Եղիսեից սովորենք աղոթել հոգևոր տեսողության համար

Եղիսեից սովորենք աղոթել հոգևոր տեսողության համար«Եւ Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. Եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը» (Դ Թագավորաց 6.17) ։

Եղիսեն տեսնում էր մի իրականություն, որն անտեսանելի էր նրա ծառայի համար: Ասորական զորքը պաշարել էր նրանց: Տեսարանն այնքա՜ն վախեցնող էր, որ Եղիսեի ծառան ակամայից բացականչում է՝ վա՜յ, իմ տե՜ր, ի՞նչ պիտի անենք:

Այս իրավիճակը նման է շատերիս կյանքի իրողություններին: Լինում են իրավիճակներ, երբ մենք տեսնում ենք միայն վտանգներն ու սպառնալիքները, երբ մենք կենտրոնանում ենք միայն խնդիրների ու դժվարությունների վրա: Մեր կյանքում մենք բախվում ենք իրավիճակների, որոնց հանդեպ մեր արձագանքը շատ նման է Եղիսեի ծառայի արձագանքին: Ավելին, մենք շրջապատված ենք մարդկանցով, որոնք միայն թշնամու զորքն են տեսնում և սարսափում են նրանց սպառնալիքներից ու հնարավոր վտանգներից:

Սակայն այս երևացող ու ակնհայտ իրականության կողքին կա մի չերևացող ու հոգևոր իրականություն: Կա մի իրողություն, որը տեսանելի չէ մարմնավոր մարդուն: Այն հոգևոր իրողություն է: Այդ իրողությանը ծանոթանալու համար նախ պետք է բացվեն մարդու աչքերը: Եղիսեն չէր վախենում: Եվ նրա խորհուրդը ծառային հենց չվախենալն էր, քանի որ իրենց հետ լինողներն ավելի շատ ու զորավոր էին, քան այդ ամբողջ զորքը: Եղիսեն աղոթեց, և Աստված բացեց նրա ծառայի աչքերը:

Աստվածաշունչն ասում է, որ Իրենից վախեցողների շուրջ Աստված հրեշտակների բանակ է կարգում: Աստվածավախություն ունեցող մարդիկ, հավատարմորեն Տիրոջը ծառայող ու Նրան իրենց ողջ էությամբ սիրող մարդիկ չպետք է վախենան ոչ մի իրավիճակից, սպառնալիքից ու վտանգներից, որովհետև մեզ հետ լինողներն ավելի շատ ու զորավոր են, քան մեր դեմ դուրս եկած ուժերը:

Ավելին, Նա, Ով մեր մեջ է ավելի զորավոր է նրանից, որ աշխարհի մեջ է: Սակայն այս ամենը գիտակցելու համար մենք պետք է Եղիսեից սովորենք աղոթել հոգևոր տեսողության համար: Աղոթե՛նք, որպեսզի բացվեն մեր աչքերը: Աղոթե՛նք, որպեսզի բացվեն մեզ շրջապատող մարդկանց աչքերը:

Աղոթե՛նք, որպեսզի մարդիկ հստակ տեսնեն Տիրոջից երկյուղ ունեցողների և Նրա երկյուղը մերժողների տարբերությունը, Տիրոջը հավատարմորեն ծառայողների և Նրան ծառայելը մերժողների տարբերությունը: Աղոթե՛նք, որպեսզի բացվեն մարդկանց աչքերը: Սովորե՛նք աղոթել:

Տեր Հիսուսի անունով հոգևոր իրողությունների ընկալման ունակություն և մարդկանց աչքերը բացվելու համար աղոթելու փափագ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան