Գցել բոլոր հոգսերը Նրա վրա. Ջոն Բիվեր

Մենք կարող ենք անկոտրում մնալ մեր առաքելության մեջ, եթե գցենք մեր բոլոր հոգսերն Աստծո վրա: Մենք չենք կարող առաջ շարժվել՝ անհարմար ու ծանր բեռներ կրելով: Աստվածաշնչում գրված է. «դեն գցենք ամեն ծանրություն… և համբերությամբ վազենք մեր առջև դրած ասպարեզի ընթացքը» (Եբրայեցիս 12.1):

Ծանրությունները (բեռները) դանդաղեցնում են մեր ընթացքը և թույլ չեն տալիս, որ մենք այն բարեհաջող ավարտենք: Կարո՞ղ ես արդյոք մարաթոնյան վազք անցնել, երբ յուրաքանչյուր ազդրիցդ քսան կիլոգրամանոց ծանրություն կախված լինի: Հազիվ թե դու կարողանաս վազել, էլ ի՞նչ խոսք ընթացքն ավարտելու մասին:

Ամենամեծ ծանրությունը, որ թույլ չի տալիս մեզ առաջ գնալ, մեր հոգսերն ու մտահոգություններն են: Հենց սա էր ծանրացրել տասը լրտեսներին, որոնք չկարողացան բարեհաջող ավարտել իրենց ընթացքը: Նրանց ծանր հոգսն այն մասին, որ իրենց կանայք ու երեխաները կարող են վտանգի ենթարկվել, թույլ չտվեց նրանց շարժվել դեպի Աստծո խոստմունքը և կատարել Նրա կամքը:

Կարևոր է նշել, որ մեր ընտանիքը ծանրություն չէ մեզ համար. ծանրություն է դառնում այն ժամանակ, երբ մեր ընտանիքի մասին հոգս ենք անում: Եթե մենք կասկածում ենք, թե արդյոք Աստված կարող է կամ ցանկանում է ապահովել ու պաշտպանել մեզ, ապա մենք վիրավորում ենք Նրան՝ չվստահելով Նրա անկեղծությանն ու զորությանը: Հետաքրքիր է՝ ի վերջո Քաղեբն ու Հեսուն ապացուցեցին, որ իրենց սերնդակիցները սխալ էին, քանի որ քառասուն տարի անց նրանք իսկապես գնացին պատերազմելու նույն քանանացիների դեմ, և իրենց ընտանիքները ոչ մի կերպ չվնասվեցին: Փաստորեն, այդ պատերազմն օրհնեց իրենց կանանց ու երեխաներին, քանի որ նրանք ստացան պտղաբեր երկիր՝ որպես ժառանգություն:

Մտորիր այս արդյունքների մասին: Տասը լրտեսները Աստծո առաջնորդությանը վստահելու փոխարեն ձգտում էին պաշտպանել իրենց ընտանիքները: Արդյունքում նրանք մնացին անապատում. դա էր նրանց ժառանգությունը: Անկասկած՝ սա անցանկալի ավարտ էր: Քառասուն տարվա ընթացքում նրանք պակասություն ունեցան և դժվարություն կրեցին: Բայց մյուս երկու առաջնորդները հավատացին ու հնազանդվեցին Աստծո Խոսքին: Նրանք իրենց ընտանիքների հոգսը հանձնեցին Աստծուն, և նրանց ընտանիքները ժառանգեցին Խոստմունքի երկիրը՝ այն երկիրը, որ «կաթ ու մեղր էր բխում»: Հենց դա դարձավ նրանց նախասահմանությունը:

Կյանքում գալիս են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն անի ապահովության ու Աստծո կոչման միջև: Արդյոք մենք կընտրե՞նք այն ճանապարհը, որն ակնառու կդարձնի մեզ, թե՞ կփորձենք ապրել հարմարավետ ու ապահով կյանքով: Եթե դու ընտրես ինքնապահպանման ճանապարհը, ապա Աստծո կոչումը քո կյանքում չի կատարվի: Մի գուցե քեզ հաջողվի ապահովության զգացում ձեռք բերել, բայց ի վերջո՝ Քրիստոսի դատաստանի գահի առջև դու կհասկանաս, որ թողել ես կյանքի առատությունը և լիությունը՝ հանուն ժամանակավոր հարմարավետության:

Աստծո Խոսքը կրկին ու կրկին հաստատում է այս փաստը: Եթե դու ցանկանում ես անցնել այն ընթացքը, որ Աստված ծրագրել է քեզ համար, ապա պետք է Նրան տաս քո հոգսերի ու մտահոգությունների ծանրությունը: Նրա ճանապարհը լի է արկածներով և հավատքով, իսկ վարձատրությունը շատ ավելին է, քան ապահովության ու հարմարավետության զգացումը, որը, հակառակ դեպքում՝ ձեռք կբերես: Վերցրու քո վրայից այն ծանրությունը, որը դանդաղեցնում է ընթացքդ, և հոգսերդ գցիր Նրա վրա: