Հաղթելով կասկածները. Ջոյս Մայեր


«Եվ փրկության սաղավարտն առեք, և Հոգու սուրը՝ որ Աստծո խոսքն է» (Եփեսացիս 6.17):

Մի շատ հիվանդ մարդ բարձրաձայն աստվածաշնչյան համարներ էր ասում, որոնք վերաբերում էին բժշկությանը: Նա հավատքով հռչակում էր այդ խոսքերը ու սպասում իր բժշկությանը: Երբեմն այցելում էին նաև կասկածները:

Որոշ ժամանակ անց, երբ նա արդեն հուսահատության շեմին էր, Աստված բացում է նրան հոգևոր աշխարհը: Եվ նա տեսնում է հետևյալ պատկերը. տեսնում է մի դևի, ով անընդհատ ներշնչում էր իրեն, թե նա երբեք չի բուժվի ու Աստծո Խոսքի մեջբերումներն էլ չեն օգնի: Բայց ամեն անգամ, երբ այդ մարդը բացում էր իր շուրթերը ու արտաբերում Աստծո Խոսքը, նրա բերանից սուրի նման մի լույս էր դուրս գալիս, ու այդ դևը դրանից կծկվում ու հետ էր նահանջում:

Այդ տեսիլքի շնորհիվ տղամարդը հասկանում է, թե ինչու է այդքան կարևոր հնարավորինս հաճախ Աստծո Խոսքն արտաբերելը՝ փոխելով սեփական մտածելակերպը: Նա նաև հասկանում է, որ իր բժշկության հանդեպ կասկածները դուրս էին գալիս ոչ թե իր սրտից, այլ դրանք նրան էր ներշնչում դևը:

Աստված տվել է մեզ հավատք, սատանան փորձում է մեզնից գողանալ այն՝ ուղարկելով կասկածներ: Դրա համար այնքան կարևոր է լավ իմանալ Աստծո Խոսքը ու վստահել Աստծուն: