Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան օրն է

Նոյեմբերի 19-ը հայ գրող-երգիծաբան և լրագրող, 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ներկայացուցիչներից մեկի՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան օրն է: Այս առիթով ներկայացնում ենք ծաղկաքաղ նրա խոսքերից:

«Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք»:

«Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է»։

«Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք»։

«Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր»։

«Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է՝ կը տեսնվին, երբ ամպոտ է՝ չեն տեսնվիր»։

«Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալու գաղտնիքը բնական օրէնքով միայն կը լուծւի. ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթևները վեր կելնեն» ։

«Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին»։

«Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ… իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս… անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր…»:

«Անանկ ժամանակի մը մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են»։

«Գովեստն, մանավանդ չափազանցն, այնքան ախորժելի է, որ առյուծն կզիջանի ընդունել զայն նույնիսկ ճանճե մը»։

«Պարտություն խոստովանիլը՝ հայտնապես քաջերու գործ է»։

«Ծուլությունը անողորմ խորթ մոր մը կընմանի, որ յուր զավակունքը անոթության մեջ կը թողու»։

«Ինչ որ բերանի համար քաղցր է, սրտի համար դառը կըլլա»։

«Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն»։

«Ատոնք սուտ խոսալներուն լեզուն կըկտրեին. եթե այս սովորությունը նորեն մտնե, քիչ մարդ պիտի տեսնենք, որ բերնին մեջ լեզու ունենան»։

«Հայհոյանքը փաստի սով է»։