Ժամանակից կարևոր

«Ամեն բան իր ժամանակին»,- ասում է իմաստուն քարոզիչը (Ժողովող 3.1-8):

Ծնվելու ժամանակ կա… սիրելու ժամանակ… հավաքելու… մահանալու…

Մի խոսքով՝ կյանքի ժամանակը…

Ժամանակն ունի իր արժեքը: Կյանքի արժեքը, սակայն, ժամանակից դուրս է:

Մենք որոշում ենք, գնահատում ժամանակը՝ ինչ-որ բանի հետ համեմատելով:

Ժամանակը հավասարեցնում ենք փողի հետ, բայց հասկանում, որ այն՝ ժամանակը, թանկ է փողից: Առավել թանկ գնահատում ենք բաց թողնված ժամանակը, բայց անմտորեն ենք վերաբերվում ապագային: Ներկան չենք գնահատում, չենք նկատում սկզբունքորեն: Բաց թողնված ժամանակի արժեքը որոշում ենք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի կորստով կամ էլ չօգտագործված հնարավորություններով:

Ժամանակը որոշվում է կյանքով, և ինքը՝ կյանքը, կյանքի որակն է որոշում, թե ինչպիսին էր տվյալ ժամանակը: Այդ երկուսը՝ կյանքն ու ժամանակը, մեր հասկացողությամբ՝ փոխադարձ կախված են միմյանցից: Բայց կյանքն ավելի կարևոր է:

Ասելով. «Դա շատ ծանր ժամանակ էր»՝ մենք նկատի ունենք. «Այդ ժամանակ կյանքը ծանր էր»:

Ժամանակը չի աշխատում մեր կողմից և չի աշխատում մեր դեմ: Ժամանակը ոչ ընկեր է, ոչ էլ թշնամի: Այն չեզոք է, ինքն իրենով: Մեկին ժամանակը բուժում է, մեկին էլ սպանում…

Մենք չափում ենք ժամանակը ժամերով, րոպեներով, տարիներով, եղանակով… Բայց մտածում եմ՝ ժամանակը չափել հնարավոր չէ: Չափելով ժամանակը՝ իրականում մենք չափում ենք մեր կյանքը՝ ժամանակի հարաբերակցությամբ:

Պահպանել ժամանակը հնարավոր չէ:

Հնարավոր չէ կուտակել բավականին ժամանակ, որպեսզի… Հնարավոր չէ ժամանակ հավաքել, փոխանակել, վաստակել, գնել, վաճառել… Ժամանակը բարձր է այդ ամենից:

Մենք ասում ենք. «Ժամանակը գնում է, ժամանակը թռչում է»: Ո՛չ, ժամանակը մնում է, այդ մենք ենք գնում, թռչում…

Մեզ մանկուց սովորեցնում են. «Պահպանեք ժամանակը, փայփայեք ժամանակը, օգտագործեք ժամանակը»: Այս ծանոթ արտահայտությունները կասեմ այլ կերպ՝ բացելով դրանց իրական իմաստը. պահպանեք կյանքը, փայփայեք կյանքը, օգտագործեք կյանքը: Ժամանակը փայփայել՝ նշանակում է իմաստուն, որակյալ կերպով և բավականությամբ ապրել կյանքդ երկրի վրա…

Իրականում թանկ ու արժեքավոր է կյանքը, ոչ թե ժամանակը: Ժամանակը ոչինչ չարժե, եթե չկա կյանք…

Ի վերջո՝ ասելով «Ավարտվեց նրա ժամանակը»՝ մենք հստակ հասկանում ենք, որ այդ մարդու կյանքն ավարտվեց: Իսկ ժամանա՞կը. ժամանակը մնաց…

Ժամանակը լիքն է, կյանքը չի հերիքում…

Վասիլի Գրեյներովիչ