Ինչու մենք չենք տեսնի փառք՝ առանց մոխրի

Անցյալ շաբաթ ես աղոթում էի իմ ընկերուհու համար և սկսեցի հռչակել այսպիսի խոսքեր. «Հա՛յր, տուր նրան փառք մոխրի տեղ, ինչպես խոստանում է քո Խոսքը»:

Հանկարծ Աստված խոսեց ինձ հետ ու ասաց. «Դու չես կարող ունենալ փառք՝ առանց մոխրի, և դու չես կարող ունենալ մոխիր՝ առանց կրակի»:

Ես հասկացա, թե ինչ էր Աստված ցույց տալիս ինձ. մենք հաճախ ցանկանում ենք փառք՝ առանց մոխրի: Բայց դա հնարավոր չէ:

Եսային ասում է.

«Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ՝ սուգի տեղ, գովության պատմուճան՝ հանգած սրտի տեղ. և նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար» (Եսայի 61.3):

«Փառք» բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է շքեղություն, սքանչելիք: Նա կզարդարի մեզ Իր փառքով: Նա կտա մեզ Իր փառքը: Բայց այդ ամենը կկատարվի միայն մոխրից հետո, ոչ թե առաջ:

Ա Հովհաննես 1.8-9-ում ասվում է.

«Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք, և ճշմարտությունը չկա մեզանում։ Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից»:

Մենք բոլորս ունենք բաներ, որոնցից անհրաժեշտ է մաքրվել: Կա միայն մեկ միջոց հեռացնելու դրանք մեր կյանքից. Աստված և Նրա կրակը:

Եբրայեցիս 12.29-ում հեղինակն ասում է, որ «մեր Աստված փչացնող կրակ է»: Միայն Նրա կրակը կարող է մաքրել մեզ մեր անարդարությունից:

Մաղաքիայի մարգարեությունում ասվում է.

«Եվ ո՞վ է նրա գալու օրը տանողը, և ո՞վ է նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև նա հալեցնողի կրակի պես է, և թափիչների օճառի պես։ Եվ նա նստելու է իբրև արծաթ հալեցնող և մաքրող» (Մաղաքիա 3.2-3):

Զաքարիան ասում է.

«Եվ պիտի լինի բոլոր երկրումը, ասում է Տերը, երկու մասը նրանում պիտի կտրվի մեռնի, իսկ երրորդը պիտի կենա նրանում։ Եվ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ, և նրանց պիտի զտեմ՝ ինչպես արծաթն են զտում» (Զաքարիա 13.8-9):

Սուրբ Գրքից տեսնում ենք, որ Աստված Մեկն է, Ով մաքրում է:

Արծաթը միայն մեկ ճանապարհով է մաքրվում՝ կրակով: Զտումը միայն մեկ ճանապարհով է կատարվում՝ այն ընկղմելով շիկացած կրակի մեջ: Եվ այնտեղ մնալով՝ մինչև լիակատար մաքրումը: Մինչև լիովին կորչի նմանությունը այն ամենի հետ, ինչ եղել է նախկինում: Ահա թե ինչ է կատարվում, երբ մենք մեր մեղքերը խոստովանում ենք Աստծո առջև. Նա հավատարիմ է և արդար, Նա ներում է մեզ, լվանում և մաքրում ամեն մեղքից:

Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել այն բանին, թե ինչ Աստվածաշունչը ՉԻ ասում. օրինակ չի ասում, որ Աստված գործում է՝ ինչպես հրդեհն անտառում: Այլ գրված է, որ Նա նման է փչացնող կրակի: Մեծ տարբերություն կա այս երկուսի միջև:

Հրդեհն անտառում իր ճանապարհին վերացնում է ամեն բան: Իսկ հալեցնող կրակը այդպես չի գործում:

Աստվածաշունչն ասում է Մաղաքիայի 3-րդ գլխում. «Ես՝ Տերս, չեմ փոփոխվի» (Մաղաքիա 3.6):

Մեր Աստված նման է մաշող հալեցնող կրակի: Նա մաքրում է մեզ Իր կրակով՝ այդպիսով հեռացնելով ամեն տեսակ անմաքրություն: Նա այրում է այն և թողնում անվնաս ոսկին ու արծաթը:

Դա հիշեցնում է ինձ, թե ինչպես եմ ես այրում թփերը տան ներսի բակում: Սովորաբար կրակը ժամեր շարունակ կամ ողջ գիշեր այրվում է: Եթե ես այն մարեմ ժամանակից շուտ, աղբը կմնա: Բայց շատ դեպքերում ես թույլ եմ տալիս, որ կրակը այրի մինչ այն պահը, երբ չի մնա ոչինչ՝ մոխրից բացի: Սա ժամանակ է պահանջում: Եվ սա հենց այն է, ինչ անում է Աստված: Նա ցանկանում է, որ մենք թույլ տանք Նրա կրակին՝ վառվելու մեր մեջ այնքան, մինչև այն այրի ամեն բան, ինչ Իրենից չէ: Մինչև մնա միմիայն մոխիր: Միայն ու միայն այդ ժամանակ Նա մոխիրը կվերածի փառքի: Եվ հետո մենք կքայլենք Նրա փառքի մեջ:

Աստված տալիս է մեզ փառք՝ մոխրի տեղ… բայց այդ փառքը՝ Նրա ներկայության փառավոր պսակը, գալիս է միայն մոխրից հետո: Մոխիրը հայտնվում է միայն կրակից հետո՝ Աստծո փչացնող կրակից: Անձամբ ես ցանկանում եմ լինել այն մնացորդի բաժինը, որի մասին Աստված ասում է Զաքարիայի գրքում. «Եվ նրանց պիտի փորձեմ՝ ինչպես փորձում են ոսկին, նա կկանչի իմ անունը, և ես կպատասխանեմ նրան. ես կասեմ. Նա իմ ժողովուրդն է. և նա կասի. Տերը իմ Աստվածն է» (Զաքարիա 13.9):

Այսօր ես ասում եմ. Տե՛ր, թող քո մաշող կրակը այրի իմ մեջ ամեն բան, որ պետք է հեռացված լինի: Թող ես արթնանամ Քո նմանությամբ, որովհետև Դու Իմ Աստվածն ես, և ես Քո ժողովուրդն եմ:

Քիմ Փոթթեր