Հինգ պատճառ՝ պահելու Աստծո պատվիրանները

Տասը պատվիրանները հնարավոր չէ անտեսել: Կարևոր է դրանք հասկանալն ու ուսումնասիրելը: Բայց, իհարկե, ավելի կարևոր է, որ մենք պահենք դրանք: Աստծուն չի տպավորում մանրակրկիտ ինտելեկտուալ վերլուծությունը: Նա սպասում է Իր աշակերտներից, որ նրանք ճշմարտապես հետևեն այդ պատվիրաններին, բայց ճիշտ շարժառիթներով ու պատճառներով: Տասը պատվիրանները կատարելու ամեն ջանքերը սխալ շարժառիթներով և սխալ նպատակներով՝ ուղիղ ճանապարհ է Աստծո հետ հարաբերությունների սխալ զարգացման համար: Աստված տվել է Իր պատվիրանները, որպեսզի մենք պահենք դրանք՝ ոչ թե փրկություն վաստակելու համար, այլ հետևյալ պատճառներով. ով ենք մենք, Ով է Աստված, Ով է Նա մեզ համար, որտեղ ենք մենք, և ինչ է Նա արել մեզ համար:

Պատճառ 1. Ով ենք մենք

Բաց մի թողեք բացահայտ մի իրողություն. Ելից 20-րդ գլխին նախորդում է 19-րդը. Աստված արդեն իսրայելացիներին հռչակել էր «Եվ դուք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ կլինեք» (Ելից 19.6): Նրանք առանձնացված և սուրբ ժողովուրդ էին: Նույնը ճշմարիտ է նաև մեզ համար: Որպես քրիստոնյաներ՝ մենք նույնպես քահանայական թագավորություն և սուրբ ժողովուրդ ենք (Ա Պետրոս 2.9): Մենք պետք է պատրաստ լինենք միայնակ հանդես գալու, առանձնանալու, ունենալու հստակ կանոններ, որոնք այս աշխարհը չի հասկանում: Իհարկե, մենք միշտ չէ, որ այն սուրբ ժողովուրդն ենք, որը պետք է լինենք, բայց Նա կանչել է մեզ դրա մեջ: Ահա թե ով ենք մենք: Մենք Աստծո ժողովուրդն ենք՝ առանձնացված Աստծո ճանապարհներով ապրելու համար:

Պատճառ 2. Ով է Աստված

Ելից 20-րդ գլխի առաջին խոսքերը պարզապես պատվիրանների թվարկումից առաջ դադարը լցնելու փորձեր չեն: Դրանք սահմանում են, թե Ով է Աստված և թե ինչու մենք պետք է հնազանդվենք Նրան: 2-րդ խոսքում Աստված բացահայտում է Իրեն՝ որպես «Եհովա», այսինքն՝ Յահվե, Աստված, ով ուխտ է պահում: Դա այն Աստվածն է, Ով Մովսեսի հետ խոսում էր այրվող մորենու միջոցով: Այն Աստվածը, Ով ասել է. «ԵՍ ԵՄ, ՈՐ ԵՄ»: Նա գերիշխան, ամենակարող, ամենակալ արարիչ Աստվածն է: Նա Աստված է, Ով ուղարկեց տասը պատուհասները, ճեղքեց Կարմիր ծովը և անապատում իր ժողովրդին մանանա ուղարկեց: Նա այն Աստվածը չէ, Ում կարելի է թեթևամտորեն վերաբերվել: Եթե գոյություն ունի Աստված, և եթե Նա գոնե մի փոքր նման է այն Աստծուն, Ում մենք տեսնում ենք Սուրբ Գրքում, ապա ծայրահեղ ինքնավստահություն ու հիմարություն կլինի (ցանկացած դեպքում) ու նաև վտանգավոր մեզ համար մեր սեփական բարոյա-էթիկական կոդեքսը հնարելը:

Օրենքը Օրենսդիրի սրտի ու բնավորության արտահայտությունն է: Մենք պետք է հանգամանորեն մտածենք «ինձ չեն անհանգստացնում օրենքները»ասելուց առաջ կամ «կարելի-չի կարելիների» ցուցակով անհանգստանալուց առաջ: Պատվիրանները ոչ միայն ցույց են տալիս, թե ինչ է ցանկանում Աստված. դրանք ցույց են տալիս նաև, թե ինչպիսին է Աստված, պատմում Նրա արժանապատվության, ազնվության և Նրա մեծության մասին: Դրանք ներկայացնում են, թե ինչն է կարևոր Աստծո համար: Մենք չենք կարող անտեսել օրենքը՝ միաժամանակ անհարգանք չդրսևորելով Օրենսդիրի նկատմամբ:

Պատճառ 3. Ով է Աստված մեզ համար

Տասը պատվիրանների Աստվածը Իրեն հայտնում է ոչ միայն՝ որպես Եհովա, այլև որպես «Եհովան՝ քո Աստվածը»: Մենք նրա սեփական ժողովուրդն ենք (Ելից 19.5): Նա կատարյալ զորության Աստվածն է, ոչ թե տիրակալ, ով տիրապետում է բիրտ ու անսանձ իշխանության և զուրկ է իր ժողովրդի հանդեպ հոգատարությունից: Նա ասում է. «… Քո Աստվածը»: Նա մեր կողմից է: Նա մեր Հայրն է: Նա տալիս է մեզ պատվիրաններ՝ մեր իսկ բարօրության համար:

Պատճառ 4. Որտեղ ենք մենք

Ազատության աստվածաշնչյան սահմանումը դա «արա՝ ինչ ուզում ես» սկզբունքը չէ: Ազատությունը առավելության վայելքն է՝ անելու, ինչ պետք է անենք: Մենք շատ հաճախ Տասը պատվիրաններն ընկալում ենք՝ որպես սահմանափակում մեզ համար, ասես Աստծո ճանապարհները մեզ ստրկացնում են և հետ պահում մեր երազանքներն իրականացնելուց և մեր ներուժը ռեալիզացնելուց: Մենք մոռանում ենք, որ Աստված ցանկանում է տալ մեզ կյանք և էլ ավելին (Հովհաննես 10.10) և ճշմարիտ ազատություն (Հովհաննես 8.32): Նրա պատվիրանները ծանր չեն՝ ասում է Աստվածաշունչը (Ա Հովհաննես 5.3):

Աստված չի փորձում մեզ տապալել կանոնների բազմազանությամբ: Տասը պատվիրանները բանտային ցանց չեն, այլ ճանապարհային նշանների կանոններ: Գուցե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ավելի հեշտ կլիներ մեքենա վարել առանց ճանապարհային նշանների: Բայց կան մարդիկ, ովքեր վարում են մեքենան այնպես, ասես այդպես էլ կա: Բայց անգամ եթե դուք տառապում եք սպասելիս, թե երբ կմիանա կանաչ ազդանշանը, մի՞թե ուրախ չեք, որ կան երթևեկության որոշակի կանոններ: Դուք չէիք կարողանա հասնել անգամ ձեր տան մոտակա սուպերմարկետին առանց այդ կանոնների: Երբ դուք նստում եք ամերիկյան զվարճագնացքը և լեռնանցքներով անցնելիս հատուկ պաշտպանիչ պատնեշներ հանդիպում, արդյոք կրկին նեղվո՞ւմ եք դրանց ներկայությունից, այն դեպքում երբ դրանք փրկում են ձեզ անժամանակ մահից: Ո՛չ, որովհետև դրանք տեղադրված են մեր իսկ բարօրության համար, որպեսզի մենք ազատ և անվտանգ անցնենք այդ ճանապարհը:

Տասը պատվիրանները Եգիպտոսից դուրս գալու բացատրագիր չեն: Դրանք կանոններ են ազատ մադրկանց համար, թե ինչպես ազատ մնալ:

Պատճառ 5. Ինչ է Նա արել

Եվս մեկ անգամ ուշադրություն դարձրեք այն բանին, որ օրենքը գալիս է Ավետարանից հետո՝ ազատագրման բարի լուրից հետո: Աստված չեկավ մարդկանց մոտ, երբ նրանք ստրկացած էին և չասաց. «Ես ունեմ Տասը պատվիրանները: Ես ցանկանում եմ, որ դուք ամեն բան ճիշտ հասկանաք: Ես պատրաստվում եմ վերադառնալ հինգ տարի անց, և եթե դուք մաքրեք ձեր կյանքերը, ես կազատեմ ձեզ ստրկությունից»: Ահա թե ինչպես են որոշ մարդիկ նայում քրիստոնեությանը. Աստված ունի կանոններ, և եթե ես պահպանեմ դրանք, Աստված կսիրի ինձ և կփրկի ինձ:

Բայց Ելիցի պատմության մեջ մեկ այլ բան է կատարվում: Իսրայելացիները տառապում են, և Աստված ասում է. «Ես լսեցի ձեր աղաղակը: Ես կփրկեմ ձեզ, որովհետև սիրում եմ ձեզ: Եվ երբ դուք կլինեք փրկված, ազատ և ներված, կտամ ձեզ նոր ապրելակերպ»:

Մենք պետք է ևս մեկ անգամ լսենք սա. փրկությունը պարգևատրում չէ հնազանդության դիմաց, փրկությունը հնազանդության պատճառն է: Հիսուսը ՉԻ ասում. «Եթե պահեք Իմ պատվիրանները, ես կսիրեմ ձեզ»: Ընդհակառակը, Նա առաջինն է լվանում Իր աշակերտների ոտքերը և հետո ասում. «Եթե սիրում եք ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15): Ամենը, ինչ մենք անում ենք, անում ենք միայն այն պատճառով, որ Նա առաջինն է արել մեզ համար:

Քևին ԴեՅանգ