հենց իրենց առաջինը տրվեց ավետիսը: Իսկ հետո նա ևս մեկ անգամ կխոնարհվի խաչին գամված «մանուկի» առաջ՝ հռչակելով նրան որպես իր սրտի թագավոր:

Սիմոնը վստահ է՝ աշխարհի պատմության ամենագեղեցիկ գիշերը Սուրբ Ծննդյան գիշերն է…

Խորհրդավոր գիշեր էր: Ամեն ինչ արտասովոր էր…

Անահիտ Թադևոսյան