5 պատճառ, թե ինչու ձեր երեխաները չեն ցանկանում գնալ եկեղեցի

  1. 5 պատճառ, թե ինչու ձեր երեխաները չեն ցանկանում գնալ եկեղեցիԵրկակի կյանք

Ես գիտեմ մարդկանց, ովքեր հիասթափվել են եկեղեցուց մասնավորապես իրենց ծնողների կեղծավորության պատճառով: Նրանք պատմում են ինձ, որ ծնողներն իրենց տանը դրսևորում են մի կերպ, եկեղեցում՝ մեկ այլ:

Ճշմարտությունն այն է, որ աշխարհը լի է կեղծավորությամբ, և մենք էլ, ժամանակ առ ժամանակ, հայտնվում ենք դրա մեջ, բայց երբ դա պարզորոշ երկակի կյանք է դառնում քեզ համար, կարող է պատճառ լինել, որ քո երեխաները եկեղեցի հաճախելը ընդունեն՝ պարզապես որպես մի ցուցադրություն:

Երեխաները կտեսնեն, որ եկեղեցին մի խաղ է, որտեղ դու խաղում ես մի կերպ, բայց ապրում՝ մեկ այլ կերպ, ասում ես խոսքեր տանը, որոնք չես ասի եկեղեցում: Եվ լուրջ չեն վերաբերվի եկեղեցի գնալուն:

  1. Ոչ մի անձնական շփում Քրիստոսի հետ

Յուրաքանչյուր երեխա, որ ծնվում է վերստին, ցանկություն է ունենում ավելի շատ բան իմանալ Քրիստոսի մասին: Մարդը՝ երիտասարդ, թե ծեր, երբ Քրիստոսով նոր ստեղծված արարած է դառնում (Բ Կորնթացիս 5:17), սկսում է ունենալ նոր իղձեր ու փափագներ, և շատերն անում են գրեթե ամեն բան, որ հասնեն եկեղեցի՝ Քրիստոսի մասին ավելի շատ բան սովորելու համար, բայց եթե չկա Աստվածաշնչի ընթերցանություն, ակնառու աղոթքի կյանք, կամ որևէ հետաքրքրություն Աստծո կամ Աստվածաշնչի հանդեպ, ձեր երեխայի աչքից դա չի վրիպի:

  1. Թույլ կամ բացակայող մանկական ծառայություն

Տարիներ առաջ ես մասնակցում էի մի եկեղեցում, որտեղ մենք ունեինք երբևիցե իմ ճանաչած ամենաօծված մանկական ուսուցիչները: Նրանք այնքան շատ մանուկների էին ներգրավել այդ ծառայության մեջ, և երեխաներն անհամբեր սպասում էին, թե երբ են եկեղեցի գնալու: Եթե ձեր եկեղեցին չունի մանկական ծառայություն, ուրեմն պատճառներից մեկը, որ ձեր երեխաները եկեղեցի գնալ չեն ուզում, այն է, որ անյտեղ նրանց համար ոչինչ չկա անելու:

Մի պահ մտածե՛ք, երեխաներին խնդրում են նստել մեկ ժամ, ևս մեկ ժամ և կես ժամ ու մնալ հանդարտ, լուռ լինել, չշարժվել և չշեղվել. դա ծանր է, անգամ չափահասների համար, որքան առավել՝ երեխաների համար: Երբ ամենամեծ որդիս բավականին մեծ էր՝ մեզ հետ նստելու եկեղեցու ծառայությանը, ես տվեցի նրան Աստվածաշնչի վրա հիմնված գրքեր գունավոր էջերով, փազլ բառերով և աստվածաշնչյան համարներով:

Ես չեմ ասում, որ սա ամեն բան լուծում է, բայց երեխայի համար ավելի հեշտ է լինում նստել այդ երկար ժամանակահատվածը: Երբ նա ավելի մեծացավ, արդեն վերցնում էր Աստվածաշունչն ու հետևում դրան ընթերցման ընթացքում:  

  1. Դա ձանձրալի է

Ես լսեցի, որ մի անգամ մի մայր ասաց. «Եթե ևս մեկ անգամ լսեմ, թե դա ձանձրալի է, դու փակի տակ կմնաս»: Ծնողնե՛ր, մեզ գուցե դուր չգա, բայց ստիպված ենք ընդունել այն փաստը, որ մեր երեխաները միշտ չէ, որ սիրում են եկեղեցի գնալը, և այո՛, հնարավոր է, որ նրանք ձանձրանում են:

Իմ ամենամեծ որդին հիմա իր սեփական երեխաներն ունի (նրանք երեքն են) և պատմում է ինձ, որ ամեն ժամանակ եկեղեցում, երբ նա նստում էր, և թվում էր, թե չի լսում, նա իրականում լսում էր: Նա ասում է, որ ամեն ինչ չէ, որ գալիս էր մի ականջով և անցնում մյուսով:

Որոշ մասը մնում էր, և դա լավ է: Այո՛, երեխաները չեն սիրում գնալ եկեղեցի, քանի որ ձանձրանում են, բայց մենք ոչ թե սպառնալիքով, այլ համբերատարությամբ ու սիրով, տարբեր իմաստուն հնարքներով պետք է առաջնորդենք նրանց ճշմարտությանը: Ի վերջո՝ նրանք «կուզեն» ձանձրանալ, որովհետև կիմանան, որ դա է նրանց համար լավագույնը: 

  1. Նրանց ընկերները

Մեկ այլ պատճառ, որ ձեր երեխաները եկեղեցի գնալ չեն ուզում, այն է, որ նրանց ընկերներն այնտեղ չեն: Գուցե էլի կան երեխաներ, որ մասնակցում են, բայց նրանք միևնույն տարիքի չեն: Գուցե ընդհանրապես երեխաներ չկան եկեղեցում: Կարող է պատահել նաև, որ նրանց ընկերները լինեն անհավատ և մտածեն, որ քրիստոնեությունը հիմար բան է:

Փոքր երեխաները կարող են շատ կոպիտ լինել իրենց ընկերների հանդեպ քաղաքական և կրոնական հարցերի շուրջ: Սա կարող է ծաղրանք առաջացնել, երբ երեխայիդ ընկերներն ուզում են գնալ որևէ մի տեղ, բայց նա չի կարող, որովհետև «ստիպված է եկեղեցի գնալ»: Նրանք անգամ կարող են մի քանի ընկերներ կորցնել իրենց հավատի համար, բայց ես հավատում եմ, որ եթե այդպես էլ լինի, դրանք չեն լինի այն ընկերները, որոնց կարիքը ձեր երեխաները հետագայում կունենան:

Շատ ժամանակ նրանք կարող են դժգոհել, որ եկեղեցում ոչ ոքի չեն ճանաչում կամ ընկերներ չունեն: Ահա այստեղ է, որ ծնողները կարող են ներգրավվել եկեղեցական խմբերի մեջ կամ գնալ ինչ որ տեղ՝ ուտելու, մյուս ծնողների և իրենց երեխաների հետ միասին: Երբ տղաս ինձ ասաց. «Ոչ ոք ինձ չի սիրում, ես ոչ մի ընկեր չունեմ», ես նրան ասացի. «Որպեսզի գտնես ընկեր, եղի՛ր ընկեր… բայց դու պետք է առաջին հերթին ինքդ քեզ սիրես»:

Ամփոփում

Մեզնից յուրաքանչյուրը մի օր կհանդիպի Աստծուն և հաշիվ կտա իր ամեն դատարկ խոսքի և ամեն դատարկ գործի համար, և մենք չենք կարող ասել. «Սպասի՛ր, Աստվա՛ծ, թույլ տուր գնամ հայրիկիս բերեմ… մի վայրկյան սպասի՛ր, Աստվա՛ծ, թույլ տուր գնամ մայրիկիս բերեմ»: Քեզնից բացի այնտեղ ոչ ոք չի կանգնի: Ինչպես օրենքի դատարանում դատավորը չի խնդրի հանդիպել քո մոր հետ, կամ քո եղբորը չի խնդրի քո փոխարեն առաջ գալ: Այն, որ դու ունեցել ես վատ մանկություն, չի կարող արդարացում լինել քեզ համար:

Այո՛, քո ծնողները կատարյալ չէին, բայց դու էլ կատարյալ չես, և ես էլ: Մենք կտեսնենք Աստծո դատաստանը մեր կյանքում կատարված ամեն մի գործի վրա (Հայտնություն 20:12), բայց եթե Աստված մեզ բերել է ապաշխարության, և մենք մեր վստահությունը դրել ենք Քրիստոսի վրա, մենք չենք դատապարտվի մեր մեղքերի համար: Դա արված է: Դա ներվել է: Աստված հինն այլևս չի տեսնում, փոխարենը՝ Նա տեսնում է Հիսուսի արդարությունը (Բ Կորնթացիս 5:21):

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը