Վերագտիր քո ուրախությունը՝ լավագույնը հիշելով

Անցած շաբաթ այցելեցի Սենթ Լուիս, քաղաք, որտեղ մեր ընտանիքը հաստատվել էր՝ Բոլիվիայից հեռանալուց հետո:

Երբ եկանք այստեղ, ամեն բան նոր էր մեզ համար… ու վախեցնող: Կրելով նույն հագուստը, ինչ Բոլիվիայում էինք հագնում՝ իմ 11-ամյա եղբայրը և ես (այն ժամանակ 12 տարեկան էի) գնացինք դպրոց մեր ժամանումից երկու օր անց: Մենք շատ արագ անգլերեն սովորեցինք, որովհետև այն ժամանակ՝ 1964թ-ին, իսպանախոսների համար հատուկ դասարաններ չկային: Կամ մենք կսովորեինք անգլերեն, կամ կխեղդվեինք օտար մշակույթի մեջ:

Աստված ուներ ծրագիր: Ես էլ ունեի իմը: Իմը ներառում էր երջանիկ ու առողջ կյանք Ամերիկայում՝ լիարժեք ընտանիքի հետ, որն ինձ կլցներ ուրախությամբ:

Աստծո ծրագիրն այլ էր:

Ես կորցրեցի իմ տեսողությունը, բայց Աստված տվեց ինձ խորաթափանցություն՝ տեսնելու Իր շնորհը: Ընտանիքով վերապրեցինք որդուս կորուստը: Աստված տվեց մեզ մխիթարություն, որ մենք էլ մեր հերթին կարողանայինք մխիթարել ուրիշներին:

Նեղության այս գետերով անցնելիս, սակայն, գոհությունը լցնում էր մեր սիրտը: Երբ հուսահատությունը փորձում էր ներս խուժել, լավագույնի հիշեցումները հետ էին բերում ուրախությունը:

Մի քանիսը այդ հիշեցումներից.

Իմ կուրությունը հիշեցնում է ինձ՝ բորբոքել իմ տեսիլքը ամեն օր:

Դասերը, որ սովորել եմ, հիշեցնում են ինձ, որ Աստված այսօր էլ գործում է:

Ողբերգությունները, որ կատարվել են իմ կյանքում, հիշեցնում են ինձ, որ Աստված արդեն հաղթել է:

Ուրիշների սխալները, որ ես տեսնում եմ, հիշեցնում են ինձ, որ ես էլ անսխալական չեմ:

Արգելքները հիշեցնում են ինձ, որ դրանք երբեք չպետք է վերածվեն պատրվակների:

Ուրիշների կոպիտ խոսքերը հիշեցնում են ինձ հսկել սեփական շուրթերս:

Հուսահատությունն ինձ հիշեցնում է Աստծո Խոսքի հնչյունների ներքո պարել չդադարելու մասին:

Ձախողումները հիշեցնում են ինձ, որ եթե չսովորեմ դրանցից, դրանք այդպես էլ կմնան ձախողումներ:

Հաղթանակները հիշեցնում են ինձ, որ ամեն նոր մակարդակի վրա Հիսուսը ժպտում է:

Մերժումները հիշեցնում են, որ Աստված կարող է վերաուղղորդել իմ քայլերը:

Սերը, որ ստանում եմ Աստծո կողմից, հիշեցում է, որ Ինքը ներկա է:

Անհաջողությունները հիշեցնում են, որ իմ սիրտը խարսխված է հույսի վրա:

Պայքարը հիշեցնում է ինձ, որ Քրիստոսի միջոցով իմ տկարությունը վերածվում է զորության:

Աստվածաշունչը հիշեցնում է ինձ, որ Աստծո Խոսքը գրված է նաև ինձ համար:

Հոգատարությունը, որ տալիս եմ մարդկանց, հիշեցնում է, որ մեկ օր էլ ես կունենամ այդ հոգատարության կարիքը:

Գոհաբանությունը կարող է տևել մեկ օր կամ մի ամբողջ կյանք: Դա քո ընտրությունն է: Բայց երբ որոշում ես կայացնում, որ գոհությունդ կպահես ողջ կյանքիդ ընթացքում՝ ուրախությունը ծաղկում է, ու մեծանում է նոր հորիզոնների սպասումը:

Ջանեթ Փերեզ Էքլզ