5 թվացյալ պատճառ՝ ամուսնալուծության համար

imageԵս գիտեմ, թե ինչ եք դուք զգում: Դուք հոգնել եք պայքարելուց: Երբեմն լինում են օրեր, երբ դուք հանձնվելու շեմին եք: Բայց նախքան դուք հրաժարվեք այն բանից, ինչը, հույս ունեիք, որ հավիտյան է տևելու, թույլ տվեք ինձ կիսվել ձեզ հետ մի բանով, որը գուցե ձեզ հետ կպահի ապագայում դառը ափսոսանք ապրելուց:

Ես 28 տարի է ամուսնացած եմ և գրեթե 20 տարի զբաղվում են ընտանիքների խորհրդատվությամբ, որոնք գտնվում են բաժանության շեմին: Եվ ես տեսել եմ, որ կան որոշակի արտահայտություններ, որոնք ամուսիններն ու կանայք հաճախ օգտագործում են՝ փորձելով բացատրել, թե ինչու է իրենց ամուսնությունը անհաջողության դատապարտված: Սակայն ամուսնալուծությունից հետո բազում զույգեր ափսոսանքով խոստովանում են, որ այդ «պատճառների» հետ կարելի էր աշխատանք տանել:

Ստորև գրում եմ այդ հինգ արտահայտությունները: Ես դրանք անվանում եմ «5 թվացյալ պատճառ ամուսնալուծության համար»:

  1. «Նա չի բավարարում իմ էմոցիոնալ պահանջները»:

Գուցե բարձրաձայն չասեք այս խոսքերը, բայց հենց այդպես էլ դուք ձեզ զգում եք: Եվ ճշմարտությունը նրանում է, որ ձեր ամուսինը (կինը) կարող է երբեք էլ չբավարարել ձեր էմոցիոնալ պահանջները, որովհետև իրական հոգևոր և շնչավոր բավարարումը տալիս է միայն Աստված: Եթե դիմում եք ապահարզանի՝ այն հույսով, որ կհայտնվի մեկ ուրիշը, ով ձեր կյանքը իմաստով կլցնի, ապա դուք դառնապես հիասթափված կլինեք: Ավելի քան 20 տարի ես կանանց հորդորում եմ կարդալ ու մտորել Եսայի 54.5 խոսքի շուրջ, որտեղ գրված է. «Որովհետև քո այրը քեզ Ստեղծողն է, Զորաց Եհովա է նրա անունը»:

Թույլ տուր Աստծուն՝ բավարարելու քո էմոցիոնալ կարիքները. սա է իմ կոչը կանանց: Ես հորդորում եմ նրանց Աստծուն ընկալել՝ որպես հոգևոր ամուսին, Ով բավարարում է ապահովության, լիության և կյանքի իմաստի մեր պահանջը: Երբ դուք սովորեք Աստծո մեջ տեսնել ձեր լիության աղբյուրը, ապա կազատագրվեք ամուսնուց էմոցիոնալ կախվածությունից և չեք պահանջի նրանից ավելին, քան նա կարող է տալ:

  1. «Նախկինում նա ուրիշ էր»:

Կասկած չկա, որ տարիների հետ ամուսինները փոխվում են: Մենք բոլորս փոխվում ենք: Դուք կարող եք պնդել, որ հիմա ձեր ամուսինը բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին էր ամուսնության առաջին տարում: Բայց նույնը կարող է և ինքը ասել: Բացի այդ, երբեք էլ չենք կարող իրապես մարդուն ճանաչել, մինչև չապրենք նրա հետ, մինչև մի քանի անգամ չվիճենք նրա հետ և չտեսնենք նրա բացթողումները: Բայց միշտ տվեք երկրորդ հնարավորություն, և թող «երկրորդ հնարավորությունները» երբեք չսպառվեն՝ չնայած ամեն խնդրի:

  1. «Մենք այլևս չենք զրուցում»:

Ես շատ լավ եմ դա հասկանում, անգամ ավելի, քան կարող եք պատկերացնել: Քանի դեռ ձեզնից մեկը ցանկանում է խոսել, կա հույս: Եթե դուք եք այն մարդը, ով միշտ սկսում է խոսակցությունը, մի՛ դադարեք դա անել: Վտանգը այն ժամանակ է ծագում ամուսնության մեջ, երբ երկու կողմերը դադարում են փորձել շփվել: Եղեք մեկը, ով չի հանձնվում: Ա Կորնթացիս 13.7-ում գրված է, որ իսկական քրիստոնեական սերը «ամեն բանի դիմանում է. ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է»:

  1. «Մենք ավելի երջանիկ կլինեք առանց մեկս մյուսի»:

Դուք համոզվա՞ծ եք դրանում: Այո, մենք կարող ենք պնդել, որ այն օրերին, երբ անհույս ենք, ցանկանում ենք կտրուկ փոփոխել ինչ-որ բան: Սակայն հիշեք, որ դուք ստիպված եք լինելու այդ «կասկածելի լավի» համար գին վճարել՝ հիշեք խախտված երդումների մասին, բաժանված ունեցվածքի, կործանված երազանքների և այն ուխտի չեղյալ հայտարարման մասին, որը ինչպես դուք մի ժամանակ պնդում էիք՝ «միայն մահը կարող է բաժանել»:

Իսկ եթե դուք ունեք երեխաներ, ապա թող ձեր մտքով էլ չանցնի, որ «նրանց համար ամեն բան ավելի լավ կլինի», երբ դուք ամուսնալուծվեք: Սա սուտ է, որով դուք արդարացնում եք ձեր բաժանությունը: Երեխաներին (անկախ իրենց տարիքից) երբեք էլ ավելի լավ չէ, երբ իրենց ծնողները բաժանված են, բացառությամբ՝ ֆիզիկական, լեզվական, էմոցիոնալ և սեռական բռնության դեպքերի:

Բացի այդ, երջանկությունը նախապայման չի եղել այն բոլոր խոստումների համար, որոնք դուք իրար երբևէ տվել եք: Դրա համար էլ ամուսնական ուխտի խոսքերում չկա այսպիսի արտահայտություն «քանի դեռ երջանիկ կլինենք»: Աստծո աչքերում ամուսնության նպատակը ձեզ սուրբ դարձնելն է, ոչ թե երջանիկ: Եվ ավելի սուրբ ու Քրիստոսին նման մենք դառնում ենք, երբ հաղթահարում ենք դժվարությունները, ոչ թե խուսափում ենք դրանցից:

Իսկ եթե հավատացած եք, որ կա բնավորությունների խնդիր, և հույս ունեք, որ կգտնեք մեկին, ում հետ «կհամընկնեք» բնավորություններով, ապա հավատացեք, որ նոր հարաբերությունները նույնքան ոչ շարունակական կլինեն, որքան ներկա հարաբերությունները, որովհետև դուք այլ մարդու հետ փոխհարաբերությունների մեջ կբերեք ձեր նախկին խնդիրները, բացթողումները, վերքերը և չբավարարված հարաբերությունները: Բայց կա մեկ այլ ճանապարհ. վստահել Նրան, Ով խոստացել է, որ «Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին…» (Հռոմեացիս 8.28):

  1. «Ես պետք է գտնեմ ինքս ինձ»:

Ես զրուցել եմ բազում կանանց հետ, ովքեր վաղ տարիքում են ամուսնացել, դարձել մայրեր և թողել իրենց ամուսիններին՝ պատճառաբանելով. «Ես պարզապես չէի հասկանում և չէի  ճանաչում ինքս ինձ: Ինձ անհրաժեշտ է վերագտնել իմ անհատականությունը»:

Հիսուսն ասում է. «Ով որ իր անձը գտնում է՝ կկորցնի նրան. և ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կգտնի նրան» (Մաթևոս 10.39): Եսասիրությունը պնդում է. «իմ կյանքը պատկանում է միայն ինձ»: Բարեպաշտությունն էլ ասում է. «Իմ կյանքը պատկանում է Աստծուն, և ես Նրան եմ վստահում իմ ներկան ու ապագան, որը Նա ինձ համար պատրաստել է»:

Աղոթեք ձեր ամուսնության համար: Ստեղծված դրությունը քննարկեք ձեր հովվի կամ մեկ այլ հավատարիմ ընկերոջ հետ, ով կարող է տալ աստվածաշնչյան խորհուրդ, ոչ թե աշխարհային:

Ամուսնալուծվելը հեշտ է: Դա կարող է ամեն մեկն անել: Իսկ ամուսնությունը պահպանել կարող է միայն անկեղծ, առ Աստված ամուր հավատքի տեր մարդը, մեկը, ով Աստծուն է ապավինում, Աստծուն՝ Ով կարող է վերականգնել հարաբերությունները՝ չնայած ամեն տեսակ արգելքների և խնդիրների:

Ցանկանո՞ւմ եք այդպիսի մարդ լինել:

Սինդի Մակմենամին