Աստծուց ուղարկված

Հավիտենական Աստծո Որդու զարմանահրաշ ու հիասքանչ նկարագրության ընթացքում Հովհաննես առաքյալը հանկարծ ընդհատում է խոսքն ու գրում հետևյալը.

«Մի մարդ եղավ Աստվածանից ուղարկված, անունը Հովհաննես» (Հովհաննես 1.6):

Սա նման է որոշակի դադարի, թեմայից շեղման:

Մի՞թե առաքյալը մեր հայացքը հեռացնում է Աստծո Որդուց, Խոսքից, Կյանքից, Լույսից, որպեսզի մեր ուշադրությունը հրավիրի մարդու վրա: Ո՛չ: Առաքյալը փորձում է ուղղել մեր հայացքը՝ տեսնելու Որդուն մարդու միջոցով: Այս՝ առաջին հայացքից տարօրինակ հիշատակումը Հովհաննես Մկրտչի մասին, բացում է մի ավելի խորը և գաղտնի բան. Աստված ընտրում է իր վկաներին՝ դառնալու «պատուհաններ», որոնց միջոցով մարդիկ կտեսնեն Հիսուսին:

Մեղքի պատճառով ընկած մարդկության համար վկաները ճշմարտությանը տանող «պատուհաններ են»: Ահա ինչու՝ երբ մեզ անհրաժեշտ է գնահատել` այն, ինչ ասում են մեզ՝ ճշմարտությո՞ւն է, թե՞ ոչ, մենք գրեթե միշտ վկաներ ենք փնտրում: Մեզ համար կա յուրահատուկ մի զորություն օբյեկտիվ մարդու մեջ, մեկի, ով հաստատում է կատարվածի ճշմարտացիությունը՝ իմանալով հանդերձ, որ ոչ մի շահ չունի դրանից: Իսկ եթե այդ վկան պատրաստ է իր վկայության պատճառով զրկվել ինչ-որ բանից, ապա դա ավելի զորավոր է: Եվ եթե բազում վկաներ պատրաստ են զրկվել ինչ-որ բանից, անգամ սեփական կյանքից, որպեսզի հաստատեն ինչ-որ մեկի վկայության ճշմարտացիությունը, ապա դա էլ ավելի զորավոր է:

Հովհաննես Մկրտիչը «վկայության համար եկավ… որ ամենը նրանով հավատան» (Հովհաննես 1.7): Նա առաջինն էր նրանցից, ովքեր կազմեցին Հիսուսի վկայության ճշմարտացիության «վկաների բազմությունը» (Եբրայեցիս 12.1): Այս բազմությունը հասել է միլիոնների, և այդ վկաներից ամեն մեկը տեսնում է Հիսուսին ուրիշի վկայության միջոցով: Ամեն օր նորանոր հազարավորներ են միանում այդ բազմությանը: Եվ այդ բազմությունից շատերն արդեն զրկվել են կամ կզրկվեն իրենց կյանքից այսօր՝ իրենց վկայության պատճառով: Եվ այդ զրկանքների պատճառով ավելի շատ մարդիկ կտեսնեն Հիսուսին՝ նրանց վկայության ու հավատքի «պատուհանով»:

Երբ լսում ենք Հիսուսի կանչը և հետևում Նրան, Նա ասում է մեզ. «Իմ վկաները կլինեք» (Գործք Առաքելոց 1.8): Մեր հավատքն անձնական գործ չէ: Այն բոլորին հասանելի «պատուհան» է, որի միջոցով Աստված ցանկանում է ցույց տալ ու բացահայտել Հիսուսին ուրիշ մարդկանց համար: Դա երկրի վրա մեր գլխավոր կոչումն է՝ անկախ նրանից, թե այլ ինչ հանձնարարություններ է Աստված վստահել մեզ: Մենք մեզ չենք պատկանում (Ա Կորնթացիս 6.19): Մենք մարդիկ ենք, ովքեր ուղարկված են Աստծուց:

Ջոն Բլում