«Լուռ գիշեր» օրհներգի հեղինակ Յոզեֆ Մոր

«Լուռ գիշեր» օրհներգի հեղինակ Յոզեֆ Մոր Հավանաբար բոլորս գիտենք կամ գոնե լսած կլինենք Սուրբ Ծննդյան ամենահայտնի երգերից մեկը՝ «Լուռ գիշերը»: Սուրբ Ծննդյան այս օրհներգի խոսքերի հեղինակը Յոզեֆ Մորն է:

Յոզեֆ Մորը ծնվել է Սալզբուրգում դեկտեմբերի 11-ին, 1792թ-ին: Այնուամենայնիվ, մանուկ հասակում նրա անունը հաճախ ասոցացվում էր ամոթի հետ: Նա ոչ միայն իր մոր երրորդ ապօրինի երեխան էր, այլև քաղաքի դահճապետի սանորդին:

Յոզեֆի հայրը Ֆրանց Յոզեֆ Մոր անունով մի զինվոր էր, ով լքել էր Անն Սկոբիերին, երբ իմացել էր, որ վերջինս հղի է իրենից: Եվ Յոզեֆի մայրը ստիպված էր միայնակ մեծացնել իր երեխաներին: Նա աշխատում էր, բայց միջոցները չէին բավարարում և´ երեխաների ապրուստը հոգալու, և´ տուգանքը վճարելու համար, որը նա ստիպված էր վճարել Ֆրանցի հեռանալուց հետո:

Քաղաքի դահճապետն իր հեղինակությունը բարձրացնելու համար վճարում է նրա տուգանքը և դառնում երեխայի կնքահայրը: Դժբախտաբար, սա տղայի համար ավելի մեծ նվաստացում էր: Ոչ մի դպրոց նրան ուսման չի ընդունում, ոչ մի գործատու չի համաձայնվում ընդունել նրան աշխատանքի:

Սակայն բոլոր այս անհաջողություններից զատ, տղան ուներ երգելու ձիրք: Մի անգամ եկեղեցու երգչախմբի ղեկավար, վանական Յոհան Հերնլը լսում է, թե ինչպես է Յոզեֆը երգում տաճարի աստիճաններին խաղալիս: Նա ձեռք է բերում տղայի մոր թույլտվությունը որդու հետ պարապելու համար: Յոզեֆը պարզապես փթթում է այս մարդու հոգատար ձեռքերի մեջ: Մինչև տասներկու տարեկանը նա արդեն բավականին լավ նվագում է երգեհոն, կիթառ և ջութակ:

Իր ուսումը երաժշտության բնագավառում նա շարունակում է մինչև 23 տարեկանը և նշանակվում քահանա: Սակայն քանի որ Յոզեֆն ապօրինի երեխա էր, անհրաժեշտ էր Պապի թույլտվությունը՝ քահանայական կարգի մեջ մտնելու համար:

1816թ-ին նա հաստատվում է Մարիադֆարի ուխտագնացների եկեղեցում՝ Ավստրիայում: Այստեղ էլ Յոզեֆը գրում է իր ստեղծագործությունների գլուխգործոցը համարվող «Լուռ գիշերի» խոսքերը: Հաջորդ տարի նա հանդիպում է Հանս Գրաբերին, ով գրում է այդ երգի երաժշտությունը:

Սուրբ Ծննդյան այս օրհներգը առաջին անգամ երգվել է Սուրբ Ծննդի նախօրյակին կեսգիշերային պատարագի ժամանակ 1818թ-ին: Աստիճանաբար այն տարածվել է աշխարհով մեկ:

Այսօր «Լուռ գիշեր» օրհներգը ամենատարծվածն է աշխարհում, որը թարգմանվել է 200 լեզուներով:

«Լուռ գիշեր» երգը արտահայտում է Քրիստոսի լույսի մեծափառությունը, որ բերեց Նրա մարմնացումը, և որի մասին հրեշտակները պատմեցին հովիվներին, իսկ իմաստունները հեռավոր երկրից հետևելով աստղին՝ եկան երկրպագելու մարմնացած Արքային:

Յոզեֆը նվիրված էր կարիքավորներին ու լքվածներին: Երբ նա մահանում է, նրա գրպանում մի լումա անգամ չի լինում: Նա իր ողջ խնայողությունները ներդնում էր բարեգործության մեջ, անգամ դպրոց էր հիմնել աղքատ երեխաների համար:

Աղբյուրը՝ christianhistoryinstitute.org