Ինչի վրա ես կանգնած

«Ընկերոջս գումար տվեցի պարտքով, խոստացավ երկու ամսից վերադարձնել… Արդեն կես տարի է անցել, նույնիսկ զանգերիս չի պատասխանում»:

«Մի շաբաթով գործուղման գնացի: Երբ վերադարձա՝ ընկերուհիս արդեն ուրիշի հետ էր հանդիպում»:

«Գյուղապետարանում մեզ՝ ծերերիս խոստացել էին ցախով օգնել… Արդեն երկու տարի է՝ սպասում ենք: Երևի արդեն սպասելու բան էլ չկա»:

«Դրամապանակս շուկայում գողացան… հիմա ինչպե՞ս եմ ապրելու մինչև հաջորդ թոշակս»:

Հնչում են խոսքերը… թռչում՝ ինչպես ճնճղուկներ. ամեն մեկը մի կյանքի պատկեր է. այլայլված հոգիների, հրեշավոր աշխարհի: Ու մտածում ես՝ ինչո՞ւ, ախր ինչո՞ւ է այսպես:

Հիշում եմ, թե ինչպես էինք իմ տատիկի հետ սխտոր ցանում: Ես ուզում էի արագ ավարտել գործը, բայց նա դանդաղում էր: Բացատրում էր, որ եթե խորը չցանենք, ապա կցրտահարվի, իսկ եթե շատ խորը ցանենք, ուժ չի ունենա գարնանը հողից դուրս գալու ու փուչ կլինի:

Ամեն բան պետք է անել ոչ միայն ճիշտ, այլև հիմնավոր: Այն, ինչը քո հոգում չեն սերմանել բարի սերմերով, մոլախոտերով է լցվել ու աճել: Այն բոլոր լուսավորն ու բարին, որ դու չես սերմանել քո երեխաների հոգու մեջ, ուրիշներն են սերմանել աղբով՝ փողոցը… հեռուստացույցը… համակարգիչը…

Նայում ես շուրջդ՝ աղբն է ծաղկում. մարմին առնում… երգում… պարում… գողանում… անմտորեն կյանքը վատնում՝ գարեջրի շիշը ձեռքում հեռուստացույցի առաջ ընկած… Ծույլերի, քննադատների, նախանձողների խավար ամպ է կուտակվել… Կոռուպցիա, վեներական հիվանդություններ, լքված երեխաներ, հարբեցողություն… մնում է մարդկությունը իր հոգու աղբով առևտուր անի. միանգամից կհարստանա:

Դադար առ մի քանի վայրկյան. ո՞վ ես դու, ի՞նչ կա քո ներսում, բացի ծխախոտի ծուխից… բացի սեփական կարծիքից քո ես-ի մասին, իհարկե: Քանի՞ տարեկան ես՝ 20, 40, 60… Կյանքդ նո՞ր է սկսվում, թե՞ արդեն դեպի ներքև է իջնում: Ո՞ւմ հետ ես դու՝ ծույլերի ու քննադատների՞, գուցե դատարկաձեռն անխոհուն երազողների՞, հանցագործների՞ հետ ես գուցե տալիս-առնում… Ինչո՞ւ է կյանքում ամեն բան այսքան էժանագին…

Յուրաքանչյուր մարդ կանգնած է ինչ-որ հիմքի վրա: Կոչեք այդ հիմքը՝ ինչպես կուզեք. սկզբունքներ… համոզմունքներ… հավատք… Ոչ ոք չի կարող ավելի բարձր թռչել նրանից, ինչ կա իր ներսում. «Գնալդ լինի, գալդ չլինի»… «Շուտով նեղը կընկնես՝ կվերադառնաս»… դե, ինչ կա որ. բոլորն են այսպես ապրում: Այո, ապրում են. ծնված լինելով մարդ՝ ապրում են մարդուկների նման: Աստված տվել է խելք ու ուժ. իսկ մարդիկ փոխարինեցին դրանք օղու ու մի բան ծամելու հետ: Մի՛ նայիր բոլորին: Այն, թե մեծամասնությունը միշտ ճիշտ է՝ սո՛ւտ է: Մեծամասնությունը գնում է դեպի անորոշություն ու մի օր կգլորվի դժոխք: Որովհետև կանգնած է դատարկության վրա: Հոգիները՝ պատռված առագաստներ ասես լինեն: Իսկ հիմքը՝ ճահիճ է: Ի՞նչ կարող ես դնել այդ հիմքի վրա: Ինչպիսի՞ երեխաների կբարձրացնես: Անսկզբունքային մարդը նույնն է, ինչ նավակը՝ առանց թիակների ու ղեկի: Կյանքի ալիքների վրա տարուբերվում է այս ու այն կողմ, մինչև խորտակվի: Դրա համա՞ր ես դու ծնվել:

Ես էլ եմ այդպես ապրել: Աշխատանք, խմիչք, ծայրը ծայրին հասցնել, ամուսնություն… Կրթությունն էլ քեզ չի օգնի, եթե քո ոտքերը ճահճի մեջ են, եթե քո կյանքում մի սկզբունք կա. ամեն բան կարելի է, միայն թե չիմանան:

Բայց մի անգամ ես հանդիպեցի ուրիշ մարդկանց. Ուրիշ: Որոշեցի գրել նրանց մասին, թե ինչպես են նրանք ապրում: Այն մասին, որ այդ հնարամիտները չեն խմում նույնիսկ հարսանիքներին, այն մասին, թե ինչպես են նրանք պատմում Քրիստոսի մասին բանտերում հայտնված հանցագործներին… ինչպես են օգնում բազմազավակներին, ծերերին, որբևայրիներին, որբերին… Ես հետևում էի նրանց մի քանի ամիս. սկզբում վերևից, իսկ հետո… Մի անգամ հասկացա, որ իմ մեջ չկա մի քաթիլ անգամ այն լույսից, որը վառվում է նրանց մեջ: Ոչ մի կաթիլ: Հասկացա, որ ես ավելի լավը չեմ, ինչպես ինքս էի իմ մասին մտածում, այլ հակառակը՝ միլիոնավոր անգամ վատն եմ: Ուղղակի ինձ սովորեցրել էին, որ հավատացյալները սահմանափակ մտածելակերպով, «քնած» մարդիկ են, ուղղակի մասունքներ անցյալից: Եվ սովորեցրել էին, որ Աստված չկա, որովհետև Գագարինը Նրան երկնքում չէր տեսել…

Այսօր ես հաստատ գիտեմ. առանց Աստծո ամեն բան իզուր է: Թող միլիոնավոր մարդիկ համարեն իրենց բարի ու լավը. նրանք խաբում են իրենք իրենց: Չի հոսի առվակով ջուր, եթե չլինի աղբյուր: Որքան ուզում ես՝ խոսիր սիրո ու բարության մասին, բայց եթե դու չես մատնանշում Աղբյուրը դրանց, այդ խոսքերը դատարկ ձայներ կլինեն ընդամենը: Կսկսես անել ու կհոգնես, կհիասթափվես, կփախչես: Առանց իր սրտում Աստծուն ունենալու՝ Մայր Թերեզան կթողներ աղքատ հիվանդներին մահանալու արդեն երկու շաբաթ անց իր ձեռնարկած բարի գործից:

Քրիստոսն ու քո հավատքը. ահա միակ հուսալի հիմքը, որի վրա կարելի է դնել քո կյանքի օրերը, քեզ ու քո երեխաներին: Ոչ ոք, բացի Քրիստոսից, արմատախիլ չի անի մոլախոտը քո հոգուց: Չի ազատի քեզ մեղքերից ու մութ մտքերից: Չի ցրի քո գլխավերևում կուտակված խավարը: Չի լցնի քեզ սիրով: Ոչ ոք:

Ոչ ոք չի սովորեցնի քեզ իմաստություն, եթե դու չվերցնես այն Աստծուց: Ոչ ոք չի պաշտպանի քո թոռներին, եթե դու քո աղավաղված մտքերով ու գործերով չքանդես նրանց վրայից աստվածային ծածկոցը:

Նեղ ճանապարհը տանում է Հոր մոտ: Նրանով չես կարող ամբոխով վազել: Նրա վրայով գնալիս՝ չես կարող հետ նայել, որովհետև երեկվա ընկերներդ կկանչեն հետ՝ գարեջրի շիշը ցույց տալով: Նրա վրա, որքան էլ զարմանալի է, բավարար փորձություններ կան: Բայց ահա… կյանքում ուրիշ արժեք չկա էլ: Դու կամ վառվում ես, և մարդիկ, տեսնելով այդ լույսը, նույնն են ցանկանում: Կամ էլ խարդախում, ծռում ճանապարհդ բազում նման խարդախների հետ՝ ինքդ քեզ արդարացնելով ու մեղադրելով բոլորին: Երրորդ տարբերակ չկա:

Ո՞վ ես դու: Մտածիր… ու ասա այսպես.

«Տեր, ցույց տուր՝ ով եմ ես: Չեմ տեսնում: Կույր եմ: Լուսավորիր իմ մտքերն ու զգացմունքները… իմ սիրտը: Ներիր ինձ: Ներիր իմ բոլոր մեղքերը: Քրիստոսը իմ փոխարեն չարչարվեց Խաչի վրա, մահացավ իմ փոխարեն, իմ փոխարեն դժոխք իջավ ու պոկելով ինձ մահվան ճիրաններից՝ հարություն առավ: Նա իմ Փրկիչն է, իմ Տերը: Ես ուզում եմ, որ Նրա լույսը վառվի իմ ներսում: Ինչի՞ս է պետք խավարը: Տեր, ի՞նչ իմաստ ունի իմ կյանքը առանց Քեզ: Եղիր ինձ հետ… առաջնորդիր… Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն»:

Ես արդեն 20 տարի է՝ գնում եմ Տիրոջ հետևից: Մի բանի համար եմ միայն ափսոսում. երանի ավելի շուտ Նրան ճանաչեի ու հետևեի… ավելի քիչ սխալներ թույլ տված կլինեի: Երեխաներս էլ ավելի երջանիկ կմեծանային… երանի ավելի շուտ իմանայի…

Սերգեյ Միրնիյ