Արհեստական վիժեցման մասին

Ինչ է ասում գիտությունը

Արհեստական վիժեցման կողմնակիցները չեն ընդունում, որ դեռ չծնված պտուղը անձնավորություն է, իսկ արհեստական վիժեցումը՝ սպանություն: Իսկ ի՞նչ է ասում գիտությունը:

Էմբրիոլոգիայի՝ սաղմնաբանության տեսանկյունից մարդու՝ որպես կենսաբանական էակի կյանքը սկսվում է արական ու իգական բջջակորիզների միաձուլման պահից: Ընդ որում՝ սաղմը մոր արգանդում ինչ-որ հավելված չէ, և հղիության ցանկացած ժամանակահատվածում կատարված արհեստական վիժեցումը համարվում է կենսաբանական էակի՝ անձի կյանքի գիտակցված ընդհատում: Ցավոք, շատ մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում նշիկների կամ կույր աղիքի որդանման ելուստի հեռացմանը, քան արհեստական վիժեցմանը և դրանից բխող հետևանքներին:

Հայտնի է, որ հղիության 18-21-րդ օրում սկսում է բաբախել երեխայի սիրտը: 6-րդ շաբաթում գործում են երիկամները, լյարդը և թոքերը, 8 շաբաթական երեխան արդեն ցավ է զգում, գլխուղեղը ազդակներ է ընդունում, 12-րդ շաբաթում նա շրջում է գլուխը, ծալում ոտքերը, հորանջում, մատները տանում բերանը, արձագանքում մոր զգայական վիճակներին, արտաքին ազդակներին, ունենում է հույզեր: Հղիության այս շրջանում կատարված արհեստական վիժեցման նկարահանման ժամանակ երևում է, որ երեխան բացում է բերանը, կնճռոտում դեմքը, կարծես աղաղակում է, փախչում գործիքի հակառակ ուղղությամբ, սրտի զարկերը հաճախանում են՝ մինչև 200 զարկի մեկ րոպեում:

Բեղմնավորման պահից սկսած՝ պտուղն արդեն իսկ ինֆորմացիա է պարունակում տվյալ անձի սեռի, աչքերի, մազերի գույնի և ամեն մի մանրուքի վերաբերյալ:

Ինչ է ասում Աստվածաշունչը

Աստվածաշունչն ասում է, որ կյանքը սկսվում է հենց բեղմնավորման պահից, այսինքն՝ մոր որովայնից (Մաթևոս 1.20):

Յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով (Ծննդոց 1.27): Պատիժ է սահմանված նրանց համար, ովքեր պտղի դիտավորյալ վիժման պատճառ են դառնում (Ելից 21.22-25):

Այդ մանկիկների կյանքը կպահանջվի իրենց սպանող ծնողներից, բժիշկներից, նրանցից, ովքեր դրդել են մորը՝ կատարելու այդ քայլը… Նաև եթե մենք ընդունում ենք, որ երեխայի հայրը, մայրը կարող են սպանել իրենց հարազատ զավակին, էլ ինչպե՞ս կարող ենք արգելել մարդկանց սպանել իրար:

Առակաց 24.11-ում գրված է. «Ազատիր մահվան տարվողներին և դեպի սպանվելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր»։

Մայրությունը կոչում է՝ սեր ու հարգանք դրսևորելու դեպի սեփական զավակի կյանքը, որն ավելի առաջնային է, քան սեփական ծրագրերն ու ազատ ժամանակը: Եկեք ընդունենք, որ կերակրելը, հագցնելը ավելի հեշտ է, քան կյանքից զրկելը: Մեկ բռունցքի չափ ունեցող արգանդը կարող է հղիության վերջում պահել 5 կգ քաշ ունեցող երեխային, մոտավորապես նույնքան էլ կազմում է պտղաջրերի քաշը: Ի՞նչ եք կարծում՝ եթե Արարիչը այդպիսի հրաշալի ձևով հոգում է երեխայի ձևավորման ու ներարգանդային կյանքի մասին, ապա չի՞ հոգա նաև ծնվող երեխայի մասին:

Նարինե Մուրադյան՝ բժշկուհի