Հասկացա, որ քայլել չեմ կարող… վկայություն

Հասկացա, որ քայլել չեմ կարող… վկայությունԴա կատարվեց 1991 թ-ին, երբ ես վերադառնում էի տուն մոտոցիկլով: Անսպասելիորեն շրջադարձի ժամանակ իմ առջև մեծ արագությամբ դուրս եկավ մի բեռնատար մեքենա, և վայրկյաններ անց ես արդեն այդ մեքենայի ակների տակ էի:

Հետո ինձ ասացին, որ այդ պահին բեռնատարի թափքի մեջ 7 տոննա տարողությամբ բեռ է եղել:

Ես կլինիկական մահ տարա: Իսկ երբ ուշքի եկա, հասկացա, որ քայլել չեմ կարող: Անգամ լսեցի բժիշկների զրույցը, թե, ամենայն հավանականությամբ, չեմ ապրի:

Մոտ 10 ծանր վիրահատություն ունեցա, բայց թեթևություն չէի զգում: Հակառակը, գնալով ավելի ու ավելի վատ էի զգում: Վիրահատությունների կարերը ամեն անգամ քանդվում էին, վերքերս չէին լավանում: Անգամ դրանցից մեկը՝ լուցկու տուփի չափով ու խորությամբ, արդեն կես տարի էր՝ չէր բուժվում: Ամբողջ տարի ես անցկացրի հիվանդանոցում, բայց ոչ մի մխիթարող խոսք բժիշկները չկարողացան ասել ինձ:

Եվ մեկ անգամ, երբ հաշմանդամի սայլակով մայրս ինձ տանում էր լճի ափով դեպի հիվանդանոց, մեզ մոտեցան երկու հոգի և ասացին, որ Աստված կարող է ինձ բուժել: Սկզբում ես նրանց չհավատացի, պատմեցի իմ վիճակի մասին, բժիշկների կանխատեսումների մասին: Սակայն այդ հավատքով լի մարդիկ պատմեցին ինձ Աստծո սիրո մասին, Հիսուս Քրիստոսի զոհի մասին: Ես հենց այդտեղ դրսում ապաշխարեցի, ընդունեցի Հիսուս Քրիստոսին՝ որպես իմ Տեր ու Փրկիչ, և նրանք աղոթեցին ինձ համար: Դա շաբաթ օր էր:

Կիրակի առավոտյան պրոֆեսորը իմ վիրակապը փոխելիս հանկարծ ասաց. «Չեմ հասկանում, սա ի՞նչ է: Քո վերքը, կարծես թե, բուժվել է»: Այդ ժամանակ ես նրան պատմեցի հավատացյալների աղոթքի մասին: Նա կանչեց ուրիշ բժիշկների նույնպես, և ուսումնասիրելուց հետո բոլորն էլ եկան նույն եզրակացության, որ այդ վերքը իրոք բուժվել էր: Ես ինքս ապշել էի, երբեք չէի կարող պատկերացնել, որ Աստված այդպիսի հրաշք կաներ իմ կյանքում. վերքը, որ կես տարի շարունակ չէր լավանում, հանկարծ մի գիշերվա ընթացքում բժշկված էր:

Հաջորդ օրվա համար բժիշկները նշանակեցին վիրահատություն: Վերքը լավացել էր իր ողջ խորությամբ, ուրեմն կարող էին արդեն մաշկի փոխադրում կատարել: Քանի որ արտաքինից այդ վերքի տարածքը մեծ էր, ինքն իրեն մաշկս չէր կարող այդքան աճել, որպեսզի փակեր ողջ մակերեսը, ուստի ներքին բժշկությունից հետո պետք է արտաքին միջամտություն անեին:

Այդ նույն երեկոյան նորից եկան այն հավատացյալ եղբայրները: Ես պատմեցի, որ վերքը ներքուստ լիովին լավացել է, միայն մնացել է մաշկի փոխպատվաստում անել: Նրանք ասացին. «Ինչի՞ համար վիրահատվել. մենք կաղոթենք, և մաշկդ ինքնուրույն կաճի»: Եվ, պատկերացնո՞ւմ եք, հաջորդ օրը հենց այդպես էլ եղավ: Երկուշաբթի առավոտյան վերքիս վրա իրոք կաշվի բարակ շերտ էր առաջացել: Ահա այսպես Աստված ինձ բժշկեց:

Բայց քայլել ես դեռ չէի կարողանում: Վթարի օրվանից սկսած արդեն երկու տարի էր, ինչ ես չէի քայլել: Հերթական զննումից հետո բժիշկն ասաց. «Հրաշք կլինի, եթե երբևէ օրվա մեջ գոնե երկու ժամ կարողանաս քայլել»: Բայց ես հավատում էի, որ Աստված ինձ կօգնի:

Որոշ ժամանակ անց եկեղեցում ծառայության ժամանակ սայլակին նստած՝ ես հանկարծ լսեցի, թե ինչպես մի ձայն ասաց ինձ. «Վե՛ր կաց ու քայլի՛ր»: Եվ ես զգացի, թե ինչպես իմ ոտքերը զորությամբ լցվեցին: Վեր կացա ու սկսեցի քայլել: Աստված անհնարինը հնարավոր դարձրեց:

Այժմ ես կարողանում եմ աշխատել: Ունեմ մեքենաների նորոգման սեփական արհեստանոցը: Բայց սա դեռ ամենը չէ: Այս տարի ես ամուսնացա: Աստված պարգևեց ինձ գեղեցիկ, սիրով ու հավատքով լի հրաշալի կին: Մենք երջանիկ ենք: Ապրում ենք Աստծո հետ՝ խաղաղության, սիրո ու միաբանության մեջ:

Իվան Պ.