Իրանում Սուրբ Ծնունդին ընդառաջ ձերբակալվել է 100 քրիստոնյա

Ավելի քան 100 իրանցի քրիստոնյա ձերբակալվել է անցած շաբաթ՝ որպես հետևանք Իրանի հավատացյալների նկատմամբ մեծացող շարունակական ճնշումների:

Ըստ «Բաց դռներ» կազմակերպության՝ շատերին թույլ են տվել տուն վերադառնալ մի քանի ժամ անց, բայց ասել են, որ վերջիններս սպասեն հեռախոսազանգի՝ Իրանի Տեղեկատվության նախարարությունից: Բոլորի բջջային հեռախոսներն առգրավվել են. տեղեկացնում է Christian Today-ը:

Մարդիկ, ովքեր կասկածվում էին քրիստոնեական խմբերի առաջնորդներ լինելու մեջ, դեռևս պահվում են կալանքի տակ:

Միացյալ Թագավորության «Բաց դռներ» կազմակերպության փաստաբանական գրասենյակի ղեկավար Զոյի Սմիթը հայտնում է, որ երկարաժամկետ կալանավորում է տրվում հատկապես այն քրիստոնյաներին, ովքեր հրաժարվել են լքել Իրանը նախորդ ձերբակալություններից և ճնշումներից հետո:

«Ձերբակալությունների այս հանկարծակի աճը շատ մտահոգիչ է: Այն հետևում է Իրանի կառավարության արդեն հաստատված միտմանը. երբ քրիստոնեություն ընդունողների թիվը մեծանում է, իշխանություններն ավելի մեծ սահմանափակումներ են սահմանում եկեղեցիների հանդեպ,- ասում է Զոյի Սմիթը:

Հավելենք, որ ըստ «Բաց դռներ» կազմակերպության «World Watch List» ցանկի, որ բաղկացած է 50 երկրներից, որտեղ քրիստոնյաներն ամենաշատ հետապնդումների են ենթարկվում, Իրանը 10-րդ տեղում է: