Դեկտեմբերի 21-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 21-ը՝ քրիստոնեության պատմության մեջՄի օր պատանի Բենիամին Շմոլկն ընտանիքում մի պատգամ է փոխանցում: Հորն այնքան է գոհացնում ու ոգևորում դա, որ խոստանում է  որդուն աստվածաբանական կրթություն տալ:

Բենիամինը լյութերական եկեղեցու սպասավորի որդի էր, ծնվել էր 1672թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 21-ին: Հետագայում նա ևս դառնում է հովիվ:

Լայպցիգի համալսարանում Բենիամինի վրա խոր ազդեցություն են գործում աստվածավախ դասախոսներն, ովքեր իրենց զորավոր հավատքն էին փոխանցում երիտասարդ սերնդին: Ուսանողական տարիներին նա սկսում է բանաստեղծություններ գրել մեծահարուստ հաճախորդների համար, ինչի շնորհիվ կարողանում է լրացուցիչ եկամուտ ապահովել:

Ավարտելուց հետո՝ 1694թ-ին, վերադառնում է տուն, ձեռնադրվում է և զբաղեցնում հոր պաշտոնը: 8 տարի անց նա տեղափոխվում է գերմանաավստրիական տարածաշրջան՝ կաթոլիկ Սիլեսիա, ուր ծառայում է մոտ 35 տարի՝ մինչ իր մահը: Այստեղ նա մի շարք օրհներգեր է հեղինակում՝ թվով մոտ 900: Հռչակավոր կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախն օգտագործում է Բենիամինի տեքստն իր 35-րդ կանտատի համար: Բենիամինի բոլոր օրհներգերը պարզորոշ վկայում էին, որ Հիսուս ապրում է իր կյանքում:

Գարնանային մի կիրակի, երբ նա նստած էր իր տանը, հանկարծակի (58 տարեկան հասակում) կաթված է ստանում, որից հետո անդամալույծ է դառնում: Թեև նա շարունակում էր իր աշխատանքը, սակայն հինգ տարի անց երկրորդ կաթվածն է ստանում:

Իր կյանքի վերջին 7 տարիները Բենիամինն անկողնային հիվանդ էր՝ կույր, անընդունակ՝ խոսելու: Սակայն նույնիսկ այդ իրավիճակում նա իր մեջ ուժ էր գտնում աղոթել բոլոր նրանց համար, ովքեր գալիս էին իր մոտ՝ օրհնություն ստանալու: Օրհնելն ու լուռ աղոթքը միակ բանն էին, որ նա կարող էր անել:

Բենիամինը Շմոլկը մահանում է 1737թ-ի փետրվարին: Նա անչափ սիրված ու հարգված էր շատերի կողմից, քանի որ անձամբ շատ ջերմ անձնավորություն էր և անկեղծորեն մտահոգվում էր մարդկանց հոգևոր աճի համար:

Աղբյուր՝ christianity.com