Բաց չթողնես ամանորի՝ քո հրաշքը…

Բաց չթողնես ամանորի՝ քո հրաշքը…Զարմանալի է, բայց ամանորին յուրաքանչյուր ոք կարծես մանկանում է, փոքրանում մի տեսակ, սկսում հավատալ հրաշքների, լցվում նոր խինդով ու նոր բերկրանքով…

Ամանորը յուրաքանչյուրի սիրտը լցնում է թրթիռով: Թվում է, թե մի սովորական օր է՝ բաղկացած նույն 24 ժամից, գուցե տաք կամ ցուրտ, ձյունառատ կամ առանց ձյուն… բայց մի տեսակ կախարդանք է պարունակում իր մեջ, թաքնված մի բան, որին սպասում են բոլորը…

Զարմանալի է, բայց յուրաքանչյուր տարեմուտին սիրտդ լցվում է հավատքով, այն հավատքով, որ մյուս տարին ավելի լավն է լինելու, ավելի բարեկեցիկ, ավելի հաջողված…

Եվ որքան օրերը մոտենում են, այնքան արագանում է սրտիդ թրթիռը, այնքան ավելի ու ավելի անհամբեր ես դառնում… ու այդպես մանկացած սպասում ես… Սպասում ես ամանորի քո՛ հրաշքին…

Դժվարություններ կան ու կլինեն, բայց լսի՜ր, սիրելի՜ս, սա իրոք այն տոնն է, երբ կարելի է աչքերը փակել ու պարզապես երազել… ուստի ուշադիր եղիր, որ տոնական եռուզեռն ու զբաղվածությունը չգողանան քեզանից այն կարևոր ակնթարթները, երբ պետք է պարզապես փակել աչքերն ու տեսնել այն, ինչ հաճախ չի երևում բաց աչքերով…

Տոնական ուրախության չափանիշը ուտելիքներից կոտրատվող սեղանները չեն, այլ հոգու վեհությունն է, սրտի ու մտքի մաքրությունը և հեռվում շողացող երազանքներդ…

Բաց չթողնես ամանորի՝ քո հրաշքը…

Արմեն Նիազյան