Աբգար՝ կենդանի Աստծուն հավատացող առաջին քրիստոնյա արքան

Ք.Հ. 1-ին դարի սկզբում Աբգարը «Հայոց Միջագետքի»՝ Օսրոյենի թագավորն էր, որի մայրաքաղաքն էր Եդեսիան (կամ Ուռհան): Ըստ պատմական տվյալների՝ Աբգարը հայ էր:

Աբգարի պատգամավորները Երուսաղեմում ականատես էին եղել Քրիստոսի հրաշագործություններին և վերադառնալով պատմել արքային: Աբգարը Քրիստոսի կենդանության օրոք հավատաց, որ Նա է Աստծո Որդին. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն Աստված»:

Ըստ Մովսես Խորենացու՝ Աբգարը տառապում էր անբուժելի մաշկային հիվանդությամբ, և ոչ մի բժիշկ չէր կարողանում նրան բուժել: Իմանալով, որ Տեր Հիսուսը բժշկում է, Աբգարը նամակ է ուղարկում Հիսուսին և խնդրում, որ Նա գա Եդեսիա, բժշկի իրեն ու բնակվի իր քաղաքում: Աբգարի թղթատարները նամակը հասցնում են Երուսաղեմ և հանդիպում Փիլիպպոս ու Անդրեաս առաքյալներին: Հետաքրքիր է, որ այս իրադարձության մասին վկայություն կա Հովհաննեսի Ավետարանում:

«Եվ կային ոմանք հելլենացիք՝ նրանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տոնումը (ըստ Խորենացու՝ նրանք Աբգարի սուրհանդակներն էին): Նրանք եկան Փիլիպպոսի մոտ, որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նրան խնդրում էին և ասում. Տեր, կամենում ենք Հիսուսին տեսնել: Փիլիպպոսը գալիս է Անդրեասին ասում. Անդրեասը և Փիլիպպոսը ասում են Հիսուսին» (Հովհաննես 12.20-22):

Ըստ Խորենացու՝ Հիսուսը Աբգարին պատասխանում է այս խոսքերով. «Երանի նրան, ով Ինձ հավատում է՝ առանց տեսնելու»: Նա խոստանում է հետագայում ուղարկել Իր աշակերտներին՝ Աբգարին բժշկելու համար:

Այսպիսով՝ մենք տեսնում ենք, որ դեռևս Տեր Հիսուս Քրիստոսի կենդանության օրոք Նրա համբավը հասել էր Հայաստան, և մինչև առաքյալների քարոզչությունը՝ արդեն որոշակի հող կար Աստծո Արքայության սերմերը ցանելու համար: Բայց և այնպես, առաքյալների մուտքը Հայաստան շատ կարևոր իրադարձություն էր:

Կարծես հենց հեթանոսական Հայաստանի համար են այս խոսքերը. «Ժողովուրդ, որ խավարի մեջ նստած էր, մեծ լույս տեսավ. և նրանց, որ մահի երկրումը և ստվերումը նստած էին, լույս ծագեց նրանց» (Մաթևոս 4.16):

Աստված աչքաթող չարեց Հայոց աշխարհը և օգտագործելով Իր առաքյալներին՝ Ավետարանի լույսը տարածեց հայ ազգի մեջ: