Ամենակարևոր բանը, որ կարող եք անել այսօր

Պատկերացրեք, որ դուք միայնակ սար եք բարձրանում: Եվ սարն այդ սովորական մի սար չէ: Հողը ցնցվում է ձեր ոտքերի տակ, իսկ ողջ սարը պատված է մառախուղով: Գագաթը ամեն կողմից շրջապատված է խիտ ամպերով, որոնց մեջ կայծակ ու ամպրոպ է երևում: Աստված իջնում է սարի վրա կրակի սյան մեջ, և ամեն անգամ երբ դուք դիմում եք Նրան, Նա պատասխանում է ձեզ ամպրոպի ձայնով: Հենց այս պատկերն էր տեսնում ու վերապրում Մովսեսը, և դա նկարագրված է Ելից 19-րդ գլխում:

Իսկ հիմա այդ վերապրումը համեմատեք ձեր աղոթքի մեջ անցկացրած վերապրումների հետ ու հիշեք, թե երբ եք վերջին անգամ ժամանակ անցկացրել աղոթքի մեջ:

Երբ Մովսեսը այդ սարն էր բարձրանում, կասկածում եմ, թե նրա մտքին գալիս էին «սովորական», «առանձնահատուկ ոչ մի բան» բառերը: Սակայն մոտ 3 հազար տարի անց մենք հազվադեպ ենք հիանում այն հրաշքով, որ Աստված անկատար մարդկանց համար բացել է Իր ներկայությանը տանող դուռը: Ինչպե՞ս է այս ցնցող իրողությունը մեզ համար վերածվել սովորական մի բանի: Եվ կարո՞ղ են արդյոք Աստծո ներկայության մեր վերապրումները այդքան սովորական դառնալ:

Բարձրանալ սարը

Իմ հոգևոր առաջնորդը ապրում է Հնդկաստանում: Անցյալ տարի նա զանգահարեց ինձ Ամերիկայի եկեղեցիների համար իր անհանգստություններն ինձ հայտնելու համար. «Այնպիսի տպավորություն է, որ Ամերիկայում ապրող մարդիկ կբավարարվեին միայն նրանով, եթե կարողանային նկարվել Մովսեսի հետ: Մի՞թե նրանք չգիտեն, որ իրենք նույնպես կարող են այդ սարը բարձրանալ: Ինչո՞ւ նրանք չեն ցանկանում բարձրանալ»:

Ե՞րբ ենք մենք վերջին անգամ վայելել Աստծո ներկայությունը՝ այն ներկայությունը, որ պարզապես չես ցանկանում, որ վերջանա, և մի վայրում, որտեղ դուք գտնվում եք միայնակ՝ Նրա Խոսքը ընթերցելով և Նրա սուրբ ներկայության մեջ լինելով:

Աղոթել և միայնության մեջ Աստվածաշունչ կարդալ ինձ սովորեցրել է երիտասարդական ծառայության իմ հովիվը: Այսօր՝ ավելի քան 30 տարի անց, ես չեմ կարող իմ օրը սկսելու ավելի լավ միջոց գտնել: Չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի իմ կյանքը, եթե ամեն օր ես չկենտրոնանամ «սարը բարձրանալու վրա»:

Միայն Նրա հետ առանձնանալով եմ ես ազատվում հպարտությունից, ստից և սթրեսից.

Հպարտություն. երբ գտնվում ես Մեկի ներկայության մեջ, Ով լույսի մեջ է բնակվում, դա խոնարհեցնում է քեզ. (Ա Տիմոթեոս 6.16):

Սուտ. երբ խոսում ես Դատավորի հետ, Ով ամեն բան գիտի, դա քեզ պարտադրում է ազնիվ լինել (Եբրայեցիս 4.13):

Սթրես. երբ խոնարհվում ես Աստծո առջև, Ում ձեռքերում է հաղթանակն ու պարտությունը, դա քեզ խաղաղություն է տալիս՝ տագնապի փոխարեն (Սաղմոս 127.1):

«Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը» (Եսայի 55.8-9):

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդկանց մեծամասնության համար դժվար է ինչ-որ բանի վրա կենտրոնանալը: Մենք գտնվում ենք արագ լուծումների և պատասխանների շարունանական որոնումներում: Այս պատճառով ինքնին լռության մեջ նստելու, Սուրբ Գրքի շուրջ խորհելու և խորը աղոթքի վրա կենտրոնացված լինելու գաղափարը արագորեն պարտվում է մեքենայի մեջ աշխատանքի գնալիս քարոզի ձայնագրությունը լսելուն: Իհարկե, դա ավելի լավ է, քան ոչինչը, սակայն այս հոդվածի գլխավոր գաղափարն այն է, որ գոյություն չունի մի բան, որը կարող է փոխարինել Աստծո հետ առանձին ժամանակ անցկացնելուն:

Մեզ պետք է նորից մտնել հանգստության մեջ:

Ինչոր բանից պետք է հրաժարվել

Ոչինչ չի կարող փոխարինել մեզ համար Հիսուսի հետ առանձին անցկացված ժամանակին: Եթե ձեր ժամանակը չի բավականացնում, ապա պետք է ցուցակից հանեք մի բան՝ տեղ ազատելու համար: Բաց թողեք ճաշը: Չեղարկեք որևէ հանդիպում: Հրաժարվեք ինչ-որ կրկնվող միջոցառումից:

Չկա ավելի կարևոր և նշանակալի մի բան, ինչ կարող եք անել այսօր, քան Նրա հետ հանդիպումն է:

Եվ սա ասում եմ բառացի իմաստով: Որովհետև հենց Աստված է որոշում՝ կանե՞ք դուք ձեր հաջորդ շունչը, թե՝ ոչ. «Նա է ամենին կյանք և շունչ՝ և ամեն բան տվողը» (Գործք Առաքելոց 17.25):

Ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան հանդիպումը Մեկի հետ, Ով որոշում է՝ կապրե՞ք դուք այսօրվա օրը, թե՝ ոչ: Կարո՞ղ է արդյոք ավելի լավ բան լինել: Ինչպե՞ս կարող ենք ժամանակ չգտնել Մեկի համար, Ով ստեղծել է այդ ժամանակը:

Ի՞նչ ծրագրեր ունեք այսօրվա համար, արդյոք դրանք ձեզ համար այնքան կարևո՞ր են թվում, որ դուք պարզապես անցնեք ձեր Արարչի կողքով:

Ֆրենսիս Չան