Ինչպես տեսնել անտեսանելին. պապիկիս դասը

Իմ պապիկը հաճախ էր եկեղեցում պատմում մի պատմություն, որը կատարվել էր տարիներ առաջ, երբ ինքը Նյու Յորքի մի փոքրիկ եկեղեցու հովիվ էր: Ես սիրում եմ լսել այդ պատմությունը, որովհետև մասնակից եմ եղել այդ պատմությանը: Միշտ սիրել եմ եկեղեցին: Ավելին, միշտ սիրել եմ տեսնել, թե ինչպես է եկեղեցին մեծանում: Մեկ օր, երբ 7 տարեկան էի, պապիկս ու ես նստած էինք տանը ու խոսում էինք: Հանկարծ նա ասաց. «Եկ իջնենք եկեղեցի»: Ես արագ հագնվեցի, որովհետև սիրում էի եկեղեցի գնալ նրա հետ: Նա տարավ ինձ դատարկ դահլիճ, կանգնեցրեց ինձ վերջին շարքերից մեկում և ասաց. «Փակի՛ր աչքերդ»: Եվ ես լայն ժպիտով փակեցի աչքերս:

Հետաքրքված այն բանով, թե ինչ է պապիկս պատրաստվում անել՝ ես արագորեն բացեցի մեկ աչքս և արագ փակեցի, երբ տեսա, որ նա ինձ է նայում: Նա ասաց. «Մարկո՛ւս, պատկերացրու եկեղեցին մարդկանցով լցված»: Ես սպասեցի տասը վայրկյան, և հետո նա հարցրեց ինձ. «Ի՞նչ ես դու տեսնում»: Ես ասացի. «Պապի՛կ, ես ոչինչ չեմ տեսնում»: Նա սկսեց ծիծաղել, որովհետև սպասում էր, թե ես կասեմ, որ պատկերացրեցի մարդկանցով լի եկեղեցի: Բայց 7 տարեկանում ես միայն հասկանում էի մի բան. պետք է ասեմ այն, ինչ իմ աչքերն են տեսնում, իսկ ես փակ աչքերով միայն մթություն էի տեսնում:

Ավելի ուշ պարզեցի, որ պապիկս ցանկանում էր, որ ես օգտագործեի իմ երևակայությունը և տեսնեի եկեղեցին լի մարդկանցով: Նա տեսնում էր դա, և նրա տեսիլքը մեկ օր կատարվեց: Ահա թե ինչպես է Աստված կանչում մեզ տեսնելու անտեսանելին: Նա թույլ է տալիս մեզ լինել մի վայրում, որտեղ զարգացման կարիք կա, և մարտահրավեր է նետում մեր հավատքին՝ խանդավառելով մեզ տեսնել այն, ինչ չենք տեսնում:

Սպասման մեր շրջանը նույնպես այսպիսին է: Աստված մեզ դնում է որոշակի դիրքում և պատվիրում փակել աչքերն ու նայել դեպի այդ ապագան:

Ա Թագավորաց 12.16. «Եվ հիմա կանգնեցեք և տեսեք այն մեծ բանը, որ Տերն անում է ձեր աչքերի առաջին»: Ես հավատացած եմ, որ մինչ դու սպասում ես քո հրաշքին, մինչ դու սպասում ես, թե երբ ամեն բան կբարելավվի, Աստված վեր է բարձրացնում քեզ այդ քո ավերակ իրավիճակի մեջ և հարցնում. «Ի՞նչ ես դու տեսնում»: Մեզնից շատերը նման են ինձ՝ 7 տարեկան հասակում: Մենք ոչինչ չենք տեսնում: Մենք տեսնում ենք միայն այն, ինչ կա ֆիզիկական աշխարհում: Բայց այնպիսի փորձառությունը, ինչպիսին ինձ իմ պապիկն էր սովորեցնում, սովորեցնում է ուրախանալ, որովհետև այն, ինչ տեսնում ենք հիմա՝ հավիտյան չի տևելու: Եթե հիմա իմ պապիկը կրկին կանչեր ինձ այդ դատարկ եկեղեցին և տար նույն հարցը, իմ պատասխանն այլ կլիներ:

Չեմ ցանկանում, որ դու համաձայնես թշնամուդ հետ և տեսնես միայն վատը, որ կա քո կյանքում: Բաց մի թող լավը տեսնելու քո հնարավորությունը, այլապես հիասթափություն կապրես: Ուզում եմ, որ դու ժպտաս, որովհետև դու կարող ես գտնել պատճառ ժպտալու:

Պապիկս միշտ ասում էր. «Դու պետք է տեսնես դա, նախքան կտեսնես ֆիզիկական աչքերով, այլապես երբեք չես տեսնի»: Այլ խոսքերով՝ եթե քո ներկայիս հանգամանքներից այն կողմ ոչինչ չես տեսնում, երբեք կարող չես լինի տեսնելու ապագադ: Եթե ինքդ քեզ կոտրված ես տեսնում, կոտրված էլ կմնաս: Եթե ինքդ քեզ հիվանդ ես տեսնում, հիվանդ էլ կմնաս: Եթե միայնակ ես տեսնում, գուցե այդ միայնությունը երբեք էլ չանցնի: Քո ապագան կլինի արդյունքը այն ամենի, ինչը դու ցանում ես այսօր:

Թույլ մի տուր ինքդ քեզ բացասական սերմեր ցանելու ճոխությունը: Եթե այսօր քո շուրջը միայն վատն ես տեսնում, այդ վատը իր հետքը կթողնի քո կյանքում:

Թշնամին է, որ մեր հայացքը փորձում է դարձնել մեր կյանքի ամեն վատ կողմերի վրա: Սատանան ցանկանում է, որ քո կյանքին նայելով՝ միայն խնդիրներ տեսնես: Բայց Աստված կանենում է, որ հայացքդ ուղղես Իր խոստմունքներին: Աստված կամենում է, որ հասկանաս. ամեն բան ավելի լավ կլինի, եթե պարզապես հավատաս: Խնդիրը հավերժ չի տևելու: Սա պատճառներից մեկն է՝ ուրախ լինելու, քանի դեռ սպասման ընթացքի մեջ ես: Ուրախացիր ամենի համար, ինչ սպասվում է քեզ ապագայում:

Մարկուս Գիլ