Միկրոչիպերը հասնում են Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի աշխատակիցները կարող են լինել հաջորդը, ում մաշկի տակ կտեղադրեն միկրոչիպեր. այս քայլը տագնապ է առաջացրել քննադատների մոտ:

Telegraph-ի փոխանցմամբ՝ բրիտանական որոշ ընկերություններ ծրագրում են տեղադրել այդ փոքր սարքավորումները մի քանի անձնակազմերում՝ պնդելով, որ այս քայլը կբարելավի անվտանգության մակարդակը:

«Biohax» շվեդական ընկերությունը, որն էլ մարդկանց համար չիպ-իմպլանտների մատակարարն է, արդեն բանակցություններ է վարում իրավաբանական և ֆինանսական ընկերությունների հետ՝ վերջիններիս մի քանի աշխատակիցների մաշկի տակ չիպեր տեղադրելու վերաբերյալ:

Ընկերության հիմնադիր Ջովան Օստերլունդն ասում է, որ միկրոչիպերն արագացնում ու հեշտացնում են առօրեական խնդիրները: Օրինակ՝ փոքրիկ չիպերը, որոնք ներարկում են ցուցամատի և բութ մատի միջև, թույլ են տալիս մարդկանց բացել մուտքի դուռը, գրասենյակի մուտք ստանալ կամ ձեռքի մի շարժումով աշխատեցնել մեքենան: Դրանք կարող են պարունակել նաև բժշկական տվյալներ:

Որոշ քննադատներ էլ ասում են, որ դա լուրջ խնդիրներ կբարձրացնի՝ կապված  գաղտնիության հետ:

Մեծ Բրիտանիայի արհմիությունների կոնգրեսը (TUC) մտահոգություն է հայտնել առ այն, որ աշխատակիցները կարող են պարտադրված լինել չիպերի տեղադրմանը:

«Մենք գիտենք, որ աշխատողները արդեն անհանգստացած են այն իրողությամբ, որ որոշ գործատուներ տեխնոլոգիաները օգտագործում են վերահսկման նպատակով՝ կրճատելով իրենց աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Միկրոչիպերը կտան ղեկավարներին ավելի մեծ իշխանություն և վերահսկողություն իրենց աշխատողների հանդեպ: Կան ակնհայտ վտանգներ, և գործատուները չպետք է աչքաթող անեն դրանք կամ ճնշեն անձնակազմին»,- ասել է TUC-ի գործադիր քարտուղար Ֆրենսիս Օ’Գրեյդին:

Չնայած վերոնշյալ մտահոգություններին՝ «Biohax» ընկերությունը առաջընթաց է գրանցում՝ ծրագրելով բացել իր գրասենյակը Լոնդոնում:

Ի լրումս գաղտնիության խնդիրների՝ բազում քրիստոնյաներ նույնպես մտահոգված են միկրոչիպերի տեղադրմամբ՝ ասելով, որ դրանք կարող են լինել «գազանի նշանի»-ի ի հայտ գալու նախերգանքը, ինչի մասին խոսվում է մարգարեություններում: Հայտնության 13-րդ գլխում ասվում է, որ դա կլինի «դրոշմ … աջ ձեռքումը կամ նրանց ճակատումը»: