Նոյեմբերի 30-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 30-ը՝ քրիստոնեության պատմության մեջԽաչի Սբ. Հովհանը (Սան Խուան դե լա Կրուս) ծնվել է 1542թ-ին՝ Իսպանիայի Ֆոնտիվերոս բնակավայրում: Նրա մանկությունը հեշտ չի եղել:

Հայրը՝ Գոնսալո դե Եպեսը, բավական ապահովված ընտանիքից էր, սակայն, քանի որ ամուսնանում է Կատալինա Ալվարեսի հետ, ում նրա ընտանիքը համարում էր ցածր դասի ներկայացուցիչ, Գոնսալոն զրկվում է ժառանգությունից:

Այդուհետ երիտասարդ ընտանիքն իր ամենօրյա ապրուստը հայթայթում էր՝ կատարելով չքավոր դերձակի աշխատանք:

Խուանի հայրը վաղ տարիքում է մահանում, և Կատալինան մեծ դժվարություններ է ունենում իր զավակներին հանապազօրյա հացով ապահովելու համար: Հետագայում Խուանն սկսում է հաճախել կարիքավորների համար նախատեսված դպրոց: 17 տարեկանում ընդունվում է հոգևոր ուսումնարան` համատեղելով դասերն աշխատանքի հետ:

Ժամանակի ընթացքում Խուանն զգում է, որ Տերը կոչ ունի իր համար` դառնալու կուսակրոն: Նա նաև գտնում էր, որ ապրելով աղքատության մեջ` ավելի է մոտենում Աստծուն: 1563թ-ին ընդգրկվում է Կարմելիտների միաբանության կազմում, որտեղ կարևորված էր Եղիա մարգարեի կերպարը՝ որպես Աստծո ծառայի օրինակ:

Կարճ ժամանակ անց նա հանդիպում է Թերեզա Ավիլացուն (Սանտա Տերեսա դե Խեսուս): Վերջինս կոչ էր անում կարմելիտներին՝ վերադառնալու իրենց սկզբնական խիստ կանոնակարգին: Խուանը հավանություն է տալիս այդ գաղափարին և ևս երկու համախոհների հետ 1568թ-ի այս օրը` նոյեմբերի 30-ին, բարեփոխում իրականացնում: Նա իրեն վերանվանում է Խաչի Սբ. Հովհան (իսպ. cruz՝ խաչ) և դառնում նոր շարժման հոգևոր առաջնորդը:

Որոշ ժամանակ անց Հովհանը բանտարկվում է վերադասի հրամաններին ընդդիմանալու համար: Բանտում նա սկսում է մեկնաբանություններ անել իր «Հոգու մութ գիշեր» բանաստեղծության շուրջ: Այն պատմում է ծանր փորձությունների մասին, որ հանդիպում են կյանքի ճանապարհին և խռովեցնում մարդու հոգին, որպեսզի մաքրագործեն բոլոր անօրինությունից և ցույց տան Տիրոջ փառքը:

Ընդամենն 9 ամիս անց Հովհանին հաջողվում է փախչել բանտից և հիմնել մեկ այլ քրիստոնեական համայնք:

Աղբյուր` christianity.com