Չարին հաղթելու Աստվածաշնչյան մեթոդաբանությունը՝ ըստ Հռոմեացիս 12-ի

Հիսուսը գիտեր, թե որտեղից էր եկել և ուր էր գնում: Դա օգնում էր Նրան պատրաստակամությամբ խոնարհվելու, ծառայելու և անգամ Իր կյանքը դնելու մարդկանց համար: Նա հիասքանչ ձևով գիտեր, որ շուտով նստելու է Հոր աջ կողմը երկնքում: Հովհաննեսը, Վերջին ընթրիքը նկարագրելիս, բացատրում է դա՝ վստահեցնելով մեզ, որ չնայած Հիսուսը սաստիկ ձևով տրտմած էր, միևնույնն է, գիտեր այն փառքի մասին, որ սպասվում էր Իրեն:

Արդյոք մե՞նք էլ կարող ենք նույնը ասել:

Մենք չենք կարող պարտվել

Աստծո հետ մեզ համար երաշխավորված ապագայի մասին ճշմարտությունը պետք է օգնի մեզ կատարելապես անվախ լինել, անգամ եթե խոսքը մեր թշնամիներին սիրելու մասին է, սիրելու՝ մեր հաշվին:

Որոշ կրոններ մարդկանց պարտադրում են սպանել՝ հանուն իրենց հավատքի: Բայց մեզ առաջնորդողը Մեսիան է՝ մեր Փրկիչը, Ով ապրեց առանց մեղքի, ոչ մի հոգու չվիրավորեց և անգամ պատրաստ էր մահանալ Իր թշնամիների համար: Արդյոք մենք էլ, հետևելով Հիսուսին, կարո՞ղ ենք գնալ Նրա անձնազոհ սիրո հետքերով:

Ջիմ Էլիոթը խիզախ ու հստակ է խոսում այս մասին.

«Հիմար չէ նա, ով տալիս է այն, ինչ ի զորու չէ պահել, որպեսզի ձեռք բերի այն, ինչ չի կարող կորցնել»:

Մենք՝ ճշմարտապես Աստծուն հետևողներս, մեկ օր կժառանգենք փառահեղ հավիտենությունը մեր սիրող Հոր հետ: Մեր թշնամիները, սակայն, կորստյան են գնում, և մենք պատվեր ունենք՝ սիրելու և աղոթելու նրանց համար:

Մենք չպետք է թերագնահատենք աղոթքի զորությունը: Աստծո գահի առջև գալը բխում է Աստծո կամքից, և Աստված զորավոր է՝ գործելու և փրկելու այնպես, ինչպես մենք պատկերացնել անգամ չենք կարող: Մենք պատկերացնել անգամ չենք կարող, թե ինչ Աստված կանի՝ ի պատասխան մեր աղոթքների:

Ահա թե ինչ են ասում Հռոմեացիս 12.9-21 խոսքերը: Հիշեք՝ այս խրատները տրվել են աշակերտների առաջին սերնդին, ում մշտապես հալածում էին, ովքեր զրկված էին ազատությունից և սպանվում էին իրենց հավատքի համար:

Անցեք այս ցուցակով և ստուգեք ձեզ՝ թե ինչպես են ձեր գործերը:

Ինչպես հաղթել չարին՝ ըստ Հռոմեացիս 12 գլխի.

  1. Թող ձեր սերը անկեղծ լինի:
  2. Ատեք չարը:
  3. Բարուն հետևեք:
  4. Եղբայրասիրության մեջ իրար վրա գթած եղեք:
  5. Պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք:
  6. Թող ձեր խանդավառությունը և ջանքը չթուլանա, հոգով ջերմեռանդ եղեք՝ Աստծուն ձեր ծառայության մեջ:
  7. Հույսով ուրախացեք:
  8. Նեղության մեջ համբերատար եղեք:
  9. Աղոթքի մեջ հարատևեցեք:
  10. Սրբերի պիտույքներին հաղորդ եղեք, հյուրասիրության հետևեցեք:
  11. Օրհնեք ձեզ հալածողներին, օրհնեցեք և մի անիծեք:
  12. Ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լացեք:
  13. Ապրեք միմյանց հետ համաձայնության մեջ:
  14. Բարձր բաները մի խորհեք, այլ խոնարհների հետ խոնարհվեցեք:
  15. Ձեր անձերումը իմաստուն մի լինեք:
  16. Չարի տեղ չար մի հատուցանեք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցեք:
  17. Եթե կարելի է՝ որքան ձեզնից է կախված՝ ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք:
  18. Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի արեք, սիրելիներ, այլ բարկության տեղ տվեք, որովհետև գրված է. «Վրեժխնդրությունն իմն է. ես հատուցումը կտամ»,- ասում է Տերը:
  19. Արդ եթե քո թշնամին սոված է, հաց տուր նրան. և եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետև այս անելով՝ կրակի կայծեր կժողովեք նրա գլխի վրա:
  20. Մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին:

Աղբյուր՝ oneforisrael.org