Մի թաքնվեք բարի գործերի հետևում. Ֆրենսիս Չան

Ֆրենսիս Չանը կոչ է անում քրիստոնյաներին իրենց կյանքը նվիրել Հիսուսին և փոխզիջումների չգնալ Ավետարանի քարոզչության հարցում՝ թաքնվելով բարի գործերի հետևում:

«Պատրաստ եղեք ձեր կյանքը տալու հանուն Քրիստոսի և եղեք խիզախ:

«Որովհետև ի՞նչ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհս ստանա՝ և իր անձը կորցնի» (Մարկոս 8.36):

Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք փորձեք փրկել ձեր կյանքը, կկորցնեք այն:

Մենք ապրում ենք ժամանակներում, երբ քրիստոնյաները սկսում են փոխել իրենց աստվածաբանության էությունը՝ ամաչելով Հիսուս Քրիստոսի Խոսքից, որովհետև այն ժողովրդականություն չի վայելում:

Մենք կարող ենք անել բարի գործեր մեր կյանքում, բայց դրանք իրենց էությամբ մեր կյանքի գլխավոր բաղկացուցիչները չեն:

Շատ քրիստոնյաներ պատրաստ են հոգ տանել աղքատների մասին, պայքարել մարդկանց վաճառքի դեմ և նպաստել ռասայական հաշտեցմանը: Դրանք բոլորը լավ, կարևոր և աստվածաշնչյան սկզբունքներ են:

Բայց ես նկատում եմ, որ շատ քիչ են այն մարդիկ, ովքեր տարածում են Ավետարանը: Եվ կարծում եմ՝ գիտեմ, թե ինչու:

Ինձ երբեք չեն հետապնդել այն բանի համար, որ ես կերակրել եմ աղքատներին: Ոչ ոք ինձ չի հետապնդել այն գործողությունների համար, որոնք ես ձեռնարկել եմ, որպեսզի պայքարեմ մարդկանց վաճառքի դեմ: Ոչ ոք չի բարկանում ինձ վրա այն բանի համար, որ ես ցանկանում եմ միաբանություն եկեղեցում, ռասայական հաշտեցում կամ հաշտեցում հարանվանությունների միջև:

Հալածանքը գալիս է, երբ քրիստոնյան սկսում է կիսվել Ավետարանի հիմնական ճշմարտություններով, որոնք քաղաքականապես կոռեկտ չեն:

Երբ ասում եմ մարդկանց, որ նրանք պետք է կանգնեն սուրբ Աստծո առջև, և որ չկա երկնքի տակ մեկ ուրիշ անուն, որով նրանք կարող են փրկվել, բացի Հիսուս Քրիստոսի անունից, երբ ասում եմ նրանց, որ ամեն մեկն է մեղավոր, ահա այդ ժամանակ ինձ հալածում են:

Եվ լինում են ժամանակներ, երբ ես ամաչում եմ Ավետարանի մասին խոսել, զսպում եմ ինձ ու չեմ ասում այն, ինչ Աստված ինչ կոչ է անում ասել:

Բարի գործերը բարեպաշտության և ազնվության արտահայտություն են, բայց հեշտ է դրանց հետևում թաքնվելն ու խուսափելն Ավետարանի քարոզչությունից:

Ես կկորցնեմ իմ կյանքը, ես կկորցնեմ իմ հեղինակությունը, բայց ես չեմ ուզում ամաչել:

Ես չեմ ցանկանում ամաչել Հիսուսից և Նրա Խոսքից, որովհետև չեմ ցանկանում, որ Նա ամաչի ինձ համար, երբ վերադառնա:

Աղաչում եմ ձեզ, հանձնեք ամեն բան Հիսուսի ձեռքերի մեջ:

Ես կոչ եմ անում ձեզ կարդալ Աստվածաշունչն ինքներդ ձեր համար:

Ընկերնե՛ր, ժամանակն է կրկին անհանգստանալ, սրտացավություն դրսևորել, ինչպես խոսում էր Պողոս առաքյալն իր «տրտմության» մասին նրանց հանդեպ, ովքեր չէին ճանաչում Հիսուսին:

Ես գիտեմ, որ սա այնքան էլ ուրախ բան չէ, բայց եթե մենք կորցնենք մեր կյանքը Հիսուսի համար, Աստվածաշունչն ասում է, որ այն կգտնենք: