Էստոնիայի արթնության և Օլևիստե եկեղեցու մասին

1980թ-ին Մոսկովյան օլիմպիադայի ընթացքում Էստոնիայի մայրաքաղաքում սկիզբ է առնում այսպես կոչված՝ Տալլինյան արթնությունը: Մոտավորապես 20 հազար մարդ Աստծուն է գալիս, և հազարավորները բժշկություն են ստանում: Համարձակվում եմ ասել, որ աստվածաշնչյան տեսակետից այդ դեպքերի մասշտաբներն իրոք պատմագրական էին: Դա Աստծո զարմանահրաշ շնորհի սքանչելի մի պատմություն էր, որ տեսանելի էր դարձել մարդկային աչքերի համար:

Սա անհավանական մի բան էր հատկապես այդ ժամանակշրջանի համար: Խորհրդային իշխանությունները նպատակադրվել էին արմատախիլ անել քրիստոնեական հավատը ժողովրդի միջից: Ուրեմն ինչպե՞ս էր Էստոնիայի արթնությունը, այն էլ այդպիսի վիթխարի չափերի, տեղի ունեցել Խորհրդային Միությունում: Համաձայն պատմական փաստերի և անձամբ իմ լսածների՝ դա անհնարին էր: Քրիստոնեությունը հետապնդվում էր: Ավետարանելն արգելված էր: Գրեթե բոլոր տեսակի քրիստոնեական գրականությունը օրենքից դուրս էր համարվում: Ինչպե՞ս կարող էր այդպիսի արթնություն տեղի ունենալ լիակատար հակառակության պայմաններում: Այս հարցը ես տվել եմ գրեթե ամեն մեկին, ումից հարցազրույց եմ վերցրել Էստոնիայում: Նրանցից յուրաքանչյուրը եղել էր այնտեղ կամ ամենասկզբից, կամ էլ դրանից շատ չանցած:

Առաջին՝ հիմնական և ամենատարածված բացատրությունը, որ ես առիթ եմ ունեցել լսելու, սա է՝ դա Աստծո ինքնիշխանությունն էր: Դա Նրա միտքն էր: Բնական տեսակետից՝ ոչ մի պատճառ չկար, որով Տալլինը կամ Օլևիստե եկեղեցին Աստծո համար ինչ-որ ձևով յուրահատուկ լինեին: Հնարավոր է՝ դա իրոք այդպես է: Ինչպես ասում է Ռեյն Ուուեմիիսը. «Արթնությունը շնորհի մի պարգև էր, որը մենք չէինք ակնկալում»:

Վերջին հաշվով՝ Աստված ամեն բան պահում է Իր ձեռքերում: «Տերն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս» (Սաղմոս 135.6): «Նա իր ուզածի պես է անում երկնքի զորքովը և երկրի բնակիչներովը, և մեկը չկա, որ զարկի նրա ձեռքին և նրան ասի. ի՞նչ ես անում» (Դանիել 4.35):

Տերն ինքնիշխան է: Նա անում է՝ ինչ Իրեն հաճելի է: Եթե Նա ցանկացել էր անսպասելի կերպով շնորհի պարգև տալ այն մարդկանց, ովքեր տառապում էին Խորհրդային Միության կոմունիստական ճնշող ձեռքի տակ, ո՞վ էինք մենք, որ հակառակվեինք:

Որոշներն ասում էին, որ արթնությունը տեղի է ունեցել միայն Աստծո ինքնիշխանության պատճառով: Այն ամենից, ինչ ես առիթ ունեցա տեսնելու և լսելու, հասկացա, որ այդպիսի կարծիքի համար ծանրակշիռ պատճառներ կային:

Արթնության մեկ ուրիշ պատճառ էր հանդիսացել տարբեր եկեղեցիների համատեղ ջանքը: Թեև նրանք բոլորն էլ քրիստոնյաներ էին, սակայն տարբեր դավանաբանական համոզմունքների էին հետևում: Օրինակ՝ պահպանողական ավետարանական քրիստոնյաների ու հոգեգալստականների վարդապետական տարբերություններն այնքան էլ աննշան չէին: Ռեյնի խոսքերով՝ սկզբում միասնական ծառայելը շատ բարդ էր: Դրանք մանրուքներ չէին: Խորհրդային Միության մյուս տեղերում նմանատիպ իրավիճակներում եկեղեցիները քանդվել էին, սակայն Տալլինում հավատացյալները որոշեցին մինչև վերջ գնալ: Նրանք որոշեցին միասնական գործել Աստծո արքայության համար այստեղ՝ երկրի վրա, և տպավորությունն այնպիսին է, որ Տերն օրհնել էր նրանց համատեղ ջանքը մեկ Մարմնի մեջ: Մի քանիսն այն մարդկանցից, ում հետ ես խոսել եմ, նշում են, որ արթնության հիմքը համատեղ գործելն էր: Եթե ուս ուսի տված ծառայությունը չլիներ, նրանք համոզված են, որ արթնության համար հույս չէր լինի:

Արթնության հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ մարդիկ ջանասիրաբար Աստծուն էին փնտրում: Նրանք ուզում էին մոտ լինել Նրան, ճանաչել Նրան ու ճանաչված լինել Նրա կողմից, դրա համար նրանք պարբերաբար հավաքվում էին և միասին աղոթում: Նրանք ցանկանում էին, որ ոչ միայն իրենք ճանաչեին Նրան, այլ որ ուրիշներն էլ ճանաչեին:

Ռեյնը նշում է. «Եթե մենք իրոք ուզում ենք արթնություն տեսնել, պետք է վարվենք գյուղատնտեսի պես, որ բերքի է սպասում»: Նրանք ցանել էին աղոթքի սերմեր՝ խնդրելով Աստծուն սրբել իրենց սրտերն ու կյանքերը և բացել մարդկանց սրտերը Ավետարանի համար: Տերն ակնհայտորեն գործել էր նրանց աղոթքներին համապատասխան: Նա լսել էր նրանց ու պատասխանել: Շատերն այնտեղ եկել էին ոչ թե նրա համար, որ հույս ունեին հրաշքներ տեսնել: Ոչ, նրանք պարզապես ուզում էին անձամբ մոտիկից ճանաչել Տիրոջը, և որ մյուսներն էլ Նրան լավ ճանաչեին: Տպավորությունն  այնպիսին էր, որ նրանք փնտրում էին Աստծուն, սակայն անսպասելիորեն հանդիպեցին Աստծո զորությանը: Դա պատահականություն չէր: Դա բացահայտ տեղի ունեցավ այն պատճառով, որ մարդիկ փնտրում էին Նրան:

Երկնքի այս կողմում մենք, հնարավոր է, այդպես էլ չիմանանք, թե ինչու այդ արթնությունը տեղի ունեցավ: Վերը նշված բոլոր պատճառներն էլ կարող էին իրենց ներդրումն ունենալ: Հնարավոր է՝ այլ գործոններն էլ էին ներառված եղել: Ինչ էլ որ լինի, մենք հաստատ գիտենք, որ Աստված զարմանալի ձևով էր գործել և այդ կերպով տասնյակ հազարավորների ձգել դեպի Իրեն:

Թոմ Կռոյտեր