Տնօրինի՛ր քո իսկական հարստությունը
Մի երիտասարդ անդադար դժգոհում է իր կյանքից.
-Ինչո՞ւ եմ ես այսքան ձախողակ: Մյուսները մեքենաներ ունեն, բնակարաններ, լավ կրթություն, իսկ ես… Կյանքս կողքովս անցնում է ակնթարթի նման. չէ՞ որ դեռ այսքան երիտասարդ եմ և ուժով լի…
Մի անգամ էլ նրա կողքով մի ծերունի է անցնում, լսում է երիտասարդի անդադրում «բարբաջանքները» և դիմում նրան.
-Որդի՛ս, իսկ կցանկանա՞ս, որ մի քանի միլիոնի դիմաց ոտքդ կտրեն, կամ էլ, ասենք, ձեռքդ…
-Ո՛չ, իհարկե, – զարմացած պատասխանում է երիտասարդը:
-Իսկ ի՞նչ կասես աչքիդ մասին… – շարունակում է ծերունին:
-Նույնիսկ 10 միլիոն էլ տան, ոչ մի դեպքում չեմ համաձայնի, – զայրանում է երիտասարդը:
Ծերունին ժպտում է.
-Տեսնո՞ւմ ես, դու ունես այն, ինչ չես գնի նույնիսկ 10 միլիոնով, իսկ դու շարունակ հառաչում ես ու բողոքում, թե դժբախտ ես ու ձախողակ:
Ուրեմն սովորի՛ր պատշաճ կերպով տնօրինել այն հարստությունը, որ քեզ շնորհված է: