«Աշխարհն ատում է ձեզ». Ջոն Բիվեր

Յուրաքանչյուր Աստծո զավակ պատերազմի մեջ է: Եթե պատերազմի մեջ չենք, ապա մենք այս աշխարհից ենք ու խաբված ենք՝ մտածելով, որ պատկանում ենք Աստծուն:

Ես հասկանում եմ, որ այս արտահայտությունը խիստ է հնչում, բայց թույլ տուր ցույց տալ, թե որքան իրական է դա: Պատկերացրու, որ ապրում ես Գերմանիայում, Ադոլֆ Հիտլերի ժամանակաշրջանում: Այս բռնակալը ցանկանում էր իշխանություն հաստատել Նացիստական Գերմանիայի ամբողջ Եվրոպական մայրցամաքում: Նա նախապաշարմունք ուներ այդ բառի իրական իմաստով, և նրա համար ամենաատելի ժողովուրդը հրեաներն էին: Եթե դու խելացի ու առողջ գերմանացի լինեիր, և քո համոզմունքները չհակասեին Հիտլերի նպատակին, ապա դու կարող էիր ապրել հանգիստ կյանքով՝ առանց վախենալու, թե ինչ-որ մեկը վնաս կպատճառի քեզ:

Բայց եթե դու հրեա լինեիր, ապա քո կյանքը կդասավորվեր լիովին այլ կերպ: Դու կապրեիր մշտական սպառնալիքի ներքո: Ցանկացած պահի քեզ կարող էին չարախոսել, կարող էին թքել քեզ վրա, վնասել, թալանել, խոշտանգել ու սպանել: Դու կլինեիր պատերազմական վիճակում՝ անկախ նրանից՝ ցանկանո՞ւմ էիր դա, թե՞ ոչ: Իմաստուն և ավելի շրջահայաց հրեաները զինվում էին և անում անհրաժեշտ ամեն բան՝ Հիտլերի իշխանությունից փախչելու համար: Մյուսները, ովքեր այդպես չէին վարվում, ի վերջո հայտնվում էին համակենտրոնացման ճամբարներում:

Սատանան և նրա դևերը շատ ավելի վատն են, քան Հիտլերը և նրա նացիստական վարչակարգը: Եթե դու սատանայի համախոհն ես, ապա չես դառնա նրա թիրախը: Կարիք չկա պատերազմական դիրք գրավելու: Հիսուսն ասաց Իր ժամանակվա կեղծավոր հոգևոր առաջնորդներին. «Դուք այս աշխարհից եք» (Հովհաննես 8.23): Հետո շարունակեց «Դուք ձեր սատանա հորից եք» (Հովհաննես 8.44): Թեև այդ առաջնորդները հավատում էին, որ ծառայում են ամենակարող Աստծուն, սակայն իրականում նրանք ծառայում էին այս աշխարհի տիրոջը, որը բռնակալ է:

Եթե դու իսկապես Աստծունն ես, ապա պետք է աչալուրջ լինես, որովհետև այն աշխարհը, որտեղ դու ապրում ես, թշնամաբար է վերաբերվում այն ամենին, ինչը կապված է Աստծո Արքայության հետ: Հիսուսը ցույց տվեց սա՝ ասելով. «Եթե այս աշխարհիցը լինեիք, ապա աշխարհն իրենը կսիրեր, բայց որովհետև աշխարհիցը չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհիցը, նրա համար աշխարհն ատում է ձեզ» (Հովհաննես 15.19):

Ուշադրություն դարձրու Նրա խոսքերին. այս աշխարհն ատում է ձեզ: Այս արտահայտության իմաստն անկարելի է մեղմացնել: Եթե դու այս աշխարհից ես, ապա աշխարհը կընդունի քեզ: Եթե դու Աստծուց ես, ապա այս աշխարհի համակարգը կընդդիմանա և կատի քեզ:

Այսպիսով, կասկած չկա, որ մենք պատերազմի դաշտում ենք: Եվ զորավոր կերպով ընթանալու միակ միջոցը մեր հավատքի մեջ անկոտրում լինելն է: Այն մարդը, ով անկոտրում հոգի ունի և վայելում է կյանքը Տիրոջ հետ, իրական սպառնալիք է խավարի թագավորության համար: Մենք կանչված ու արտոնված ենք, որ ապրենք այսպես՝ ծառայելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին: