Գնա սիրո հետևից. չկա մեկ այլ ճանապարհ

Գնա սիրո հետևից. չկա մեկ այլ ճանապարհԱշխարհ… Միլիարդավոր մարդիկ… Անդադար շարժվող «մրջնաբույն»: Մարդիկ գնում են, գալիս են, թռչում են… Տանում են, քարշ տալիս, բերում… Կառուցում, քանդում, նորից կառուցում… Ծերանում… Մահանում… Կյանքի փակ շրջան: Ուզում ես, թե՝ ոչ, բայց դու էլ այդ շրջանի մեջ ես: Դու էլ կանցնես երկրային այս ճանապարհը:

Այդպես է մտածում մարդկանց մեծ մասը՝ ծնվում ես, ապրում ու մեռնում… Բոլորը չէ, որ գիտեն, որ այն պահին, երբ դու ծնվեցիր, դու ծնվեցիր մեկընդմիշտ: Քո մարմինն է, որ կծերանա և մոխրի կվերածվի… Երկրային այս «մրջնաբույնի» մեջ այժմ ապրելու են քո երեխաները, թոռները, ծոռները… Բայց դու չես մահանա… Դու ընդամենը կիջնես մի նավից, որը տիեզերքում Երկիր է կոչվում:

Դա նման է սառցաբեկորից ցած իջնելուն: Դու լողում էիր նրա վրա և չգիտեիր, որ այդ սառցաբեկորի ներքևի հատվածը շատ անգամ ավելի մեծ է, քան այն մեկը, որ տեսել ես նավարկության օրերին: Մեկ օր Երկիրը քեզ ավազահատիկ կթվա, որովհետև դու կտեսես մեկ այլ աշխարհ… անսահման մի աշխարհ:

Կա ևս մեկ գաղտնիք, որի մասին շատերը չգիտեն: Կյանքի հազարավոր ճանապարհներ տանում են դեպի հազարավոր դռներ, որոնց հետևում անդունդ է: Այդ անդունդում կա ցավ: Միայն ցավ, ուրիշ ոչինչ: Մարդկանցից ոչ ոք չի ցանկանում այնտեղ հայտնվել: Մարդու ներսում ամեն բան այնքան է ընդդիմանում դժոխքին, որ մարդը աղաղակում է. «Ո՛չ, սա սուտ է: Ոչ մի դժոխք էլ գոյություն չունի»:

Այդ աղաղակի մեջ հուսահատություն կա… Երբեմն կա վստահություն, որովհետև համոզված լինելն ավելի հեշտ է… Համոզվածությունն անանցանելի պատի պես քեզ բաժանում է քո վախից: Իսկ հետո… հետո հանկարծ ճշմարտությունն է պարզվում…

Չեմ դատում այդ մարդկանց: Գիտեմ, որ հեշտ չէ գտնել հազարավոր ճանապարհների մեջ միակը, որը տանում է ոչ թե ներքև, այլ վերև՝ Երկինք: Ընդամենը մեկ ճանապարհ կա, որի հետևում կա ընդամենը մեկ դուռ: Նեղ մի արահետ… Անգամ, եթե գտնես այն, դժվար է քայլել այդ ճանապարհով, երբ բոլորն ամեն կողմից հրում են, ծիծաղում, դեպի իրենց քաշում:

Ախր նրանք համոզված են… Նրանք շատ են… Նրանց ճանապարհները լայն են ու ավելի շքեղ անգամ գերմանական պողոտաներից: Իսկ դու… ինչպե՞ս դու կարող ես դեմ գնալ միլիոններին: Մտերիմներիդ… Ընդդեմ հոսանքի գնալ ու քայլել նեղ արահետով:

Կյանքում ոչ մի այլ իմաստ չկա: Միայն մեկ նպատակ՝ հազարավոր ճանապարհներից գտնել խավարի մեջ կորսված, աներևույթ մի ճանապարհ: Բայց եթե չգտնես, ուրեմն ամեն բան զուր է եղել:

Լինես տիեզերագնաց, նախագահ, մեծ գիտնական. նշանակություն չունի, անդունդն այդ կուլ է տալիս բոլորին՝ առանց տարբերակումներ դնելու: Անունդն անգամ չի հարցնի ո՛չ ազգությունդ, ո՛չ տիտղոսներդ ու կոչումներդ, ոչինչ չի հետաքրքրում նրան:

Քեզ կհիմարեցնի քեզ ու միտքդ կգողանա՝ փոխարենը գլուխդ լցնելով այլ մտքեր, թե թողնո՞ւմ ես արդյոք երեխաներիդ լավ տուն, մեքենա, գումարներ… Բայց այնտեղ այլևս չես մտածի դրանց մասին, հակառակը, այնտեղ կտառապես այն բանից, որ երեխաներիդ գլխավորը չես թողել՝ ցույց չես տվել հավիտենական դռան ճանապարհը: Ինքդ չգնացիր՝ հիմարի պես, երեխաներիդ էլ սխալ ճանապարհ ցույց տվեցիր՝ իշխանության, ուժի, փողի, խավարի լայն ճանապարհը:

Ինչպե՞ս այդ հազարավոր լուսամփոփներով ողողված ճանապարհների մեջ այդ նեղ արահետը գտնել: Կասե՛մ: Մի՛ նայիր  այդ երկրային փայլին, որը լույս տալով՝ ասես շշնջում է. «Խավար չկա: Դու մի պահ նայիր, թե ինչ գույներ են շուրջդ»: Սուտ է… Սովորական, քաղցր սատանայական մի սուտ: Այդ կարճաժամկետ փայլի մեջ դու չես տեսնի իմաստության ու սիրո լույսը: Այն հեշտ չէ տարբերակել: Բայց միայն դա է տանում նեղ այդ արահետով դեպի Երկինք:

Մեկ օր այդ լույսը Երկնքից իջավ մեզ մոտ: Հետո նա դուրս եկավ մարդկանց մոտ ու լուսավորեց նրանց: Շատերը ընդունեցին այդ լույսը, ու իրենք էլ վառվեցին դրանով: Իսկ շատերը նախանձեցին, ուզեցին հանգցնել քարերով, սրերով, խաչափայտով…

Նույնը այսօր է, ոչինչ չի փոխվել:

Դժվար է… Դժվար է գտնել երկնային լույսը այնտեղ, որտեղ բոլորը իրենց «լուսավոր» են համարում ու պահում Աստվածաշունչը հեռախոսի մեջ: Բայց դու փնտրիր: Փնտրես՝ կգտնես: Այդ լույսը այնտեղ է, որտեղ պատրաստ են գրկել, կերակրել, տուն տալ, տանել հետևից, տառապել քեզ համար և անգամ… մահանալ քեզ համար: Ոչ թե մեծ բեմին: Գեղեցիկ խոսքերով: Այլ մահանալ սովածների ու սգավորների մեջ… Այրիի տանը… Ծերանոցում… Մեռնողի անկողնու մոտ ծնկած: Գտիր այդ լույսը:

Չկա այս կյանքում մեկ այլ իմաստ: Չկա մեկ այլ ճանապարհ, որ կտանի դեպի երկնային Երուսաղեմ: Հիշի՛ր, որ դու չես մահանալու: Պարզապես մեկ օր իջնելու ես մի նավից, որը տիեզերքում Երկիր են կոչում…

Սերգեյ Միրնիյ