«Ոսկյանք». 1-ին դարի հայ քրիստոնյաներ. պատմական ակնարկ

Ըստ ավանդության՝ Հռոմի կայսրը հինգ հռոմեացի պատգամավոր է ուղարկում Հայոց Սանատրուկ թագավորի մոտ: Նրանց գլխավորի անունը Խրուսի էր, որը թարգմանաբար նշանակում է «ոսկի»: Այդ պատճառով էլ խումբը կոչվում է «Ոսկյանք»:

Ոսկյանք Հայաստանում հանդիպում են Տիրոջ առաքյալ Թադեոսին, լսում նրա քարոզը և մկրտվում Թադեոսի ձեռքով: Իսկ Թադեոսը ձեռնադրում է նրանց գլխավորին: Ոսկյանք վաճառում են իրենց ձիերը, զենքը, իսկ մնացած ունեցվածքը տալիս աղքատներին ու հետևում առաքյալին:

Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք հեռանում են Ծաղկավետ կամ Ծաղկյաց կոչված լեռներ՝ Եփրատ գետի մեծ վտակ Արածանու ակունքների մոտ:

40 տարի հետո Աստծո մղումով նրանք լեռներից իջնում են հայոց արքունիք, որպեսզի քարոզեն Քրիստոսի Ավետարանը հայոց Արտաշես (նույնն է՝ Տրդատ 1-ին) թագավորին, Սաթենիկ թագուհուն և ողջ պալատին: Նրանք թագավորին ասում են Քրիստոսի աստվածության մասին, սակայն թագավորն այդ ժամանակ զբաղված է լինում պատերազմով: Նա, գնալով Արևելք, Ոսկյանց ասում է, որ վերադառնալուց հետո կլսի իրենց:

Կարճ ժամանակ անց Ոսկյանք դարձի են բերում Սաթենիկ թագուհուն և նրա հետ միասին Ալանքի աշխարհից (ալանները Մեծ Հայքի արևելքում բնակվող կովկասյան ազգ էին, որոնք հաճախակի էին արշավում Հայաստան) եկած պալատականներին: Թագուհու պալատականները քրիստոնյա են դառնում: Նրանք կոչվում են «Սուքիասյանք»:

Շատ չանցած Սուքիասյանք հետևում են Ոսկյաններին, որոնք ինչպես իրենք էին հաստատուն, այդպես էլ քաջալերում ու հորդորում են Սուքիասյաններին հաստատուն մնալ Քրիստոսի հավատի մեջ:

Վերջիններս, հետևելով Ոսկյաններին, իրենք էլ թողնում են իրենց պալատական կյանքը, ինչը դուր չի գալիս արքայորդիներին ու մյուս պալատականներին: Քանի որ Սուքիայանք իրենց ազգականներն էին, չեն համարձակվում ձեռք տալ նրանց, և իրենց զայրույթը թափում են Ոսկյանների վրա, որոնց սրախողխող անելով սպանում են:

Նրանց բոլորին սրի են քաշում միևնույն վայրում: Այսպիսով Ոսկյանք նահատակվում են մոտավորապես 1-ին դարի վերջերին: Կենդանի են մնում միայն երկու մանուկ, միայն նրանց է հաջողվում փախչել կոտորածից: