Երեխան, ով կենդանի է մնացել Բուխենվալդի դժոխքում

Հավանաբար չկա մեկը, ով չի լսել ռեժիսոր Ռոբերտո Բենինյիի «Կյանքը հիասքանչ է» ֆիլմի մասին: Ըստ սյուժեի՝ հրեա հայրն ընկնում է համակենտրոնացման ճամբար, կարողանում է թաքցնել իր հնգամյա որդուն՝ հրաշքով աննկատ մտցնելով նրան ճամբար: Նրանք կենդանի են մնում՝ շնորհիվ այն բանի, որ հայրը կատարվող իրադարձությունները որդու համար վերածում է մի յուրօրինակ խաղի. տղան պետք է չլացի, ուտել չուզի, իսկ փոխարենը որպես նվեր՝ կստանա մի մեծ տանկ: Այս կինոնկարը դարձել է համաշխարհային դասական կինոմատոգրաֆիայի օրինակ և ոչ ոքի չի թողնում անտարբեր դիտումից հետո: Բայց քչերը գիտեն, որ նման պատմություն կատարվել է նաև իրական կյանքում:

Յուզեֆ Յանեկ Շլյայֆշտայնը ծնվել է 1941թ-ի մարտի 7-ին Իսրայել և Եսթեր Շլյայֆշտայնների ընտանիքում՝ Լեհաստանի հրեական գետտոյում: 1942թ-ի հունիսյան տապին բոլորին տարհանում են և տանում Չենստոխովոյի գործարան՝ աշխատելու: Այդ ժամանակ Յանեկը մեկ տարեկան էր: Հենց որ տեղ են հասնում, բոլոր փոքր երեխաներին միանգամից վերցնում և «աշխատանքի համար անօգուտ համարելով»՝ ուղարկում Օսվենցիմի գազային խցիկներ:

Շլյայֆշտայնները հասցնում են թաքցնել որդուն նկուղում:

Ավելի քան մեկ ու կես տարի երեխան ապրում է մութ նկուղում՝ երբեմն արևի ճառագայթներ տեսնելով, երբ ծնողները գալիս էին կերակրելու նրան: Տղայի հետ մի կատու էր ապրում, որը ուտում էր մկներին ու առնետներին՝ դրանով փրկելով երեխային դրանց խայթոցներից:

1943թ-ին բոլորին տեղափոխում են Բուխենվալդ: Երեխաներին ու ծերերին գնդակահարում են հենց հասնելու օրը: Իսկ փոքրիկ Յանեկի մորն ուղարկում են համակենտրոնացման ուրիշ ճամբար:

Իսրայելը չգիտեր՝ դրանից հետո ինչպես թաքցներ իր երեխային: Բայց այստեղ նրան օգնության են հասնում մի քանի գերմանացիներ, ովքեր չէին կիսում ֆաշիզմի գաղափարները: Նրանք կերակրում են Յանեկին և թույլ տալիս նրան անձրևաջուր խմել: Տղան միշտ շշուկով էր խոսում և երբեք չէր լացում: Հայրը շարունակում էր համոզել Յանեկին, որ այս ամենը խաղ է, որ գլխավորը պահապանների աչքին չընկնելն է, այլապես նրան կտանեն չար կախարդի մոտ:

Բայց մեկ օր տղային գտնում են: Այն, ինչ կատարվում է դրանից հետո, վկայում է, որ Աստված Ինքն էր միջամտում այդ երեխայի կյանքին, քանի որ տղային չեն սպանում: Պետը ոչ մի վնաս չի հասցնում երեխային, քանի որ վերջինս իր սեփական, նույն տարիքի որդուն է հիշեցնում իրեն:

Առավոտները Յանեկը ստուգման ժամանակ պատիվ տալով՝ պետին տեղեկացնում էր, որ բոլոր բանտարկյալները տեղում են: Իսկ պաշտոնատար անձանց այցերի ժամանակ տղային թաքցնում էին:

Երբ մինչև ազատագրումը մնում էին հաշված ամիսներ, Յանեկը միամտաբար դուրս է գալիս բարաքից: Նրան նկատում է պետի տեղակալը և հրամայում միանգամից գազային խցիկ տանել: Հայրը ծնկաչոք աղաչում է նրան՝ թույլ տալ հաջողություն ասել որդուն և մի քանի օր նվիրել նրան:

Եվ նորից Աստված միջամտում է իրավիճակին. պետի տեղակալին տեղափոխում են այլ վայր ծառայելու, և նա հեռանում է:

Այդ ժամանակ Շլյայֆշտայնը թաքցնում է որդուն հոսպիտալում, որտեղ վերջինս մնում է մինչև 1945թ-ի ապրիլի 11-ը՝ Բուխենվալդի բանտարկյալների ազատագրման օրը:

1947թ-ին Յանեկի ընտանիքը կարողանում է վերականգնվել: Տղան դառնում է ամենաերիտասարդ վկան, ով ցուցմունք է տալիս Բուխենվալդի պահապանների դեմ հարուցված դատական գործի շրջանակներում: 1948թ-ին Յանեկի ընտանիքը տեղափոխվում է Ամերիկա ու հաստատվում Բրուկլինում, իսկ 1950թ-ին ծնվում է նրա կրտսեր եղբայրը: Յանեկը երբեք բարձրաձայն չի հիշում, թե ինչ է ինքը վերապրել ճամբարում, չնայած երբեք չի պառկում քնելու՝ հանգած լույսերի ներքո: Նրա հայրը բավականին վաղ է մահանում՝ 1956թ-ին, իսկ Եսթերը՝ մայրը, ապրում է ևս 40 տարի: Յանեկը աշխատում է հեռուստատեսությունում, 25 տարի ծառայում ԱՄՆ-ի խոշորագույն հեռուստահաղորդակցական «AT&T» ընկերությունում, ամուսնանում է, ունենում երեխաներ, և անգամ նրա երեխաները ոչինչ չգիտեին նրա անցյալի մասին:

Նա մինչև օրս էլ չի ցանկանում հիշել այն ամենը, ինչի միջով ստիպված է եղել անցնել: Բայց «Կյանքը հիասքանչ է» ֆիլմի թողարկումից հետո լրագրողները գտնում են նրան: Պետական արխիվում հայտնաբերվում են գրառումներ երեխայի մասին, ով ապրել է համակենտրոնացման ճամբարում:

Կես դար անց նա տալիս է ընդամենը մեկ հարցազրույց, քանի որ իր համար տանջալի էր հիշել այդ դժոխային օրերը:

Աղբյուր՝ gcshelp.org