Առաջինը, ինչի վրա հարձակվում է սատանան քո կյանքում, ֆինանսն է. Հոբի պատմությունը

Շատերի համար Հոբի կյանքի պատմությունը ասոցացվում է հիվանդություն, դավաճանություն և տառապանք բառերի հետ: Բայց այսօր ես ցանկանում եմ, որ մենք նորովի նայենք Հոբի կյանքին և ուշադրություն դարձնենք մի քանի հետաքրքիր մտքերի վրա նրա պատմությունից:

Այսպիսով՝ առաջինը. Հոբի կյանքն ու ունեցվածքը պաշտպանված էին Աստծո օրհնության ցանկապատով. «Չէ՞ որ դու նրան, նրա տունը և նրա բոլոր ստացվածքը ցանկով շրջապատել ես, նրա ձեռքի գործը օրհնել ես, և նրա հոտերը տարածվել են երկրի վրա» (Հոբ 1.10):

Գրված է, որ Աստված ցանկապատ էր դրել Հոբի կյանքի շուրջը: Եթե դու հավատում ես Աստծուն, քո կյանքը օրհնված ու պաշտպանված կլինի: Նույնիսկ սատանան դա գիտի: Ի դեպ՝ նա նույնիսկ գանգատվում էր դրանից… Այդ ցանկապատի շնորհիվ սատանան ոչ մի վատ բան չէր կարողանում անել Հոբին: Այլ խոսքերով՝ հավատացյալ լինելը եզակի առավելություն է:

Երկրորդ. սատանան ասաց. «Հեշտ է փառավորել Աստծուն, երբ ամեն բան լավ է, բայց հեռացրու նրանից պաշտպանությունը ու նայիր՝ ինչպես նա կպահի իրեն»: Ինչպե՞ս ենք մենք վարվում, երբ դժվարություններն են գալիս մեր կյանք: Ինչպե՞ս ենք մենք վարվում, երբ երեկվա ընկերները գալիս են այդ դժվարին օրերին ու ասում. «Մենք գիտենք՝ ինչի համար քեզ հետ սա պատահեց…»:

Երրորդը. մենք միշտ գիտենք միայն մի մասը այն ամենի, ինչ կատարվում է:

«Եվ ասաց. մերկ դուրս եկա իմ մոր արգանդիցը, և մերկ պիտի դառնամ այնտեղ: Տերը տվեց և Տերն առավ. Տիրոջ անունը օրհնյալ լինի» (Հոբ 1.21):

Հոբը ճիշտ էր միայն կիսով չափ, այսինքն՝ առաջին մասով: Այն, որ Աստված է տալիս բոլոր օրհնությունները, դա այդպես է: Բայց այն, որ Աստված վերցրեց, ապա այս առումով ինձ մոտ հարց է ծագում: Նայելով իրադարձությունների կուլիսներ՝ կարելի է տեսնել, թե ով էր կանգնած Հոբից ամեն բան խլելու հետևում: Բայց Հոբը չէ՞ որ չէր տեսնում դա: Հաճախ մենք չենք տեսնում մեզ վրա հարձակումների հեղինակին: Հաճախ մենք չենք հասկանում կատարվելիքի պատճառը… Բայց դժվար պահերին միշտ գտնվում են մարդիկ, ովքեր դատում են, հանդիմանում, նույնիսկ մատնանշում պատճառները, թե ինչու դա կատարվեց մեզ հետ: Հենց այսպես էլ վարվեցին Հոբի ընկերները:

Չորրորդը. առաջինը, ինչի վրա հարձակվեց սատանան Հոբի կյանքում, ֆինանսն էր:

«Եվ մեկ պատգամաբեր եկավ Հոբի մոտ և ասաց. եզները հերկելիս և մատակ էշերը նրանց կշտին արածելիս՝ սաբայեցիք հարձակվեցին և նրանց առան» (Հոբ 1.14-15):

Այսօր շատերն են ֆինանսական հարձակման ենթարկվել. պարտքեր, աշխատանքի բացակայություն, տան կորուստ, կամ էլ ուղղակի պակասություն: Ֆինանսական հարձակումները ամենահաճախն ու ամենատարածվածն են այսօր: Ցանկացած եկեղեցում եթե դուք խնդրեք, որ ձեռքերը բարձրացնեն նրանք, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ, ապա 90 տոկոսը ներկաների ոչ միայն ձեռքը կբարձրացնի, այլև ոտքի կկանգնի:

Եթե դու այսօր նման հարձակում ես վերապրում, մի հանձնվիր: Շարունակիր փառաբանել Աստծուն:

Հինգերորդը. նրանից հետո, երբ Հոբը հավատարիմ մնաց Աստծուն ծանր ժամանակներում, Աստված օրհնեց նրա կյանքը ավելի, քան նախկինում էր:

«Եվ Եհովան հետ դարձրեց Հոբի գերությունը, երբ որ նա իր ընկերների համար աղոթեց: Նաև Եհովան կրկնապատիկ ավելացրեց Հոբի բոլոր ստացվածքը: Եհովան օրհնեց Հոբի վերջը սկզբիցն ավելի» (Հոբ 42.10-12):

Ինչն է հետաքրքիր. Հոբը ստացավ կրկնապատիկ օրհնություն միայն այն բանից հետո, երբ աղոթեց իր «ընկերների» համար: Ընկերներ, որոնք մեղադրում էին նրան, որոնք նախատում էին նրան և որոնք դժվար պահին ոչ թե օգնություն, այլ դատող էին դարձել նրա համար:

Հոբի պատմությունից մենք տեսնում ենք, որ Աստված ցանկանում է տալ մեզ առողջություն, ֆինանսական օրհնություն ու լավ ընտանիք: Եթե նույնիսկ տվյալ պահին դու վերապրում ես դժվարություն ու փորձություն, շարունակիր հավատալ Աստծուն, որովհետև դու չգիտես, թե իրականում ինչ է կատարվում կուլիսներում: Այսօր Աստված ինչ-որ մեկին ասում է. «Մի հանձնվիր, քո պատասխանը ճանապարհին է»:

Ռոման Սավոչկա