Քո փորձությունները կարող են դառնալ քո ուսուցիչները. Լիզա Բիվեր

«Փորձությունները բացահայտում են, թե ով ենք մենք. դրանք ասես մեր «արտաքին թաղանթը» հեռացնելով՝ թույլ են տալիս մեզ տեսնել, թե ինչից ենք մենք պատրաստված» (Չարլզ Սպերջեն):

Ես համաձայն եմ Չարլզ Սպերջենի հետ: Փորձություններն իսկապես բացահայտում են մեզ: Դրանք նախատեսված են մեր ուսուցիչները լինելու, որոնք կբացահայտեն մեր իրական էությունը: Երբ հանդիպում ենք փորձությունների, հենց այդ ժամանակ է որոշվում, թե ինչպիսի աշակերտներ ենք մենք: Չնայած իմ բացթողումներին՝ ես ցանկանում եմ ճիշտ և լավ ապրել: Ես կարող եմ ընտրել՝ արդյոք հաշվի առնե՞մ այն տեղեկատվությունը, որը ջրի երես է դուրս գալիս ստուգման ու փորձությունների ժամանակ, թե՞ թողնեմ ողջ կեղտը այնտեղ, որտեղ այն կար:

Շարունակելով փորձությունները դիտարկել որպես ուսուցիչներ՝ լսեք, թե ինչ է Սողոմոնն ասում. «Լավ օրը լավությամբ անցկացրու և վատ օրը զգուշություն արա. սրան էլ Աստված նրա կշտին ստեղծեց, որ մարդս իրենից հետո մի բան չգտնի» (Ժողովող 7.14): Երբ կյանքը լավ է ընթանում, հեշտ է ուրախ լինելը: Իսկ երբ կյանքը դժվար է, մենք դիմում ենք բողոքների, դե գոնե ես եմ այդպես վարվում: Նման արձագանքը տարածված է փորձությունների ժամանակ, բայց հենց այդ ժամանակ է մեզ առաջարկվում թարմ հայացքով նայել մեր անհաջողություններին:

Սողոմոնը կոչ է անում մեզ կանգ առնել ու զգուշանալ, մտածել, որովհետև, խորհելով դժվարությունների մասին, միշտ կարելի է տեսնել ավելին, ինչ երևում է առաջին հայացքից; Նորից մեջբերում անեմ Սպերջենից, ով խոսում է փորձությունների մասին. «Ես սովորել եմ համբուրել այն ալիքը, որը գցում է ինձ հավիտենական ժայռի վրա»: Նա խոսում է այստեղ ոչ թե ժայռոտ ափի մասին, այլ Քրիստոսի՝ մեր ժայռի: Ամեն օրը նոր հնարավորություն է՝ կողմնորոշվելու, թե ինչպես արձագանքես կյանքի ալիքներին: «Սովորել համբուրել ալիքը» նշանակում է, որ մենք գնահատում ենք այն դասերը, որ տրվել են մեզ շինության համար և տանում են աճի, եթե թույլ տանք Աստծուն աշխատել մեզ հետ մեր վշտերի ժամանակ, քանի որ Նա դա անհրաժեշտ է համարում:

Եթե մենք ընդունենք պաշտպանողական դիրք, այդժամ ցանկացած խնդիր, որը դուրս կգա լույսի մեջ, կմնա խնդիր: Եթե մենք խոնարհվենք, ապա փորձությունը թույլ կտա Սուրբ Հոգուն մեզ ավելի խորը դարձնելու և, հետևաբար, մեծացնելու մեր զորությունը՝ ապրելու բարեպաշտ ձևով: Խորությունը հնարավոր չէ գնել. դրան հասնում են: Այն գալիս է, երբ մենք բավականաչափ խիզախ ենք՝ լինելու ազնիվ: Այս իմաստով խորությունը ավելի նման է մկանների, որոնք զարգանում են հետևողական մարզումների հետևանքով:

Մեր կյանքի խնդիրները, չվնասելով մեր «ով» լինելը, բացահայտում են, թե ինչից ենք մենք «պատրաստված»: Փորձությունները թույլ են տալիս մեզ նմանվելու Քրիստոսին և դառնալու ավելի հաստատուն: Դրանք մաքրում են մեր հիմքը՝ «հողը», որի մեջ տկնված ենք, և հեռացնում ամեն բան, ինչն արգելք է մեր հետագա աճի համար: Այդ դժվարությունները  նախատեսված են մեզ կատարելագործելու համար և լայնացնելու մեր հնարավորությունները ապագայում:

Փորձությունները իսկական ուսուցիչներ են: Հարցը նրանում է, թե ինչպիսի աշակերտներ ենք մենք: