Նոյեմբերի 15-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 15-ը՝ քրիստոնեության պատմության մեջՋոզեֆ Մուկասան խիզախ անձնավորություն էր: Մի երկրում, ուր թագավորն ուներ բացարձակ իշխանություն, նա որոշում է ենթարկվել միակ Արքային՝ Հիսուսին:

Անգլիկան և կաթոլիկ միսիոներներն Ուգանդա էին գալիս 19-րդ դարից: Նրանք ջերմ ընդունելության էին արժանանում Մուտեսա թագավորի կողմից, թեև նա անձամբ քրիստոնյա չէր: Սակայն կարճ ժամանակ անց արքան հանկարծամահ է լինում երիտասարդ տարիքում: Նրա որդին ժառանգում է գահը: Վերջինս հոր պես բարի և հյուրընկալ չէր, ընդհակառակը՝ դաժան էր և փոքրոգի: Գահակալման առաջին տարիներին նա մահվան է դատապարտում 3 բողոքական քրիստոնյայի: Ավելի ուշ՝ նույն տարվա ընթացքում, նրա զորքերը սպանում են Անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Ջեյմս Հեննինգթոնին և նրա հետ ճամփորդող մի խումբ աֆրիկացիների:

Ջոզեֆ Մուկասան թագավորական ընտանիքի անդամ էր և քրիստոնյա: Քանի որ նա խաղաղասեր անձնավորություն էր, Մուտեսա արքան նրան տալիս է «Balikuddembe» մականունը (նշ. նրանք խաղաղություն կունենան): Նորընտիր արքային Մուկասան հանդիմանում էր Հեննինգթոնին սպանելու համար՝ չտալով նրան խոսելու հնարավորություն:

Ի վերջո, այլևս չհանդուրժելով Մուկասայի կշտամբանքները և նրա քրիստոնեական գործունեությունը, արքան իր մի քանի հեթանոս համախոհ նախարարների հետ որոշում է սպանել նրան:

Այսպես, 1885թ-ի այս օրը՝ նոյեմբերի 15-ին, պահակախումբը Մուկասային ձերբակալում է: Նախքան իր գլխատվելը, Մուկասան դիմում է նախարարներին. «Դուք ինձ հետ անարդարացիորեն եք վարվում»: Նա ներում է բոլորին և կոչ անում «փոխել իրենց կյանքի ընթացքը»: Գլխատելուց հետո նրա մարմինն այրում են:

Ոգեշնչվելով Մուկասայի հերոսական մահով՝ Ուգանդայի եկեղեցին սկսում է արագորեն աճել և մեծանալ: Հետագայում մեկ այլ քրիստոնյա զբաղեցնում է Մուկասայի տեղը պալատում և շարունակում նրա գործը:

Աղբյուր՝  christianity.com