Աղքատն ու Ավետարանը. Վարդան Այգեկցի

F

Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձրևից թրջվել էր: Նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ Ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ:

Աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամքը»: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց. «Այն գիրը, որ կարդաց, սուտ էր»: Առավ Ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով, Ավետարանը չգտավ և աղքատին ասաց.

— Ո՞ւր է Ավետարանը: Աղքատն ասաց քահանային.

— Ի՞նչ ես անում սուտ Ավետարանը, ես տարա ջուրը գցեցի:

Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց.

— Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրա՛վ, եթե հավատում ես, թե Ավետարանն Աստծո ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ՝ չեք կերակրում, ծարավ եմ՝ ջուր չեք տալիս: Մի՞թե Աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն Իր համար ասաց: