Միայն Աստված է ոգեշնչում հանճարեղ մարդկանց. Էժեն Դելակրուա

ԴելակրուաԷժեն Դելակրուան՝ բարձրաշխարհիկ իշխանավորի և դեսպանի որդին, կայսրության գեներալի եղբայրը, մուտք գործեց գեղանկարչության աշխարհ, երբ արդեն որբ էր և միայնակ: Երբեմն նա չգիտեր՝ որտեղից գումար հայթայթեր ճաշելու համար: Բայց պատահական չէ, որ նրա վիմագրությունների առաջին շարքը կրել է «Հավատքի հաղթարշավը» խորագիրը: Դելակրուայի ստեղծագործությունը 19-րդ դարի համաշխարհային արվեստի բարձունքներից է: Նա համարվում է ռոմանտիզմի ուղղության հիմնադիրը եվրոպական կերպարվեստում: Այսօր ձեզ ենք ներկայացնում այդ հանճարեղ մարդու մտքերից՝ կյանքի, հավատքի, մարդկային փոխհարաբերությունների և իրական արժեքների մասին:

«Ապրել պարզապես նյութական խնդիրներով՝ խայտառակություն է իմ անմահ հոգու համար: Եթե աշխատեմ իմ սրտի վրա, այն լույս կգտնի, որն էլ կլուսավորի ուրիշներին»:

«Պետք չէ ընկնել գովեստների հետևից. դրանք քամու նման են: Պետք է վայելել զուտ աշխատանքը և դրան հաջորդող հանգստի այն րոպեները, որ գնված են բարերար հոգնածության գնով»:

բարի

«Փարիզից դուրս ես ինձ ավելի շատ եմ մարդ զգում. Փարիզում ես պարզապես պարոնայսինչն եմ: Ամեն քայլափոխի հանդիպում եմ միայն պարոնների և տիկինների, այլ կերպ ասած՝ տիկնիկների: Իսկ այստեղ՝ գյուղում, ես տեսնում եմ նավաստիների, ագարակատերերի, զինվորների, ձկնավաճառների: Քաղաքի այն փափկասուն մարդկանց, ովքեր  արթնանում են առավոտյան և զգում, որ օդը թարմացել է, մտքով անգամ չի անցնում, որ իրենցից ոչ շատ հեռու ապրում են դժբախտներ, որոնց այդ ցուրտը հուսահատ է դարձնում: Նրանք պարզապես պատվիրում են, որ կրակ վառեն…»:

«Մենք աշխարհում ամեն ինչի մասին դատում ենք՝ ըստ մեր նեղ մտահորիզոնի և դուրս չենք գալիս մեր սովորություններից: Լոնդոնի կամ Փարիզի բնակիչն ավելի է հեռացել գեղեցիկի ճիշտ զգացողությունից, քան այն անկիրթ մարդը, որ ապրում է քաղաքակրթությանն անհաղորդ եզերքում: Մենք գեղեցիկը տեսնում ենք միայն բանաստեղծի կամ նկարչի երևակայության միջոցով: Իսկ նա գտնում է այն իր աստանդական կյանքի յուրաքանչյուր քայլափոխին»:

Հիսուս «Աստված մեզանում է, Նրա ներկայությունը ստիպում է մեզ խոնարհվել գեղեցկության առջև, ուրախանալ մեր բարի արարքով և չնախանձել չարագործների երջանկությանը: Նա, և ուրիշ ոչ ոք, ոգեշնչում է ուղարկում հանճարեղ մարդկանց: Նրանք ներքին բավարարվածություն են գտնում իրենց ներշնչման կոչին հնազանդ լինելուց՝ գտնելով վարձատրությունը հենց դրանում, այն ժամանակ, երբ հուսահատությունը կարող է այցելել ամբարիշտներին նույնիսկ նրանց խնջույքների ժամանակ»:

«Ես չեմ կարող և չպետք է ապրեմ այլևս ոչնչի համար, բացի հոգուց. սնունդը, որ այն պահանջում է, ավելի անհրաժեշտ է իմ կյանքի համար, քան այն, որի կարիքն ունի իմ մարմինը»:Էժեն

«Եթե կարողանաս քո անձի ողջ զորությամբ հավատալ ամենակարող Աստծուն, Ով դրել է մեր սրտում պարտքի զգացումն ու խիղճը, ապա քո բոլոր տատանումներն ու կասկածները կավարտվեն: Որովհետև, խոստովանի՛ր, որ միայն մեկ բան է շփոթեցնում քո կարճատև օրերը՝ այս կյանքը և վախն այն կորցնելու համար: Իսկ որքա՜ն խաղաղ կընթանային այդ օրերը, եթե դու տեսնեիր վերջում Աստվածային Հոր գիրկը, որ պատրաստ է ընդունել քեզ անսահման ու անօրինակ սիրով»:

Պատրաստեց Գոհար Ավագյանը