Հոր թողած ժառանգությունը

Հոր թողած ժառանգությունըԼ. Ն. Տոլստոյը մի պատմվածք ունի, որտեղ ներկայացվում է երկու եղբայրների պատմություն:

Մի վաճառական երկու որդի ուներ: Ավագը հոր սիրելին էր, և հայրն իր ժառանգությունը որոշում է հենց ավագ որդուն կտակել: Մայրը խղճում է կրտսեր որդուն և խնդրում է հորը մի որոշ ժամանակ չհայտարարել այդ մասին որդիներին:

Իսկ ներքուստ նա ցանկանում է ժամանակ շահել ու հոր աչքերում բարձրացնել նաև կրտսեր որդուն՝ հավասարեցնելով նրանց հեղինակությունը: Վաճառականն էլ լսում է կնոջն ու չի պատմում որդիներին իր որոշման մասին:

Մեկ օր մայրը նստած պատուհանի մոտ լաց է լինում: Մոտենում է մի օտարական ու հարցնում, թե ինչու է լացում: Նա պատասխանում է. «Ինչպե՞ս չլացեմ, երբ երկու որդիներս էլ հավասարապես թանկ են ինձ համար, բայց ամուսինս միայն մեկին է ուզում ժառանգություն թողնել: Չգիտեմ, թե ինչ անեմ»:

Օտարականն ասում է. «Քո վշտին օգնելը հեշտ է. գնա ու ասա որդիներիդ, որ ավագին ողջ հարստությունը կհասնի, իսկ կրտսերին ոչինչ: Նրանցից ոչինչ մի թաքցրու և կտեսնես, որ նրանք երկուսն էլ հարուստ կլինեն»:

Կրտսեր որդին, երբ իմանում է, որ իրեն հոր ունեցվածքից ոչինչ չի հասնելու, մեկնում է այլ երկիր ու սովորում տարբեր գիտություններ, իսկ ավագն ապրում է հոր հետ ու ոչինչ չի սովորում, որովհետև ամենը ուներ, ինչ իրեն պետք էր ու ավելին՝ գիտեր, որ շուտով կժառանգի ամենն, ինչ հայրն ունի:

Եվ հոր մահից հետո ավագ որդին, ոչ մի արվեստի ու աշխատանքի սովոր չլինելով, շուտով վատնում է հոր ողջ ունեցվածքը ու աղքատանում, իսկ կրտսեր որդին, արդեն իսկ մեծ փորձ, գիտություն և իմաստություն կուտակած լինելով, սկսում է ջանք թափել, աշխատել ու, վերջիվերջո, հարուստ մարդ է դառնում:

Երանելի է այն մարդը, ով գիտի իր իրական դիրքն ու տեղը, որովհետև այն ժամանակ նա կկարողանա ելք գտնել անգամ անելանելի վիճակից: Սակայն ոչ երանի մեկին, ով տգետ է ու ծույլ, նա դժբախտության մեջ կհայտնվի:

«Իմաստություն ստացիր, հանճար ստացիր. մի մոռանա և մի խոտորիր իմ բերանի խոսքերից: Մի թողնիր նրան, և նա քեզ կպահի. նրան սիրիր, և նա քեզ կպաշտպանի» (Առակաց 4.5-6):

Իրական իմաստությունը Աստծուց է, Նա է, որ տալիս է մարդուն «իմաստուն սիրտ՝ բարին ու չարը զանազանելու համար» (Գ Թագավորաց 3.9): Իմաստությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը մարմնի համար:

Պ. Կ. Շատրով