Ինչու Աստվածաշնչի լավ իմացությունը ձեզ չի դարձնի լավ քրիստոնյա

Երբ սովորում էինք քոլեջում, ես ու կինս՝ Գրեյսը, մի շատ տարօրինակ պրոֆեսոր ունեինք: Նա բավականաչափ տպավորիչ տեսք ուներ՝ խառնված մազեր, վայրի հայացք, անխնամ մորուք, իսկ գոտկատեղին ամրացված էր պատյանի մեջ դրված մի մեծ դաշույն: Նրա դասախոսություններն արտասովոր և տպավորիչ էին: Նա ուներ սուր միտք, արագ մտածելակերպ և իսկապես առաջադեմ անձնավորություն էր:

Նա շատ էր սիրում մեջբերել տարբեր խոսքեր Աստվածաշնչից, ժամանակ առ ժամանակ օգտագործել դրանք՝ անգամ ամբողջական գլուխներ կարդալով: Մեկ օր դասախոսությունից հետո մենք հարցրեցինք, թե արդյոք ինքը քրիստոնյա՞ է: Նա բարձրաձայն ծիծաղեց և պատասխանեց մոտավորապես այսպես. «Իհարկե՝ ոչ: Ես չեմ հավատում Հիսուսի մասին այդ հիմարություններին»: Շփոթված մենք հարցրեցինք, թե այդ դեպքում՝ որտեղի՞ց նա ունի Աստվածաշնչի նման գիտելիքներ, եթե չի ընդունում Հիսուսին և քրիստոնեությունը ընդհանուր առմամբ: Նա մեզ պատմեց, որ իր եղբայրը եկեղեցու հովիվ է, և հենց դա է դրդում նրան Աստվածաշունչն ուսումնասիրել, որպեսզի կարողանա ծաղրել եղբորը և հաղթել նրա հետ բանավեճերում՝ լինելով աթեիստ:

Այդ օրը ես մի կարևոր դաս առա. այն փաստը, որ դուք գիտեք Աստվածաշունչը, չի նշանակում, որ դուք ճանաչում եք Աստծուն: Չէ՞ որ սատանան ու դևերը նույնպես շատ լավ գիտեն Աստվածաշունչը: Աստվածաշունչը հոգևոր զենք է: Եվ, ինչպես այլ բոլոր զենքերի դեպքում, ձեզ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես օգտագործել այն՝ ինքներդ ձեզ պաշտպանելու համար:

«Եվ նա տարավ նրան Երուսաղեմ, և տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց և ասաց նրան. եթե Աստծո որդի ես, այստեղից քեզ վայր գցիր, որովհետև գրված է, թե Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, որ քեզ պահեն. և որ ձեռքերի վրա քեզ վեր առնեն, որ երբեք քո ոտքը քարի չդպցնես» (Ղուկաս 4.9-11):

Սատանայի հետ պայքարում Հիսուսը մեջբերում էր խոսքեր Երկրորդ Օրինաց գրքից:  Քրիստոսի վարքի մոդելն իր մեջ կրում է արժեքավոր մի սկզբունք. մեզ անհրաժեշտ է պայքարել մեղսավոր գայթակղությունների դեմ՝ օգտագործելով աստվածաշնչյան մտածելակերպ:

Կան մարդիկ, ովքեր անկախ իրենց տարիքից, ցանկանալով տրվել մեղքին ու գայթակղությանը՝ փնտրում են տեղեր Աստվածաշնչում, որոնք կկարողանան արդարացնել իրենց սխալ վարքը: Շատ հաճախ սա վերաբերում է սեռական մեղքին. նրանք փնտրում են փաստարկներ, որոնք լցված են դիվային զորությամբ և կարդարացնեն նման վարքը ու բացի այդ էլ համոզիչ կլինեն փիլիսոփայական տեսանկյունից:

Ինչո՞ւ: Որովհետև, երբ մեր մշակույթի արդի բարքերը չեն համապատասխանում Աստվածաշնչին, նրանք համոզում են մեզ, որ ոչ մի սարսափելի բան չկա Աստվածաշունչը փոխելու մեջ, փոխարենը այն բանի, որ իրենք փոխեն իրենց վարքը: Եվ սա դիվային մոտեցում է: Իմացեք, երբ ինչ-որ մեկը Աստվածաշունչը մեկնաբանում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, դա Աստծո ձեռագիրը չէ: Աստվածաբանական մտորումները, որոնք «համեմված են» անձնական կարծիքներով, միջոց են՝ գտնելու արդարացում նրանց համար, ովքեր չեն ցանկանում իշխանություն վերցնել մեղքի վրա:

Հիսուսը ցույց է տվել մեզ, թե որքան անհրաժեշտ է հակառակ կանգնել մեղսավոր գայթակղությանը՝ հիմնվելով Աստվածաշնչի վրա: Նրա միտքը այնքան լցված էր Աստծո Խոսքով, որ գայթակղության ժամանակ մեջբերում էր անհրաժեշտ խոսքերն Աստվածաշնչից: Սա թույլ տվեց Նրան և թույլ կտա նաև մեզ՝ հաղթանակ տանել մեղքի հետ պատերազմում:

Մարկ Դրիսկոլ