Կարևոր առաջադրանք, որ պետք է կատարես մինչև ամուսնությունը

Ես ցանկանում էի ամուսնանալ, բայց ոչինչ չէր կատարվում: Եվ այսպես տարիներն անցնում էին, ներսումս հարց էր բարձրանում՝ ի՞նչը ինձ հետ այն չէ, որ ոչ ոք չի ընտրում ինձ: Մի քանի հարաբերությունները, որ եղան իմ կյանքում, ոչ մի տեղ չէին տանում: Միայնակությունը թողել էր ինձ հիասթափված ու անհույս:

Բայց, վերջապես, մեկ օր ես մեծացա: Կային բաներ, որ վերջապես սովորեցի՝ որպես միայնակ աղջիկ, որոնք փոխեցին ամեն բան իմ շուրջը: Ուրախությունն ու իմաստը եկան փոխարինելու միայնակությանն ու անհուսությանը: Եվ երբ Աստված իմ կյանք բերեց իմ ամուսնուն, ես պատրաստ էի:

Ամուսնացա, երբ 48 տարեկան էի: Ես համոզված եմ, որ եթե չսովորեի այս բաները նախքան ամուսնանալը, կլինեի ծայրահեղ տխուր՝ անգամ ամուսին ունենալով կողքիս: Եվ շատ անգամ ես խորհում էի, թե արդյոք Աստված կարո՞ղ էր ավելի շուտ նրան բերել իմ կյանք, եթե այս բաները շուտ սովորեի:

Դրանց սովորելը չի երաշխավորում, որ Աստված անպայման ամուսին կտա քեզ: Բայց հաշվի չնստելը ներքոնշյալների հետ՝ երաշխավորում է քեզ համար տրտմություն ու ցավ, անկախ նրանից՝ դու ամուսնացա՞ծ ես, թե՝ ոչ: Իսկ եթե սովորել ես սրանք, քո կյանքը լցված կլինի ուրախությամբ և իմաստով:

  1. Ճանաչիր Աստծուն՝ որպես քո աղբյուր

Դու կարող ես համարել, որ եթե ունենաս կին կամ ամուսին, միայնակության զգացումը կկորի, և մնացած ամեն բան իր տեղը կընկնի: Առողջ ամուսնության մեջ, այո, քո կարիքներից մի քանիսը լրացվում են, բայց ոչ մի մարդ չի կարող որոշել, թե ով ես դու, ասել քո արժեքը կամ լրացնել քո բոլոր կարիքները:

Աստված ստեղծել է ինձ և քեզ կարիքներով, որոնք միայն Ինքը կարող է լրացնել: Քանի դեռ միայնակ ես, սովորիր, թե ինչ է նշանակում գնալ Աստծո մոտ քո բոլոր շփոթությամբ, միայնակությամբ, կասկածներով, երազանքներով, կարիքներով և ցանկություններով: Սովորիր, թե ինչպիսին է Նա և ինչպես է Նա ցանկանում վերաբերվել քեզ: Սա է միակ ճանապարհը, որով դու կգտնես բավարարվածություն, անկախ նրանից՝ ամուսնացա՞ծ ես, թե՝ ոչ:

  1. Ընտրիր երջանիկ լինելը

Ամուսնության մեջ դու երբեք չես լինի երջանիկ, եթե չսովորես երջանիկ լինել նախքան ամուսնությունը: Շատերը սպասում են, որ ամուսնությունը իրենց երջանիկ կդարձնի, բայց դա այդպես չէ: Երջանկությունը գալիս է՝ որպես արդյունք քո սեփական մտավոր ընտրությունների: Աբրահամ Լինքոլնը ասել է. «Ես եկել եմ եզրահանգման, որ մարդկանց մեծամասնությունը երջանիկ է նույնքան, որչափ ընտրել է երջանիկ լինել»: Լիովին համաձայն եմ:

Ես սովորել եմ, որ երջանիկ լինելը կախված է ընտրությունից: Իմ ներսի մտավոր, էմոցիոնալ և հոգևոր վիճակը կախված չէ իմ շուրջը եղող հանգամանքներից կամ մարդկանցից: Այո՛, այդ ամենը ազդում է ինձ վրա, բայց իմ զգացմունքները իմ ընտրությունն են:

  1. Դարձիր ճիշտ մարդ

Եթե ցանկանում ես ամուսնանալ արքայազնի հետ, դարձիր արքայադուստր: Եվ հակառակը: Սա նշանակում է՝ կենտրոնացիր դառնալու այնպիսին, ով գիտի, թե ով է ինքը, լի է ուրախությամբ, ով կարող է շփվել և հաստատել կայուն հարաբերություններ:

Ոչ ոք չի սիրում լինել մեկի հետ, ով տխուր է, պահանջկոտ, վերահսկող, դառնությամբ ու կեղծիքներով լցված: Քո բնավորության ո՞ր մասը փոխվելու, զարգանալու կարիք ունի՝ նպատակային ձևով փնտրիր դա:

Ճիշտ մարդ դառնալը չի երաշխավորում երջանիկ ամուսնություն: Բայց քանի դեռ քո կյանքում չկա ամուսին կամ կին, սա լավագույնն է, ինչ դու կարող ես անել: Եվ սա ճանապարհներից մեկն է՝ լինելու երջանիկ արդեն ամուսնության մեջ: Եթե այս երեք կետերը չկարևորես մինչև ամուսնությունը, ապա ամուսնության մեջ ստիպված կլինես անցնելու դժվար օրեր: Այո, գրված է՝ «լավ չէ մարդը միայնակ լինի», բայց մեր կյանքի միակ նպատակը ամուսնությունը չէ, այլ դառնալը Աստծո սրտի համեմատ մարդ. մարդ, ով հասուն է և կայացած, ում կյանքը կախված չէ արտաքին հանգամանքներից:

Միայնակ լինելը ամուսնացած լինելու նախերգանքը չէ պարզապես: Ընդունիր այս դասերը, և քո ապագան կլինի ավելի երջանիկ ու ավելի իմաստալից:

 Քերոլ Փիթեր Թենքսլի