Ահա թե ինչպես է Աստված մաքրում մեզ

Մի կին ընթերցում է Մաղաքիա մարգարեի գիրքը: 3-րդ գլխում մի խոսք անհասկանալի է լինում նրա համար. «Եվ նա նստելու է իբրև արծաթ հալեցնող և մաքրող» (Մաղաքիա 3):

Եվ կինը որոշում է այցելել արծաթագործությամբ զբաղվող վարպետի, որպեսզի հետևի նրա աշխատանքին ու ստանա իր հարցերի պատասխանները: Նա չի ասում իր հետաքրքրության իրական պատճառը: Երբ գալիս է արծաթագործի մոտ, գտնում է նրան հենց արծաթ հալեցնելու պահին:

Վարպետը բացատրում է  արծաթը հալեցնելու կարգը. այն, նախևառաջ, պահում են կրակի  ամենաթեժ մասում, որպեսզի ամեն խառնուրդներ մաքրվեն: Կինը այդ պահին հիշում է Մաղաքիա մարգարեի խոսքերը և հասկանում, որ Աստված էլ, արծաթագործի պես, անցկացնում է մեզ մաքրագործող կրակի միջով: Ուստի նա հարցնում է վարպետին.

– Դուք պետք է այսպես նստեք կրակի դիմաց ողջ ժամանակ, քանի դեռ ընթանում է արծաթի մաքրման ընթացքը:

– Այո: Եվ ես ոչ թե պարզապես պետք է նստեմ ու արծաթը կրակի մեջ պահեմ, այլև չպետք է հայացքս հեռացնեմ դրանից. եթե այն անգամ մեկ վայրկյանով երկար մնա կրակի վրա, վնասն անուղղելի կլինի:

Կինը մի պահ մտածում է և հարցնում.

– Իսկ ինչպե՞ս եք հասկանում, որ մետաղը անհրաժեշտ չափով մաքրվել է:

Վարպետը ժպտում է ու պատասխանում.

– Օ, դա հեշտ է. հենց որ նրանում տեսնում եմ իմ արտացոլանքը:

«Ահա նա գալիս է, ասում է Զորաց Տերը։ Եվ ո՞վ է նրա գալու օրը տանողը, և ո՞վ է նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև նա հալեցնողի կրակի պես է, և թափիչների օճառի պես։ Եվ նա նստելու է՝ իբրև արծաթ հալեցնող և մաքրող. և մաքրելու է Ղևիի որդկանցը և զտելու է նրանց ոսկիի և արծաթի պես. և նրանք կլինեն արդարությամբ ընծա մատուցանողներ Տիրոջ համար» (Մաղաքիա 3.1-3):

Հալեցման այս ընթացքի պես էլ ամեն քրիստոնյայի կյանքում դժվարություններն ու տառապանքները Աստծո կողմից օգտագործվում են՝ հեռացնելու համար մեղքի և հին «ես»-ի ամեն տեսակ «խառնուրդներ»: Մեղքը ավելացված մի նյութ է, որը մեր «մաքուր ոսկին» վերածում է ձուլվածքի՝ խստացնելով մեր սրտերը: Գուցե մեզ համար տանջալի է կրակի հնոցում հալեցման ու մաքրման ընթացքն անցնելը, բայց Աստված շատ հմուտ վարպետ է, Ով թույլ չի տա սահմանվածից ավելին անցնենք: Երբ Աստված մաքրում է մեզ Իր սուրբ կրակով, Նա ուշադրությամբ հետևում է մեր կյանքի հոգևոր ընթացքին: Եվ այսպես էլ գործնականում փորձությունների շրջանն անցնելով՝ մենք ճանաչում ենք, թե Ով է Աստված, և Ով է Նա մեզ համար:

Միջնադարում ալքիմիկոսները գիտեին, որ արծաթը լիարժեք ձևով մաքրված է, եթե տեսնում էին իրենց արտացոլանքը ոսկու մեջ: Նմանապես էլ՝ միայն այն ժամանակ, երբ Քրիստոսն Իր շնորհի համեմատ լիովին արտացոլվի մեր մեջ, և երբ ոչինչ չկարողանա Նրա փառավոր կերպարանքը մթագնել մեր մեջ, ուրեմն փորձության կրակը հասել է իր նպատակին:

Փորձության կրակն Աստծուց է ուղարկվում, որպեսզի Աստծո զավակը մաքրված լինի և հաստատված՝ կրակի փորձությունն անցնելով: Մաքրագործման ճանապարհին երկրի վրա կրակե հնոցի մեջ ամեն թափված արցունքի համար կա պարգևատրում երկնքում, միայն թե պահենք մեր կոչումն ու արժանավայել ձևով անցնենք մեր ընթացքը:

Աղբյուր՝ bible-facts.ru