Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի ավետարանական առաջնորդների հետ

Սաուդյան Արաբիան ծայրահեղ պահպանողական մահմեդական երկիր է, որում քրիստոնեությունը օրենքից դուրս է համարվում, իսկ Աստվածաշունչը՝ արգելված գիրք: Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը պատմական հանդիպում է ունեցել ավետարանական առաջնորդների հետ, ովքեր ներկայացնում են միլիոնավոր քրիստոնյաների շահերը:

Պատվավոր հյուրերը Սաուդյան Արաբիա են մեկնել համաշխարհային քաղաքական այս լարված ժամանակներում, որը ահագնացել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի սպանությունից հետո: Սակայն թագավորական ընտանիքից հրավերը եկել էր մի քանի ամիս առաջ՝ նախքան վերոնշյալ դեպքը: Պատվիրակության անդամները հասկանում էին, որ այս այցը շատերը վիճելի կհամարեն, բայց նրանք դրանում հնարավորություն էին տեսնում՝ օգնելու քրիստոնյաներին, ինչը նրանց համար ավելի կարևոր էր. տեղեկացնում է «Համաշխարհային քրիստոնեական նորությունները»:

«Շատերը կասեն, որ սա լավագույն ժամանակը չէր Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ հանդիպման համար: Ես հասկանում եմ մարդկանց, ովքեր քննադատում են նման որոշումը, բայց համաձայն չեմ նրանց հետ: Հաշվի առնելով այն, որ մենք սրտացավ ենք Սաուդյան Արաբիայի բնակիչների նկատմամբ, հատկապես՝ քրիստոնյաների, ցանկանում ենք, որ նրանք ավելի շատ ազատություն ունենան՝ իրենց հավատքը դավանելու, և որ նրանց թույլ տան քրիստոնեական եկեղեցիներ կառուցել»,- ասում է ավետարանական ամերիկյան պատվիրակության ղեկավար Ջոել Ռոզենբերգը:

Սաուդյան Արաբիա այցից հետո ամերիկյան պատվիրակությունը հանդիպել է Միացյալ Արաբական Էմիրությունների գահաժառանգ արքայազնի հետ: Նրա հետ ավետարանականների զրույցը տևել է երկու ժամ: Ավետարանական առաջնորդները հույս ունեն, որ այս այցերը կօգնեն հաստատել երկարատև փոխհարաբերություններ Մերձավոր Արևելքի սունիական երկրների հետ:

CBN News-ի մերձարևելյան բյուրոյի թղթակցի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ ավետարանական առաջնորդների հանդիպումը պայմանավորված է երկու գործոնով. նախ այդ պատվիրակության մեջ ներկա են նախագահ Թրամփի խորհրդականները՝ կրոնի հարցերով, մյուսը՝ դա միջոցներից մեկն է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու:

Այժմ Սաուդյան Արաբիայում քրիստոնյաների վիճակը ծանր է, քանի որ չկա եկեղեցի, և քրիստոնյաների մեծ մասը գաղթականներ են: Մինչդեռ Էմիրություններում նրանք ազատ են երկրպագելու Աստծուն և ունեն տասնյակ եկեղեցիներ: