Հայտնի մարդիկ Աստծո, քրիստոնեական հավատքի մասին

Պավել Պոպովիչ՝ օդաչու-տիեզերագնաց, Խորհրդային Միության կրկնակի հերոս

Երկիր մոլորակը աննկարագրելի գեղեցիկ է: Այն ասես ծածկված է երկնագույն քողով՝ մթնոլորտով: Եվ ահա նայում ես տիեզերանավից, կողքովդ աստղերն են «լողում», մոլորակները՝ սև ֆոնի վրա: Եվ անկախ քեզնից մտածում ես. չէ՞ որ ինչ-որ Մեկը այս ամենը արարել է: Չէ՞ որ այս ամենը եթե շարժվում է, ուրեմն ինչ-որ Մեկը կառավարում է:

Մենք ասում ենք, որ ամենը շարժվում է երկնային մեխանիկայի օրենքների համաձայն: Բայց ինչ-որ Մեկը այդ օրենքները դրե՞լ է: Ու ծագում է միտքը Աստծո մասին:

Ես հավատում եմ Աստծուն, ինձ դեռ երեխա ժամանակ են մկրտել, դրա համար իմ ներսում անգամ հարց չի առաջանում, թե Ով է այս ամենը արարել: Նա պահպանում ու կառավարում է ամեն բան:

Սոֆյա Ռոտարո՝ երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Մենք ընտանիքում 6 երեխա ենք, և բոլորս էլ մկրտված ենք: Իմ մանկության տարիներին հավատացյալ մարդկանց համար շատ դժվար էր: Այն ժամանակ վտանգավոր էր նույնիսկ խաչերով վզնոց կրելը, էլ չեմ ասում եկեղեցի հաճախելու մասին: Բայց մեր ծնողները գտել էին հնարավորություն՝ իրենց քրիստոնեական գիտելիքները մեզ փոխանցելու. մենք ընտանիքով ամեն կիրակի գնում էինք ծառայության մեր հայրենի գյուղի փոքրիկ եկեղեցում: Իսկ երբ ես սովորոում էի տարրական դասարանում, նույնիսկ երգում էի եկեղեցական երգչախմբում:

Երբ արդեն հայտնի երգչուհի էի, իմ ընտանիքը տոնում էր Սուրբ Ծնունդը: Եվ դրա համար հայրիկիս միանգամից կուսակցությունից դուրս հանեցին: Ինձ զանգահարեց Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղարն ու ասաց. «Սո՛ֆյա, դու խնդիրներ կունենաս»: Եվ ես հեռացա Յալթա:

Բայց այս ողջ պատմությունը բացարձակապես չազդեց իմ հավատքի վրա: Ես իմ կյանքում միշտ զգում եմ Աստծո պաշտպանությունն ու ողորմությունը: Գիտեմ, որ այն ամենը, ինչ կատարվել է իմ կյանքում ու դեռ պիտի կատարվի. ամենը Աստծո ձեռքերում է: Ամեն օր «Հայր մեր»-ն աղոթում եմ, միշտ դիմում եմ Աստծուն ու շնորհակալ եմ Նրան իմ ապրած ամեն օրվա համար:

Իմ թոռները գնում են եկեղեցի, խաչեր են կրում, գիտեն աստվածաշնչյան պատմություններ, կարողանում են աղոթել: Երբ նրանք ինձ հարցեր են տալիս հոգևոր թեմաների շուրջ, ես միշտ մանրամասնորեն պատասխանում եմ նրանց: Ուզում եմ, որ նրանք էլ, նրանց երեխաներն էլ հավատքով մեծանան:

Մարդու մեջ միշտ պետք է ապրի հույսը: Իսկ երբ ձեզ լքում են ձեր վերջին ուժերը, բարձրացրեք ձեր աչքերը դեպի երկինք ու խնդրեք. «Աստվա՛ծ իմ, օգնի՜ր»: Ես ինքս ժամանակ առ ժամանակ այդպես եմ անում: Եվ իրոք օգնությունը գալիս է:

Լյուդմիլա Զայցևան ռուս սովետական գրող, դերասան, սցենարիստ և ռեժիսոր Վասիլի Շուկշինի մասին

Մի անգամ մեկն ինձ ասաց. «Եթե Շուկշինը կոմունիստ էր, ուրեմն չէր հավատում Աստծուն, որովհետև Կոմունիստական կուսակցությունը աթեիստական էր»: Իմ գլխում այս խոսքը ոչ մի կերպ չի տեղավորվում: Շուկշինը՝ իր նրբազգաց էությամբ, իր ունակությամբ՝ ներթափանցելու մարդկային հոգու խորքերը, իր սրտացավությամբ ու կարեկցանքով, կեղծիքի բացահայտ չընդունմամբ՝ ինչպե՞ս կարող էր չհավատալ Աստծուն: Չի կարող այդպիսի բան լինել:

Եվ շուտով ես ստացա իմ մտքերի հաստատումը: Նրա ծանոթներից մեկը հիշեց, որ մի անգամ Հարության տոնին նա կանգնեցրել էր մեքենան եկեղեցու առջև, դուրս եկել, ծնկի իջել ու հոնգուր-հոնգուր արտասվել: Նրա շուրթերից դուրս էին եկել բառեր, որոնք նախկինում ոչ ոք նրանից  չէր լսել. «Մեղավոր եմ… մեղավոր եմ ես, Տե՛ր: Ների՜ր ինձ…»: Պատմում են նաև, որ քրոջը ուղղված նամակներից մեկում նա խնդրել էր, որ իրեն թաղեն քրիստոնյայի պես՝ հոգևոր երգեր երգելով: