Ընդամենը 10 վայրկյան՝ ձեր գոյությունը արդարացնելու համար

Փրկելով մեզ՝ Հիսուսը մեզ նաև տվել է նոր էություն, որ գտնում ենք Իր մեջ: Մենք այլևս օտար կամ որբ չենք Աստծո առջև. մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք և Քրիստոսի լավագույն ընկերները: Եվ որպես Աստծո երեխաներ՝ մեզ տրվել են հատուկ պարգևներ, որպեսզի կիրառենք դրանք Իր Արքայությունում:

Մի՞թե սա ավելի լավ չէ, քան ցանկացած այլ ինքնություն, որը կարող էինք ստանալ մեր գործերի շնորհիվ:

«Որովհետև նրա հանգիստը մտնողը ինքն էլ հանգստացավ իր գործերիցը. ինչպես Աստված էլ իրեններիցը» (Եբրայեցիս 4.10):

Մենք այլևս աշխատանք չենք թափում, որպեսզի «վաստակենք» մեր ինքնությունը, որովհետև մենք ստացել ենք այն Քրիստոսի միջոցով:

Մեր հոգիների համար հեշտ չէ դա ընդունելը: Մենք մեր ներսում կրում ենք անարժանության և ամոթի զգացումը, որը մեղքի աշխարհ գալու արդյունքն է: Առաջին անգամ մարդը ամոթ վերապրեց իր մերկության պատճառով: Մինչև մեղքի աշխարհ գալը մենք մերկ էինք, բայց չէինք ամաչում դրանից, որովհետև մենք մեզ Աստծո սիրով զգեստավորված էինք զգում: Բայց հետո մենք գիտակցեցինք մեր մերկությունը, և հիմա ամեն հոգի անհրաժեշտություն է զգում հագուստ գտնելու՝ ծածկվելու համար:

Մենք անում ենք դա հազար ու մի տարբեր միջոցներով, բայց ամենատարածվածներից մեկը գործերի մեջ սեփական նշանակալիության որոնումներն են:

Դրա հստակ օրինակը երևում է օսկարակիր «Կրակե կառքեր» ֆիլմում, որում պատմվում է շոտլանդացի երկու փոքր տարածության վազորդների հաջողության մասին 1924թ-ի օլիմպիական խաղերում: Նրանցից մեկը՝ Էրիկ Լիդելը, Աստծուն լիակատար նվիրված մարդ էր, ֆիլմում նա ասում է հետևյալ խոսքերը. «Ես վազում եմ, որպեսզի փառաբանեմ Աստծուն, և երբ վազում եմ, զգում եմ, որ Նա գոհ է ինձնից»:

Այս ֆիլմի բացասական կերպարը՝ Հարոլդ Աբրահամսը, վազում էր ոչ թե Աստծուն հաճեցնելու, այլ Իր նշանակալիությունը ապացուցելու համար: Վազքը տալիս էր նրան, իր խոսքերով, «ընդամենը տասը վայրկյան՝ արդարացնելու իր ողջ գոյությունը»:

Ձեր բոլոր գործերը արվում են հանուն այս երկու նապատակների. կամ որպես զոհ՝ հանուն Աստծո փառքի, կամ որպես միջոց՝ արդարացնելու ինքներդ ձեզ: Եվ եթե ձեզ անհրաժեշտ է արդարացնել ձեր գոյությունը ընդամենը 10 վայրկյանում, կամ շաբաթական ընդամենը 70 ժամվա ընթացքում, ապա «հանգստի» մասին խոսք գնալ չի կարող: Դուք երբեք չեք կարողանա հանգստանալ, որովհետև միշտ հարցնելու եք ինքներդ ձեզ. «Արդյոք ես բավականաչա՞փ աշխատանք արեցի: Արդյոք ես իրո՞ք ունեմ արժեք: Արդյոք ես գնահատվա՞ծ եմ»:

Ավետարանն ասում է, որ դուք ունեք նոր էություն Քրիստոսի մեջ: Դուք արքաների Արքայի ընտրյալ որդին կամ դուստրն եք, Ով փրկել է ձեզ ու ծրագրել օգտագործելու ձեզ Իր Արքայության մեջ դեռևս աշխարհի սկզբից առաջ, և այդ ինքնությունը ավելի լավն է, քան այն մեկը, որ կարող է տալ ձեզ ինչ-որ բանում հաջողությունը:

Ես ընտրված եմ և նախասահմանված Նրա մեջ: Եթե ես ունեմ Նրա բարեհաճությունը, ոչ ոքի հավանությունն ինձ պետք չէ: Եվ, ըստ էության, ես դրա կարիքն էլ չեմ ունենա:

Ես շատ երկար ժամանակ իմ սեփական անձը գնահատում էի՝ ըստ այն բանի, թե որքան հաջողակ եմ ես և որքան աշխատանք եմ իրականացնում: Որքան լավն էր իմ վերջին քարոզը, այնքան ես լավն էի: Կիրակի առավոտը ինձ անհրաժեշտ էր այդ 45 րոպեն՝ իմ գոյությունը արդարացնելու համար:

Անգամ երբ իմ քարոզների հետ ամեն բան կարգին էր, ես իմ մասին դատում էի՝ ըստ այն բանի, թե որքան լավ էին գործերն ընթանում եկեղեցում: Եթե եկեղեցուց սկսում էին մարդիկ հեռանալ, կամ ինչ-որ վատ բան էր կատարվում մեր անդամների հետ, ես պարզապես ընկնում էի դեպրեսիայի մեջ: Դա ինձ հանգեցնում էր մի վիճակի, երբ մշտապես անհանգիստ էի, ճնշված ու պարուրված անհիմն վախերով: Նախկինում եկեղեցուն մոտենալիս անհընդհատ մտածում էի՝ իսկ ի՞նչ, եթե սա հենց այն օրն է, երբ բոլորը որոշել են հեռանալ եկեղեցուց, և ես միայնակ եմ լինելու այդ շենքում, իհարկե, իմ կնոջ՝ Վերոնիկայի հետ, ով առաջին շարքում նստելով՝ լսելու է մեկ այլ հովվի քարոզ (որովհետև այդ քարոզչին ավելի սրամիտ է համարում):

Իմ ինքնությունը կախված էր հաջողությունից: Անգամ երբ հանգստյան օր էի վերցնում, իրականում չէի հանգստանում, որովհետև իմ հոգին շարունակում էր ինչ-որ բանի մասին տագնապ վերապրել: Իրավիճակը փոխելով՝ ես մնում էի նույնքան ճնշված:

Սա իմ աղոթքն է. «Քրիստոսի մեջ ես ոչինչ չեմ կարող անել՝ ստիպելու Քեզ սիրել ինձ ավելի շատ. և ոչինչ այն ամենից, ինչ արել եմ, Քեզ չի ստիպի՝ ավելի քիչ սիրել ինձ:

Դու ամենն ես, ինչի կարիքը ես ունեմ հավիտենական ուրախության համար»:

Շաբաթը, որ Մովսեսն ու Հեսուն սահմանել էին Հին Կտակարանում, վերջնական հանգիստը չէր ապահովում, այն խոսում էր Հիսուսի մասին, Ով պետք է մեզ մտցներ վերջնական հանգստի մեջ:

Առանց Քրիստոսի՝ դուք «աշխատելու» եք անգամ այն ժամանակ, երբ հանգստանում եք: Քրիստոսի հետ դուք կարող եք հանգստանալ՝ անգամ աշխատանքի ժամանակ:

Ջ. Դ. Գրիար