«Երեք մաղի» օրենքը

«Երեքի միասնության» օրենքը Մի մարդ վազելով գալիս է Սոկրատեսի մոտ և ասում.

-Սոկրատե´ս, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին:

-Մեկ վայրկյան,- ընդհատում է նրան Սոկրատեսը,- իսկ մաղե՞լ ես արդյոք ասելիքդ երեք մաղով:

-Ի՞նչ մաղ,- զարմանում է այցելուն:

-Ճշմարտության: Այն ինչ ուզում ես ասել, ճշմարտությո՞ւն է:

-Դե… չգիտեմ… ես այդպես եմ լսել:

-Փաստորեն դու չգիտես` ճի՞շտ է դա, թե` ոչ: Իսկ երկրորդ` բարության մաղով մաղե՞լ ես ասելիքդ: Այն, ինչ ուզում ես պատմել իմ ընկերոջ մասին, բարի՞ է, թե` ոչ:

-Հավանաբար ոչ:

-Այդպես… Ուրեմն դու ուզում ես ինչ-որ վատ բան ասել ինձ ընկերոջս մասին և համոզված չես, որ դա ճիշտ է: Այդ դեպքում մաղենք ասելիքդ ևս մի մաղով: Դա անհրաժեշտության մաղն է: Արդյոք անհրաժե՞շտ է, որ ես դա իմանամ:

-Ո՛չ … Ամենևին անհրաժեշտ չէ:

-Ուրեմն պարզեցինք, որ քո ասելիքը զուրկ է ճշմարտությունից, բարությունից և անհրաժեշտությունից:

Հիմա ասա՛ խնդրեմ` իմ ինչի՞ն է պետք քո բերած լուրը: