Երբ լռում են «ծափահարությունները»…

Համոզմուքներ, որոնք սահամանափակում են…Բոլորս ունենք որոշ համոզմուքներ, բնավորության գծեր, որոնք մեր կյանքի առաջընթացի մեծ խոչընդոտներն են, որոնք դանդաղեցնում են մեր ընթացքը, մեր ուշադրությունը սևեռում անկարևոր, երկրորդական բաների վրա:

Եթե կարողանանք շուտ բացահայտել այդ սխալ համոզմունքերն ու գաղափարները, ապա սեփական կյանքում բավականին մեծ փոփոխություններ կնկատենք:

Երբ ես դարձա պրոֆեսիոնալ հռետոր, իմ դառը փորձով հասկացա, թե համոզմունքներն ինչպես են իրենց ազդեցությունն ունենում ելույթիդ վրա:

Ինձ սահմանափակող սխալ գաղափարներից մեկը այս էր. «Շատ կարևոր է, որ դուր գաս մարդկանց և նրանց հավանությանն արժանանաս»: Այն այնքան էր պտտվում գլխումս, որ ինքս ինձ ասում էի. «Աշխարհում ամենասարսափելին մարդկանց կողմից չսիրված լինելն է»:

Այս համոզմունքն իմ բոլոր ելույթների շարժառիթն էր: Ամենից շատ ձգտում էի՝ դուր գալ դահլիճում նստած յուրաքանչյուր մարդու: Ես կարող էի արժանանալ դահլիճի խլացուցիչ ծափահարություններին և ջերմ արձագանքին, բայց եթե հանկարծ այնպես պատահեր, որ ինչ-որ սովորական գնահատական լսեի կամ «սեր չզգայի», ինձ զգում էի ամենավերջին մերժված մարդն աշխարհում, իսկ այդ հոգեվիճակն ուղղակի ծիծաղելի էր, ծիծաղելի և միևնույն ժամանակ ցավ պատճառող:

Մարդկանց ուշադրությունն ու սերը վայելելն ինձ համար թմրանյութի նման մի բան էր դարձել: Հանդիսատեսի համակրանքից կախված լինելու պատճառով ելույթներս սկսեցին չհաջողվել: Այս վիճակը տևեց այնքան, մինչև մի օր սկսեցի մտածել, քննել իմ ներաշխարհը, և հասկացա, որ կյանքումս տիրող քաոսի պատճառն իմ թյուր համոզմունքն է, հպարտությունը, սեփական անձից այն կողմ ոչինիչ չտեսնելն ու չկարևորելը:

Ինքս ինձ ասացի. «Իրականում կարևորն այն չէ՝ դու դո՞ւր ես գալիս մարդկանց, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ պետք է հաղթահարել հպարտությունը, մի կողմ թողնել եսասիրական ցանկություններն ու մարդկանց կյանքում բարի, դրական ազդեցություն ունենալ»:

Վերջապես թեթևացած շունչ քաշեցի, ուղեղումս մտովի ջնջեցի «Մարդկանց դուր գալը կարևոր է» համոզմունքը և այն փոխարինեցի նորով. «Կարևոր է մշտապես դրական ազդեցություն ունենալ շրջապատող մարդկանց կյանքում»:

Ես հիմա ազատ եմ, ուրախ… Հետևում է մնացել մի ծանր բեռ, որի տակ կքում էի բավականին երկար ժամանակ…

Այս ամենից հետո աշխատանքս սկսեց ինձ ավելի շատ դուր գալ, իսկ ելույթներս ավելի արդյունավետ դարձան:

Իսկ դուք ի՞նչ կասեք ձեզ սահմանափակող համոզմունքների մասին: Քննե՛ք ինքներդ ձեզ… Այն, թե ինչ եք մտածում ձեր մասին շատ կարևոր է. դրանից է կախված, թե ով կլինեք և որտեղ կլինեք ապագայում:

Դոնդի Սկումասի